17 12 2019

Գազալցակայանները թալանում են մարդկանց. ահազանգում է տնտեսագետը

Գազալցակայանները թալանում են մարդկանց. ահազանգում է տնտեսագետը

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այն, որ գազալցակայանները, խաղալով «քաշ-ծավալ-գին» եռանկյունում, ուղղակի թալանում են մարդկանց ու շարունակում են ստվերում գերշահույթ կորզել՝ խաբելով նաև պետությանը, ինչպես ասում են՝ ոզնուն էլ է հասկանալի է: Երևի հանրապետությունում առկա մի քանի հարյուր լցակայաններից մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնց տերերը բարեխիղճ են ու չեն խաբում: Միայն թե հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունը ի՞նչ է մտածում այս ամենից հետո: Դատելով ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներից, առայժմ նա ընդամենը ... «մտահոգված է»: Ու պարզվում է, որ գազի որակի ուսումնասիրությունն էլ իրենց լիազորության տիրույթում չէ: Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, թե գազալցականները օր-օրի ինչպես են սնկի նման բազմանում: Հասկանալի է՝ գերշահութաբեր բիզնես է՝ այն էլ՝ հսկող-վերահսկող մարմինների քթի տակ: Այնինչ, ցանկության դեպքում խնդիրը կարելի է լուծել բառացիորեն 1-2 շաբաթվա ընթացքում՝ հսկիչ լաբորատոր սարքավորումներով կահավորված մեքենաներով շրջայցեր կատարելով գազալցակայաններով ու գազի հսկիչ գնումներ կատարելով՝ ստուգել վաճառվող վառելիքի համապատասխանությունը ստանդարտին, իսկ խախտումներ թույլ տվող տնտեսավարողներին պատժել, ընդհուպ՝ գործունեության լիցենզիայից զրկելը: Նույն խնդիրը առկա է նաև բենզալցակայաններում, որտեղ նույնպեսանպատիժ խաբում են վառելիքի թե քանակի և թե որակի մեջ: Ի վերջո, ավտովառելիքի շուկայում տիրող բարձիթողի վիճակը ստույգ ցուցիչ է այն բանի, թե ինչ է փոխվել երկրում վերջին քաղաքական փոփոխություններից հետո, կամ՝ փոխվե՞լ է արդյոք որևէ բան: Համենայնդեպս, թավշյա իշխանությունը այս հարցում առայժմ մնացել է նույն տրամաբանության մեջ, ինչ նախորդները: Իսկ մարդիկ, իշխանության բնույթի ու որակի մասին դատում են ոչ թե աճերի ու գերաճերի վերաբերյալ վիճակագրական թվերով, այլ շատ ավելի կոնկրետ բաներով, օրինակ՝ ավտովառելիքի շուկայի իրողություններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ