15 12 2022

Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է. Սուրեն Պարսյան

Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է. Սուրեն Պարսյան

Արցախյան 44-օրյա պատերազմն եւ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ի հեճուկս կառավարության եւ ԿԲ-ի բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է

Գլխավորապես արտաքին գործոններով պայմաննավորված երկնիշ տնտեսական աճը խառնաշփոթի մեջ է գցել պետական այրերին, նրանք ուղղակի իրականություն կտրվել են եւ չեն տեսնում կամ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող սննդի արդյունաբերության ոլորտի անկումը կասեցնելու ուղղությամբ։ Այս ոլորտի ձեռնարկությունները հիմնականում վերամշակում են տեղական գյուղատնտեսական արտադրանքը, հետեւաբար, այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու նաեւ գյուղատնտեսության ոլորտի վրա, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։

Հարկ է նշել նաեւ, որ արցախյան 44-օրյա պատերազմն եւ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։

Եվ այսպես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,6 տոկոսով,

2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 4,9 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 43,8 տոկոսով,

4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 51,5 տոկոսով,

5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 1,9 տոկոսով,

6․ թթված կաթի եւ մածունի արտադրության ծավալը նվազել է 6,5 տոկոսով,

7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,4 տոկոսով,

8․ պաղպաղակի եւ ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,5 տոկոսով,

10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

11․ Հրուշակեղենի եւ շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 2,9 տոկոսով,

12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 39 տոկոսով,

13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 7,5 տոկոսով,

14․ հանքային եւ գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 23 տոկոսով

Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկոհոլային խմիչքների եւ սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արդյունաբերության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում անասնաբուծության անկումը կազմել է 4,1 տոկոս, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Իսկ այս տարվա կարագի արտադրության ծավալների 3,1 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։

Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժեւորման պայմաններում։ Տեղական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։

Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Փաստացի տարածաշրջանի եւ ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի կոմունալ ծառայությունների սակագներն ամենաբարձն են։ Հետեւաբար, ներդրողներին ավելի ձեռնտու է իրենց բիզնեսը բացել ոչ Հայաստանում։

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման եւ դրամավարկային քաղաքականության ձախողման արդյունքում բիզնեսի համար թանկացել են վարկային միջոցները, որն իր հերթին մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։

Իհարկե, սննդի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն են թողել Վերին Լարիս անցակետի կուտակումները, որը սահմանափակել եւ ծախսատար է դարձրել Հայաստանից արտահանումը։ Կառավարության լաստանավի շահագործման հայտարարություններն այդպես էլ օդի մեջ մնացին։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ սննդի արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ունեն ցածր արդյունավետություն, դրանք վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է համադրտել տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունները, ԿԲ-ն չի կարող իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար սնանկացնել հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկութուններ։ Կառավարությունն եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր են վերնայել եւ սահմանել Հայաստանի տնտեսության եւ բիզնեսի համար մրցունակ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագներ»,- գրել է նա։

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ