29 12 2022

Սևանա լճի մակարդակը տարեցտարի իջնում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ

Սևանա լճի մակարդակը տարեցտարի իջնում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ

Արդեն 2 տարի շարունակ Սևանա լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

2021թ. լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել էր 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․28 մ, ինչը 15 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․43 մ-ից։  Ստացվում է, որ 2020թ-ի համեմատ երկու տարում լճի մակարդակն իջել է 24 սմ-ով:

Ուշագրավ է, որ 2021թ. լճի մակարդակի անկումն ի թիվս տարբեր գործոնների պայմանավորված էր նաև հավելյալ ջրառով. լճից իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Մինչդեռ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խմ ջրառ, ինչպես նաև տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր, սակայն լճի մակարդակը չի բարձրացել:

Լճի մակարդակի անկումն ուղեկցվում է լճի ջրի որակի վատթարացմամբ, որի ցուցանիշը լճի ծաղկումն է կապտականաչ ջրիմուռներով: Լճի մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ջրառով, այնպես էլ տեղումների բացակայությամբ, Սևանա լիճ թափվող գետերի սակավաջրությամբ:

Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով: 2030թ-ին լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը: Սակայն տարեցտարի լճի մակարդակն ավելի խոշոր բացասական հաշվեկշիռ է գրանցում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ