21 11 2022

Լարսում վիճակը ողբերգական է․ որևէ հույս չկա, որ հարցը մոտ ժամանակներս կլուծվի․ Գառնիկ Դանիելյան



«Վիճակը ողբերգական է և օրհասական, բեռնատարների հերթը,  որ հասնում էր մինչև 10 կմ-ի, հիմա այդ շարքն ավելի է երկարել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Վրաստանի տարածքում հայկական բեռնատար վարորդների խնդրին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ  ամբիոնից Գառնիկ Դանիելյանը  բարձրաձայնեց  հիշյալ  խնդրի մասին՝  նշելով,  որ նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի  Վերին Լարս և հետագա ժամանման վայր։

«Ամենօրյա կապի մեջ եմ բեռնատարների վարորդների հետ, որևէ դրական փոփոխություն, դրական տեղաշարժ այս ընթացքում տեղի չի ունեցել․ խայտառակ վիճակ է և կարծում եմ այս հարցը նաև ազգային անվտանգության հետ կապված հարց է  և եթե այս տեմպերով շարունակվի եղած  լուրջ  խնդիրներին նորերը կավելանան,  նույնիսկ որևէ հույս չկա, որ այդ հարցը մոտ ժամանակներս լուծում կստանա»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք  ԱԺ իր ելույթից հետո կառավարությունը որևէ կերպ արձագանքել  է, պատգամավորն ասաց, որ հարցը բարձրացնելուց հետո որևէ արձագանք չի եղել։ Դիտարկմանը, որ առաջին անգամը չէ, որ Վերին Լարսում խնդիր է ստեղծվում, իշխանությունը 2018-ին խոստանում էր այլընտրանք, ինչո՞ւ չեն կատարում խոստումը, մեր զրուցակիցն ասաց․ «Հերթական սուտ խոստումներն է,  հերթական իրենց ծրագրերի  չիրականացման փաստն արձանագրենք․ բեռնափոխադրողներն էլ են անգամ նշում, որ նման վիճակ երբեք չի եղել․ Լարսի փակման հետ կապված եղել են բնակլիմայական պայմաններով պայմանավորված խնդիրներ, բայց նման գլոբալ խնդիր երբեք չի եղել։

Օրեր առաջ Վրաստանում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը և, համենայն դեպս,  որևէ ադնրադարձ խնդրին չի եղել․ ցավն այն է, որ պաշտոնական պատվիրակություն է գնում, և այն հարցը, որն այս պահին շատ կարևոր է մեր երկրի, մեր գյուղատնտեսության և առհասարակ տնտեսութան համար, այդ խնդրին որևէ անդրադարձ չի կատարվում»,- ասաց պատգամավորը։

Yerevan.Today-ը զրուցել էր բեռնատարների վարորդների հետ, ովքեր պատմում էին այն անմարդկային պայմանների մասին, որում գտնվում են։

Վարորդների հետ տեսակապով զրույցը՝ այստեղ և այստեղ։ 

ԱԺ պատգամավորի հետ զրուցել ենք այլ թեմաների շուրջ ևս։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ