05 01 2021

Իրավաչա՞փ է ՊՆ-ի կողմից գերիների քանակի մասին չհայտնելը․ մեկնաբանում է Շուշան Դոյդոյանը

Իրավաչա՞փ է ՊՆ-ի կողմից գերիների քանակի մասին չհայտնելը․ մեկնաբանում է Շուշան Դոյդոյանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ ըստ իրեն, գերիների մասին տեղեկություն չհայտնելը իրավաչափ չէ։

Նշենք, որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:

«Ուշ են պատասխանել, եթե անգամ մերժում են, պետք է հնգօրյա ժամկետում գրավոր մերժում տային, իսկ իմ տեղեկություններով իրենց 20 օրից ավելի ժամկետը լրացել է, նոր իրենց պատասխանել են, որ գաղտնիք է։ Իսկ եթե գաղտնիք է, իրենք այդ մասին պետք է իմանային նաև հնգօրյա ժամկետում։ Տեղեկատվության ազատության մասին օրենքն ասում է, որ մերժումը պետք է լինի հիմնավոր՝ կոնկրետ պարունակելով հղում այն իրավական ակտի նորմի վրա, որով պայմանավորված, կամ որի հիման վրա մերժում են։ Բայց այս դեպքում խախտվել է մերժման կարգը, և մերժման բովանդակությունը չի բխում տեղեկատվության ազատության մասին օրենքից»,- ասաց Դոյդոյանը։

Դոյդոյանի խոսքով, Պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն էր անում հետպատերազմյան ժամանակահատվածում, թե որքան գերի կա․ «Մոտավոր ինչ-որ թվեր էին հրապարկում․․․ եթե մի բան արդեն իսկ հրապարակվել է, դա չի կարող հետո այլ պատճառներով գաղտնագրվել։ Բայց դա պետք է նայել, թե ինչի վրա են հղում արել, որ օրենքների վրա են հղում անել և հասկանալ՝ իրավական առումով իրավաչա՞փ է իրենց մերժումը, թե՝ ոչ։ Բայց այն, որ կարգն արդեն խախտել են, փաստ է, քանի որ մերժման կարգը սահմանված է տեղեկատվության ազատության մասին օրենքով»։

Մանրամասնելով ՊՆ-ի հարցումներին պատասխանելու աշխատելոճը, Դոյդոյանը նկատեց, որ նախարարությունը երբեք աչքի չի ընկել հարցումներին շուտ պատասխանելով․ «ՊՆ-ի պարագայում անկախ հարցման բովանդակությունից ինչքանով է դա պարզ կամ բարդ հարցում՝ լրացուցիչ աշխատանք պահանջող։ Իրենք բոլոր դեպքերում բոլոր հարցումների պարագայում գրեթե ասում են, որ մեզ լրացուցիչ ժամանակ է պետք տեղեկատվությունը տրամադրելու համար, այսինքն չարաշահում են օրենքով իրենց տրված հնարավորությունը լրացուցիչ ժամկետ կիրառելու վերաբերյալ։ Այդ խնդիրը կարծում եմ նույնպես շատ կարևոր է, որ լրացուցիչ ժամկետը դա բացառիկ այն դեպքերում է, երբ պահանջվող տեղեկատվության ծավալն այնքան մեծ է, որ նրանք չեն հասցնում հնգօրյա ժամկետում պատասխանել։ Լրացուցիչ ժամկետի չարաշահում ունենք փաստացի և ունենք նաև մերժման կարգի խախտում կոնկրետ «Փաստինֆո»-ի դեպքում։ Միայն հենվելով այն փաստի վրա, որ իրենք ինչ-որ թվեր հրապարակել են այս ընթացքում, միայն սրանով պայմանավորված կարող եմ ասել՝ կա անհամապատասխանություն իրենց գրածի ու իրենց արածի միջև, իրենց գործողությունների միջև։ Եթե մի բան արդեն նախկինում հրապարակել են, չի կարող ինչ-որ մի պահից մեկ էլ գաղտնագրվել՝ առանց այդ մասին իրավական նորմ ընդունելու»։

Դոյդոյանը նաև նշեց, որ, իր կարծիքով, գերիներիներ մասին ինֆորմացիա չհաղորդելը կարող է կապված լինել նրա հետ, որ հստակ չեն տիրապետում տեղեկատվության․ «Ինձ թվում է այդ խնդիրն էլ կա, իրենք ուղղակի հստակ տեղեկություն չունեն, որովհետև հիմա մի բան ասեն, վաղը պարզվի, որ այդ այդպես չի իրենց խնդիրների առաջ կարող է կանգնեցնել, ենթադրում եմ նաև դրանով կարող է պայմանավորված լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ