03 05 2023

11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից  դասախոսներին  կաշառք տալու, ինչպես նաև՝  կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2 գործավարներին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդված 1-ին մասին), իսկ 9 ուսանողի և ծնողի՝  312-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ