Արդեն 10-րդ շաբաթն է, երբ «դեղին անթև բաճկոնները» շարունակում են իրենց զանգվածային բողոքի ակցիաները Ֆրանսիայում։
Ֆրանսիայի Ազգային ոստիկանության վարչությունը հայտարարել է երկրում «դեղին անթև բաճկոնների» վերջին ցույցերի ժամանակ բռնության աննախադեպ բարձր մակարդակի մասին։ Ինչպես հաղորդվում է, բողոքի ցույցերն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:
«Դեղին բաճկոնների» տասներորդ ցույցի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվել, քանի որ նրանց մոտ արգելված իրեր են եղել, որոնք կարող էին որպես զենք ծառայել։ Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ РИА Новости-ն՝ BFMTV-ին հղում տալով, հաղորդում է, որ ցույցերին մասնակցում է 27 000 մարդ։
Ավելի վաղ Փարիզի Ինվալիդների ամրոցի մոտ մի քանի հարյուր «դեղին բաճկոններ» շարժվում էին դեպի քաղաքի հարավ։ Բացի «ժողովրդական նախաձեռնության հանրաքվե» պահանջող սովորական պաստառներից ու կարգախոսներից, այս անգամ կան նաեւ ցուցանակներ նախորդ ցույցերի ժամանակ տուժածներին աջակցելու կոչերով։
Միաժամանակ Փարիզի կենտրոնում տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ խմբագիրներ և թղթակիցներ հանրահավաք են կազմակերպել՝ արտահայտելու իրենց բողոքն ընդդեմ ցույցերը լուսաբանող լրագրողների հանդեպ բռնի գործողությունների: Հանրահավաքի մասնակիցները շարք են կանգնել «Ազատ ենք տեղեկացնել» գրությամբ պաստառներով։
Հունվարի 19-ի բողոքի ակցիաների առիթով Ֆրանսիայի ողջ տարածքում մոբիլիզացվել է շուրջ 80 000 իրավապահ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը