24 01 2023

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում նախարարություններում

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում նախարարություններում

Ընթացքի մեջ է մոտ 80  վերահսկողական գործընթաց։ Այս մասին հայտնում են  Պետական Վերահսկողական Ծառայությունից ու մանրամասնում, որ վերահսկողական գործողություններ են իրականացվում  Առողջապահության նախարարությունում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում,  Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, նաև հանդիպակաց ուսումնասիրություն է իրականացվում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմանններով բժշկական օգնություն և  սպասարկում  իրականացնող  մի շարք խոշորագույն բժշկական հաստատություններում («Նորք Մարաշ» ԲԿ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն), մարզպետարանններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, «Ջրառ»,  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»,  «Հայփոստ», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Ծառայությունը գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ուսումնասիրություններ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

Ըստ աղբյուրի,  քաղաքացիներից ստացվել է 407 դիմում։  Քաղաքացիների կողմից ստացված հանրագրերի հիման վրա Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում հայտնաբերված առերևույթ խախտումներին իրավական գնահատական և ընթացք տալու համար, ՀՀ Դատախազության ուղարկված նյութերի հիման վրա` 2022 թվականին նախաձեռնվել  է հինգ քրեական վարույթ։

2022 թվականին Պետական Վերահսկողական Ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ