28 02 2023

5 տարի ոչինչ չանելով՝ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի բնապահպանական ռիսկերի խնդիրը․ Թադևոս Ավետիսյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, այսօր, ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին․ ելույթի մանրամասները՝ ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր, ըստ որի՝ Ամուլսարի հանքը կշահագործվի:

Կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։ Կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր և կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Եվ ասում են, որ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից:

Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ 5 տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ կորցրել ենք պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և այլն։

Հաջորդը․ հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։

Անդադար խոստանում էիք, որ հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Եղավ զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։

Հիմա էլ առկա բնապահպանական խնդիրներին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները․ «թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։

Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը։

Մյուսը․ այո՛, անհրաժեշտ է հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։

Փաստորեն ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով` բացում եք հանքը, որ խուսափեք տարածաշրջանում ձեր մեղքով առաջացած անվտանգային նոր սպառնալիքների հետևանք հանդիսացողդ սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խորացող խնդիրներից և ստվերային գործարքով փայ մտնեք հանքը շահագործող ընկերությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ