Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը: Այս մասին հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Մինասյանը Facebook-ի իր էջում գրում է. «2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս Նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց Նախագահին՝ տալով իր համաձայնությունը:
Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ:
Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը:
Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը