18 07 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներին վռնդել են «Ֆուդ սիթի» շուկայից․ Տողանյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներին վռնդել են «Ֆուդ սիթի» շուկայից․ Տողանյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներին, ովքեր այցելել են «Ֆուդ սիթի» շուկա՝ բեռնատարների հետ կապված իրավիճակը պարզելու, վռնդել են տարածքից: Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է հայկական ապրանքներ արտահանողներից հաղորդագրություններ ստանալ այն մասին, որ իրենց արգելվում է առեւտուր իրականացնել Մոսկվայի Կալուգայի մայրուղու հարեւանությամբ գտնվող «Ֆուդ սիթի» շուկայում։ Նրա խոսքերով՝ նմանատիպ տեղեկություն է ստացվել նաեւ բեռնափոխադրողների եւ բեռնատարների վարորդների կողմից:

«Դեսպանությունը սկսեց պարզել իրավիճակը, այդ մասին տեղեկացրեց Մոսկվայի համապատասխան գերատեսչություններին եւ իշխանություններին, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելության աշխատակիցները այցելեցին շուկա»,- ասել է Տողանյանը։ «Ֆուդ սիթի»-ի վարչակազմը չի ցանկացել լսել դեսպանության աշխատակիցներին, չի խոսել նրանց հետ, այլ «ուժի գործադրմամբ ուղեկցել է», հայտարարել է նա։

«Դուք տեսաք այն տեսանյութը, որը տարածվում է ինտերնետում: Այնտեղ երեւում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները արգելում նրանց (հայ արտահանողներին) գտնվել տարածքում»,- ասել է Տողանյանը: Դեսպանի խոսքերով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Ռուսաստանի տարածքում, Մոսկվայում կան իրավական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ կատարվում են Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքները»:

«Եւ մեր վարորդներին մեկուսացնելու հարցը դեռ կա: Որոշ բեռնատարներ մեկնել են այլ առեւտրի կենտրոններ, մյուսները մնացել են այնտեղ եւ, այնուամենայնիվ, գտել են արտադրանքը վաճառելու, հաճախորդների առջեւ պարտավորությունները կատարելու միջոցներ»,- ասել է նա: Տողանյանը նշել է, որ այս 50 բեռնատարներից բացի, կան նաեւ մոտ 100-150 մեքենաներ՝ Հայաստանից ապրանքներով, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին, կամ արդեն անցել են այն եւ ուղեւորվել են «Ֆուդ սիթի»:

Դեսպանը միաժամանակ նշել է, որ չի կարող ասել, թե միջադեպին ներգրավված են անձամբ «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը, ովքեր Ադրբեջանից են՝ «Կիեւյան հրապարակ» ընկերությունների խմբի հիմնադիրներն ու համասեփականատերը։ «Չեմ կարող ասել: Ով է ներգրավված, չեմ կարող ասել, իրավունք եւ տեղեկատվություն չունեմ: Կարող եմ ասել միայն, որ մեր դեսպանատան աշխատակիցները բռնի ուժով ուղեկցվել են առեւտրի կենտրոնի տարածքի պահակախմբի կողմից, եւ որ մեքենաները մնում են արգելափակված»,- ասել է Տողանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ