13 03 2023

122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար․ ՊԵԿ



ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսավարող սուբյեկտն, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային և վճարների վճարումից։ 

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ