20 04 2020

Քաղաքացին բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետին

Քաղաքացին բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետին

Ներկայացնում ենք ՀՀ քաղաքացի, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Սարգիս Մկրտչյանի՝ քաղաքապետին ուղղված բաց նամակը, որն առնչվում է քաղաքացուն առաջադրված ավտոմեքենայի գույքահարկի լրացուցիչ պարտավորությանն ու տույժերին։ Ս. Մկրտչյանը պնդում է, որ խնդիրն առաջացել է  ոչ թե իր մեղքով, այլ գույքահարկի տարեկան չափը պատկան մարմինների կողմից սխալ հաշվարկելու հետևանքով: 

Քաղաքացին կից ներկայացրել է նաև 2020 թ. մարտի 13-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված  իր դիմումը և վերջինիս՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից առաքված պատասխանը։ 

Սույն խնդիրը միակը չէ, և քաղաքացիները բազմիցս ահազանգել են պետական պատկան մարմինների մեղքով առաջացած թյուրիմացությունների, ինչպես նաև ոչ պատշաճ հաշվարկների հետևանքով ծագած խնդիրների և կիրառված անհիմն տույժերի մասին։  

***

Բաց նամակ Երևանի քաղաքապետին

20 ապրիլ, 2020 թ.

Հարգելի պարոն Մարության

Այս անգամ ստիպված եմ Ձեզ դիմել բաց նամակով և հրապարակել 13 մարտ, 2020 թ. Ձեզ հասցեագրված իմ նախորդ դիմումը և այդ դիմումի պատասխանը, որը ստացել եմ 09.04.2020 թ. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից: Պատասխան նամակում, որը ևս հրապարակում եմ բաց նամակով, չկան իմ բարձրացրած հարցերի պատասխանները: Գործող օրենսդրությանը համապատասխան իմ խնդիրը լուծելու փոխարեն տեղական ինքնակառավարման մարմինը հիմա էլ մատնացույց է անում Ճանապարհային Ոստիկանությանը:

Խնդիրը վերաբերում է 2016-2018 թթ համար ինձ առաջադրված ավտոմեքենայի գույքահարկի լրացուցիչ պարտավորությանն ու տույժերին, որն առաջացել է ոչ իմ մեղքով՝ գույքահարկի տարեկան չափը լիազոր տեղական ինքնակառավարման մարմնի և պետական կառավարման մարմնի կողմից սխալ հաշվարկելու հետևանքով: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ և նաև պարզ տրամաբանությամբ չկա որևէ հիմք՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտավորությունները ոչ լիարժեք կատարելու համար տույժի ենթարկել քաղաքացուն:

Հարցը հստակ է։

Ես ամեն տարի Արաբկիր վարչական շրջան ներկայացնելով իմ ավտոմեքենայի տեխանձնագիրը, որի վրա նշված է ձիաուժը՝ կատարել եմ ինձ պատկանող ավտոմեքենայի գոյքահարկի պարտավորությունը և ստացել զրոյական ստացական։

Ավտոմեքենայի ձիաուժի հիմամբ գույքահարկը ես չեմ որոշել, այլ համապատասխան մարմինները։ Սխալը Արաբկիր վարչական շրջանի կողմից է, թե՛ Ճանապարահային ոստիկանության՝ թող սրբագրի սխալվողը՝ իր բյուջեից վճարելով ինձ հասցեագրվող գումարը։ Ի դեպ զավեշտալին այն է, որ իմ չկատարած սխալի համար ճշտվել է տույժ, որն ամենայն ճշգրտությամբ հաշվարկվում է երեք տարի առաջվանից։

Այսու երկրորդ անգամ դիմում եմ Ձեզ՝ հարցին լուծում տալու նպատակով։

ՀՀ քաղաքացի՝

Սարգիս Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ