28 09 2018

Ոսկե բանալիները հասան հասցեատերերին, ժանգոտ կողպեքները՝ ոչ

Ոսկե բանալիները հասան հասցեատերերին, ժանգոտ կողպեքները՝ ոչ

Այս տարի «Տեղեկատվության ազատություն» արդեն 17-րդ մրցանակաբաշխությանը ոսկե բանալի և ժանգոտ բանալի մրցանակներ չհանձնվեցին: «Այս տարի չուզեցինք շտապել և հիմնվել ընդամենը երեք- երեքուկես ամիսների կյանք ունեցող կառավարության արդյունքների վրա: Ամենաբաց կառույց՝ ոսկե բանալի ու ժանգոտ կողպեք մրցանակները որոշեցինք դնել դարակում և սպասել մեկ տարի»,- նշել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ոսկե բանալի» մրցանակի արժանացան ՀՀ արդարադատության նախարարությունը «E-request» հարցումների էլեկտրոնային գործիքի ներդրման համար, Բաց կառավարման գործընթացների համակարգող, կառավարության աշխատակազմից Լիլիա Աֆրիկյանը՝ կառավարություն-քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության ապահովման համար: «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ևս արժանացավ «Ոսկե բանալիի»: Տեղեկատվության ազատության ոլորտի խնդիրները հետևողականորեն լուսաբանած ԶԼՄ ճանաչվեց ampop.am-ը՝ արժանանալով «Ոսկե բանալիի»:

Արդարադատության նախարարի խոսքով՝ թեև առաջին անգամ է  նախարարի կարգավիճակում մասնակցում այս միջոցառմանը, այդուհանդերձ, տեղեկատվության ազատությունը և այդ իրավունքի պաշտպանությունն իր մասնագիտական գործունեության անբաժան և կարևորագույն մասն են եղել տարիներ ի վեր՝ ի ապացույց որի տարիներ առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից երկու անգամ արժանացել է «Ոսկե բանալու»:

«Պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության ցուցիչ: Տեղեկատվության ազատության այս արժևորումն ի թիվս այլնի կապված է նրա հետ, որ տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»,- ասել է նախարարը և նշել, որ չափազանց բարձր գնահատականի է արժանի յուրաքանչյուրի ցանկացած ջանք՝ ուղղված տեղեկատվության ազատության կայացմանը, զարգացմանն ու պաշտպանությանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը, Արդարադատության նախարարությունը և բոլոր պետական մարմիններն ամենօրյա աշխատանք են տանում տեղեկատվության ազատության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու, մարդկանց կողմից հայցվող տեղեկատվությունը տրամադրելու ուղղությամբ: «Տեղեկատվություն ստանալու իրավունքի  առումով ուղղակի անհնար է չանդրադառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքերին՝ որոնց շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից և կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատություն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը և խոսքն ավարտել  շնորհակալությամբ, շնորհակալությամբ բոլորին, մասնավորապես ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ տեղեկատվության ազատության իրավունքը  կիրառելու, պաշտպանելու և զարգացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ