30 11 2022

Փաշինյանն ուզում է ջնջել ԱԱԾ արխիվներում իր և յուրայինների թողած հետքերը

Փաշինյանն ուզում է ջնջել ԱԱԾ արխիվներում իր և յուրայինների թողած հետքերը

Հանրահայտ է, որ արդարադատությունից խուսափելու նպատակով, ցանկացած հանցագործ ձգտում է հնարավորինս ջնջել իր թողած հետքերը: Եթե դրանք սպանության արյունոտ հետքեր են, ապա՝ առավե՛լ ևս: Ուստի միանգամայն օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը մշակել, իսկ նրանց քպ երեսփոխանները հավանության են արժանացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է ԱԱԾ արխիվների ոչնչացում՝ ըստ այս կամ այն բարձրաստիճանի քմահաճույքից բխեցված որոշման:

Մինչև հիմա, գոնե հրապարակավ ծավալված քննարկումներից, հայտնի էր թուրքական իշխանությունների կողմից Օսմանյան կայսրության արխիվային փաստաթղթերի ոչնչացման, նաև՝ «խմբագրման» մասին, հատկապես՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող տվյալների, փաստաթղթերի մասով: Այնպես որ, անգամ այս հարցում բավականին ընդհանրություններ ու զուգահեռներ կարելի է նկատել էրդողանյան Թուրքիայի և նիկոլական ՀՀ իշխանությունների միջև:

Նախկինում, ի դեպ, ԱԱԾ արխիվների հետ կապված նշումն այն էր, որ դրանք կարող են գաղտնազերծվել օրենքով սահմանված կարգով: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ոները ասում են՝ չէ՛, կարելի է առանց գաղտնազերծման, միանգամից ոչնչացնել ԱԱԾ արխիվային այս կամ այն փաստաթուղթը:

Իրավիճակն այնպիսին է, որ «ինչո՞ւ» հարցը միանգամայն հռետորական բնույթ է ստանում: Ի՞նչ է նշանակում՝ «ինչո՞ւ»: Միակ հնարավոր ենթադրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ջնջել իր և յուրայինների թողած հետքերը, որոնք կարող են արտացոլված լինել ԱԱԾ արխիվներում: Դե ի՞նչ իմանաս, թե դրանցից որ մեկն է կրկնակի գործակալ կամ հավաքագրված լրատու եղել, երբ «արմատական ընդդիմություն» էին աշխատում: Էլ չենք խոսում արդեն 2018-ին իշխանությունը փողոցով զավթելուց հետո ծավալած բուռն գործունեությամբ թողած արյունոտ հետքերի, իսկ որ ավելի դիպուկ բնորոշում է՝ արնածոր հետագծի մասին: Իսկ հետագիծը իսկապես էլ արնաթաթախ է. լինեն դրանք պաշտոնապես «ինքնասպանություն» հայտարարված աղմկահարույց դեպքերը, թե հազարավոր զինվորների ու սպաների կոտորածի մատնելու, հայկական պետությունները պարտության տանելու աղետները:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ արխիվներից ջնջելու ոչ միայն շատ բան կունենա, այլև՝ կենսական անհրաժեշտություն կարող է դա համարել:

Մյուս կողմից, ԱԱԾ արխիվները ոչնչացնելու օրինական հիմքեր ձևավորելու Նիկոլ Փաշինյանի ու քպ-ոների այդ ձգտումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենաիսկական լյուստրացիոն ինքնախոստովանություն: Այսինքն, նրանք այդ արխիվներում իրենց հոգեկան մոլոքորի ենթարկող տվյալներ ունեն, եթե այդքան ձգտում են դրանք ոչնչացնելու հնարավորություն ստանալ: Կարելի է նաև ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ տնօրենի պաշտոնում նրա նշանակյալները արդե՛ն իսկ ոչնչացրել են այն փաստաթղթերը, որոնք, նրանց կարծիքով, ինչ-ինչ վտանգավոր տվյալներ էին պարունակում իրենց պետականակործան գործունեության վերաբերյալ: Այսինքն՝ ինչ որ իրենց պետք էր ոչնչացնել, արդեն ոչնչացրել են, երևի, պարզապես հիմա հետին թվով փորձում են դրան օրինական տեսք հաղորդել, իբր, տեսեք՝ ամեն ինչ օրենքով է արվել:

Թեպետ, մյուս կողմից, դա անիմաստ զբաղմունք է: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանախմբի գործած մեղքերն ու ավերներն այնպիսին են, որ օրինակ, տողերիս հեղինակին ԱԱԾ ոչ մի արխիվ էլ պետք չէ՝ մեղադրանք ներկայացնելու և նրանց, ամբողջ կազմով, դատապարտելու համար:

 Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ