26 09 2020

Ալկոհոլային թունավորման հետագծով իրավապահները հասել են Արտաշատ

Ալկոհոլային թունավորման հետագծով իրավապահները հասել են Արտաշատ

Ոստիկանության ու Քննչական կոմիտեի դիտակետում են հայտնվել Արտաշատում գործող մի քանի խմիչքի գործարաններ, իսկ թե դրանցից որն է իրականում առնչվում ներկրված թունավոր սպիրտի հետ, ով է, ի վերջո, այդքան խորհրդավոր ներկրողը, ով պետք է պատասխանատվություն կրի 21 մարդու մահվան ու 3 տասնյակ անձանց թունավորման, 4 քաղաքացու կուրացնելու համար, դեռևս չի պարզվել։ Yerevan.Today-ի տեղեկությունները որոշ գործարաններից փորձանմուշներ վերցնելու, այդ թվում՝ խմիչքի արտադրամասի գործունեությունը կասեցնելու մասին, Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում ՝ պատճառաբանելով, որ նախաքննական շահից ելնելով՝ այս փուլում տեղեկատվություն ՔԿ-ն նպատակահարմար չի գտնում տրամադրել։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ մահաբեր մեթիլի որոնման թելով իրավապահները մտել են «Շահումյան վին» կոնյակի գործարան։ Կապարակնքվել է գործարանը, աշխատակիցներին բոլորին դուրս են արել տարածիքց ու մեկ շաբաթ ոստիկանական ուժերով վերահսկվել է տարածքը, որպեսզի ելումուտն արգելվի։

Նշենք՝ Շահումյանի կոնյակի գործարանը գտնվում է Արտաշատ քաղաքին կից նույնանուն գյուղում և պատկանում է ԲՀԿ ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով առավել հայտնի էր Յուվեցի Կարո անվամբ։ Նախկին պատգամավորի սպանությունից հետո խմիչքի գործարանով ու  վերջինիս պատկանող բոլոր բիզնեսներով նրա որդին է զբաղվում։

Վարդան Կարապետյանը  Yerevan.Today-ի հետ զրույցում չհերքեց, որ մի ամբողջ շաբաթ ստիպված է եղել դադարեցնել մթերումները, այն էլ՝ խաղողի բերքահավաքի եռուն շրջանում։ Այս օրերին Շահումյանի կոնյակի գործարանի տարածք ինքը ոտք չի դրել, կապարակնքված գերծարամի տարածքը հասու է եղել միայն ոստիկանների ու քննչական խմբի աշխատակիցներին։ Երիտասարդ գործարարը չգիտի, թե ինչու են սպիրտային հումք արտադրող գործարանը դիտարկում, մանավանդ որ, իր խոսքով, մեթիլ պարունակող սպիրտ չի ներկրել և որևէ պատճառով տեխնիկական թունավոր հումքի կարիքը գործարանը չունի ու չէր կարող ունենալ։

«Եկել էին, որ նմուշառումներ վերցնեին, մենք էլ շատ մեծ ուրախությամբ և սիրահոժար հրավիրեցինք իրավապահներին ներս։ Չենք խոչընդոտել նրանց աշխատանքը, որպեսզի ստուգեն ու պարզեն, որ մենք մեթիլային սպիրտի ներկրման հետ առնչություն չունենք,  վերջապես մենք էլ կձերբազատվենք էդ ավելորդ կասկածներից։ Ինչու՞ պիտի մեր անունն արհեստականորեն շրջանառեն..․»,- ասաց գործարանատերը։

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն էլէկտրոնային փոստով ստացանք Քննչական կոմիտեի  գրությունը՝ մեր գործարանից վերցված փորձանմուշները մեթիլ  չեն պարունակել, ու ասացին՝ հանգիստ աշխատեք»,- հավելեց Վարդան Կարապետյանը։

Այնպես որ, Շահումյանի կոյնակի գործարանն այսօրվանից կանցնի բնակոնոն աշխատանքի, երկուշաբթի օրվանից կբացի դարպասները ու կշարունակի այգոգործներից  խաղող մթերել։

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ