02 03 2023

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադևոս Ավետիսյան

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադևոս Ավետիսյան

 «Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր. Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի  շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար»,-այս մասին իր հոդվածում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա նաեւ նշել է. «ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան շուրջ 40 միլիարդ դրամով։

Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր և այդպիսով նաև՝ կամրապնդվի տարածաշրջանի անվտանգությունը։

Բացի դա՝ ՀՀ կառավարությունը անվճար, այսինքն՝ «նվեր» է ստանալու ընկերության 12,5 % մասնաբաժինը:

Այսպիսով, օրվա իշխանությունն արդեն արձանագրում է․ իրավունք չունեն հրաժարվել նման հնարավորություններից:

Հիմա ներկայացնեմ առարկայական այն հարցերը, որոնց պատասխանները չկան, և որոնք առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեն Ամուլսարի հանքի շահագործման այս կասկածելի գործարքի առումով։

Հարց 1․ Եթե իրավունք չունեիք, ապա ինչու՞ եք շուրջ հինգ տարի հրաժարվել այդ հնարավորությունից, որի հետևանքով, փաստորեն, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պետական բյուջեի շուրջ 200 միլիարդ դրամի չափով եկամուտներ, ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոս աճի հնարավորություն, չեն բացվել հարյուրավոր աշխատատեղեր և սրանից բխող՝ չեն ստացվել նաև սոցիալ-տնտեսական լրացուցիչ այլ արդյունքներ։

Հարց 2․ Հինգ տարի իրականում ոչինչ չանելով՝ այդ ինչպե՞ս լուծեցիք Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական անկառավարելի ռիսկերի խնդիրը։

Ի դեպ, այս ողջ ընթացքում անդադար խոստանում էիք, որ Ամուլսարի հանքը կբացվի միայն բնապահպանական միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխանելու պարագայում։

Հարց 3․ 2019 թվականին պետական բյուջեից անիմաստ վճարեցիք 400 հազար ԱՄՆ դոլար՝ հանքի բնապահպանական միջազգային փորձաքննության համար։ Ի՞նչ եղավ։ Ստացվեց զրոյական արդյունք՝ առկա հարցերին չտրվեցին ակնկալվող պատասխաններ։ Ավելին՝ առաջացան նոր հարցեր։

Հարց 4․ Հիմա էլ Ամուլսարի հանքի շահագործմանը վերաբերող բնապահպանական խնդիրներին և անորոշություններին ավելացել են տարածաշրջանում ոչ պակաս կարևոր՝ անվտանգային խնդիրները․

«թուրքը Ջերմուկի սարերի վրա է և ամրանում է մեր երկրի ինքնիշխան տարածքում»։

Սրա հետևանքով՝ քանի՞ աշխատատեղեր են փակվել, որքա՞ն եկամուտներ է կորցրել պետական բյուջեն, որքա՞ն է նվազել տնտեսական ակտիվությունը տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։

Հարց 5․ Այո՛, անհրաժեշտ է ապահովել հանքարդյունաբերության ոլորտում պետության արդյունավետ մասնակցությունը, բայց ոչ երբեք ստվերային գործարքներով և բնապահպանական անթույլատրելի զիջումների հաշվին։

Իրականում ստացվում է․ բնապահպանական անկառավարելի ռիսկերն անտեսելով և անվտանգային նոր սպառնալիքներ ու  ռիսկեր առաջացնելով եք բացում Ամուլսարի հանքը, որ խուսափե՞ք ձեր ձեռամբ և առաջնորդությամբ՝ տարածաշրջանում ամեն օր խորացող սոցիալ-ժողովրդագրական և տնտեսական խնդիրներից, և ստվերային գործարքով փայ մտնե՞ք հանքը շահագործող ընկերությունում։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ