07 04 2022

«Կարճ ասած»․ Փաշինյանը խոստովանում է, որ արտաքին պարտքը իշխանությունը պահելու համար է



 

Մի հետաքրքիր արխիվային տեսանյութ էսօր գտա Յութուբից։ Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի հունիսի 6-ին։ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր աշխատող Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ամբիոնից ու դեմ խոսում վարկային համաձայնագրի մասին, որով Հայաստանի արտաքին պարտքը հասնելու էր 4 մլրդ դոլարի։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում է՝ արտաքին պարտքը դա ատկատներ են, չարաշահումներ են։ Ասում է վարկերն օգտագործվում են քաղաքական ինտրիգների, ազդեցությունների բաշխման, ընտրությունների համար։ Ու հարց էր տալիս՝ եթե բնակչության թիվը պակասել է, եթե գնաճ կա, աղքատություն կա, բա էդ վարկերը ինչի՞ վրա եք ծախսել։ Ու շեշտում էր՝ արտաքին պարտքը վերցնում են իշխանությունը պահելու համար, որ հեղափոխություն չլինի։ Կրկնում եմ, էդ ժամանակ՝ 2014 թվականին մեր պարտքը հասցվում էր 4 մլրդ դոլարի։

Էդ ելույթ ունեցող մարդը էսօր, 8 տարի անց վարչապետ է ու գիտե՞ք ինչքան վարկ է վերցրել։ Ինքը դժգոհում էր, որ 4 մլրդ դոլար է դառնում, էսօր արդեն պետական պարտքը 9 մլրդ 200 մլն դոլար է։ 4 մլրդ դոլարի ժամանակ Նիկոլը քարը քարի վրա չէր թողնում, էսօր ինքն արդեն 3 մլրդ դոլարից շատ վերցրել է, ընդամենը 3,5 տարի անց։ Միայն 2021 թվականին մեր ընդհանուր պարտքը աճել է 1 մլրդ 220 մլն դոլարով: Պատկերացնու՞մ եք։ Նիկոլ Փաշինյանի ամեն օրը մեր պետության պարտքն ավելանում է մոտ 3 մլն դոլարով։ Ամեն օր, 3 մլն դոլար։ Իրենք մեր պետությանը ամեն օր 3 կոպեկի օգուտ չեն տալիս, բայց 3 մլն դոլարով պարտք են վերցնում։ Ու չկա մեկ դեպք, որ վերցվող վարկը լինի ժողովրդի մատից փուշ հանելու համար։ Ինչ-որ չի երևում ոչինչ, այդպես չէ՞։ Չես հասկանում, թե էդ փողն ուր է գնում, ինչ են անում։ Ընդանհրապես, ինչ են անում, բացի սրանից-նրանից բողոքելուց, մեղադրելուց։

Հիշու՞մ եք, էն դերասանությունը, որ Նիկոլն ասում էր՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է․ հիմա մենք տեսնում ենք, որ էդ վարկերով ո՛չ օջախն է բարեկարգում, ո՛չ ընտանիքն է սկսել լավ ապրել։ Հիմա էդ օջախի ու ընտանիքի օրինակով եկեք խոսենք․ եթե ընտանիքդ սոված է, հացի փող չունես, հարևանիդ, բարեկամիդ խնդրում ես քեզ պարտքով փող տա, հարցեր լուծես։ Ասենք երեխայիդ պետք է ուղարկես դպրոց, փող չունես, պատահում է․․․ Ասում ես՝ հարևան ջան, հորեղբայր ջան, փողա պետք, տուր, որ գնեմ պայուսակ, դասագիրք, որ երեխաս գնա սովորի, որ դառնա մարդ, իրեն լավ զգա, ուսումը կիսատ չթողնի։ Կամ ուզում ես վարունգ ցանել, փող չունես, ասում ես՝ խնդրում եմ պարտք տվեք, ցանեմ, քաղեմ, ծախեմ՝ փողը հետ կտամ։ Նպատակային են, հասկանալի են։ Բայց երբ դու գնաս, հարևանիդ ասես ինձ պարտք տուր, որ իմ 06-ը ծախեմ ու առնեմ Մերսեդես, էդ մարդը կասի դու հիմա՞ր ես՝ փող չունես, ավտոդ ե՞ս պարտքով թարմացնում, էն դեպքում, որ երեխեքդ սոված են, դպրոց չեն գնում, հողդ էլ չես կարողանում մշակել։

Հիմա ընտանիքի էս օրինակը՝ մեծ ընտանքի՝ պետության մասով դիտարկենք․ Հայաստանում սննդի գնաճը տարբեր ապրանքների տեսքով մինչև կրկնակի է ու ավելի՝ նայած որ ապրանքատեսակը, երկրում աղքատությունը մեծացել է, գործազրկությունը մեծացել է, արտագաղթը մեծացել է, բնակչությունը ուղղակի փախչում է երկրից, սրանք վարկ են վերցնում ու պարզվում է՝ 180 հազար դոլարից ավելի գումար տվել են ԱԺ նախագահ Ալենի համար ավտո են առել, իսկ էսօր էլ 110 հազար դոլարից ավելի տվեցին, որ նրան ուղեկցող ավտոներ առնեն, ախռաննիկների համար։ Իմանում ես հանկարծ, որ չաշխատելու համար պարգևավճարներ են ստանում, ԱԺ անձնակազմը՝ 11 հոգով, գնում են տեսնելու, թե Ինդոնեզիան ինչ երկիր է ու ինչ է էնտեղ աճում։ Պարտքը ավելացել է, բայց դրանից պետության մեջ ի՞նչ է փոխվել, իմ ու ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։ Կարող են համոզել Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, թե ինչ-որ կարևոր բան են անում, ժողովրդավարություն-բան խառնեն իրար, փող տան, բայց մե՞զ ինչով եք համոզելու, որ դա կարևոր էր։ Էրեխուդ սումկի փողը չես տալիս, հացի փողը կիսվում է, դու 06-դ ես թարմացնու՞մ։

Չէ՞ որ, էդ պարտքը պետք է բերես ներդնես էնպիսի ոլորտ, որ ինքը ստեղծի հավելյալ արդյունք, որ դու կարողանաս հա՛մ մարդկանց կյանքը բարելավես, հա՛մ երկիր շենացնես,  նաև պարտքը սպասարկես։ Եթե իմանանք պարտք եք վերցրել, որ գործարան բացեք, ժողովուրդը գնա-աշխատի, մի բան արտադրի հանեք դուրս ծախեք, փող բերեք, կասենք հա, մալադեց։ Եթե իմանանք վերցրել եք պարտք, տարբերակ չկար՝ գնաճ եք զսպել, կասենք հա, նախորդ ամիս պետք է գնեինք 10 կիլո կարտոֆիլ, 5-ի փողը կառավարությունն է տվել կամ զսպել, էժանացրել է կարտոֆիլը։ Ոչ էժանացրել ես, գազը, լույսը, ջուրը թանկացել է, դրանք չես զսպում, բա ինչի՞ ես վերցնում էդ օրական 3 միլիոն դոլարը։

Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ 3 մլրդ դոլարի ներդրում է եկել, աննախադեպ թիվ, ասում եք տնտեսական աճ կա։ Դե հիմա ինձ հետաքրքրում է՝ եթե դու վերցրել ես 3 մլրդ դոլար պարտք, վրաներս ծախում ես, թե տնտեսություն փող է մտել, ինձ ասա, ինչո՞ւ է քաղաքացին միևնույն է՝ վատ է ապրում, ինչո՞ւ է արտագաղթում, ինչո՞ւ է աղքատությունը խորանում, ինչո՞ւ աղքատության նպաստ ստացողների թիվը չի պակասում, ինչու՞ է ամեն բան թանկանում էս ժողովրդի գլխին։ 3 մլրդ դոլար է մտել մեր փոքրիկ երկիր, ի՞նչ է լինում էդ փողը, ինչի՞ վրա եք ծախսում, իսկ կարող ա՞ ատկատ եք վերցնում-տալիս։ Ի՞նչ մտածեմ ես, հասարակ քաղաքացիս։ Ալենի ավտոները, Նիկոլի կոռտեժները հասկացանք, բա էն մնացա՞ծն ուրա։ Կադաստր հարցում եմ ուղարկում, խնդրում եմ վարչապետի եղբայրների անշարժ գույքի մասին տեղեկություն տրամադրեն, տեսնենք ինչ ունեն, չունեն, ե՞րբ են ձեռք բերել և այլն, էնտեղից մի լավաշ պատասխան եմ ստացել, թե գիտե՞ք, անձնական գաղտնիք ա, չենք կարող տրամադրել։ Ասեք՝ ի՞նչ մտածեմ, մտածեմ, ժողովուրդ ջան։

Մի քանի օր առաջ 25 մլն եվրո վարկ վերցրին, որ Երևանի համար ավտոբուս առնեն, 25 մլն եվրո մեր պետությունը գցել են պարտքի տակ, ավտոբուս են բերում, մի ելույթներ, թե սա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակն է, մենք մեր նախընտրական խոստումը կատարեցինք։ Սրանց տեսեք․ մեզ գցում են վարկի տակ, որ իրենց նախընտրական խոստումը կատարեն։ Այդպիսի խոստումներ հանգուցյալ տատս էլ կկատարեր, ուրիշի հաշվին, մեր հաշվին։ Շուռնուխում ապրող քաղաքացուն ի՞նչ, որ դու Երևանում ավտոբուս ես առել, բայց իրեն զրկել ես իր տնից։ Նրան գցել ես վարկի տակ, Երևանում ավտոնբուս ես առել ու ասում ես՝ սա ՔՊ կուսակցության հաղթանակն է։ Մեր հաշվին ավտոբուս առան, իրենք ԱԺ ամբիոնից փիարվեցին։ Ասում են՝ պարտք ենք վերցնում, որ ասֆալտ անենք, էդ ասֆալտը բյուջեով նշված տող է, դուք էլ ասում եք՝ հարկերը գերակատարել ենք, բա էլ ինչի՞ եք վարկ վերցնում։

Չէ՞ որ, եթե աճում է տնտեսությունը, ներդրումներ են գալիս, գերակատարում եք բյուջեն, բա էլ ինչո՞ւ եք վարկ վերցնում։ Ֆինանսների փոխնախարար ունենք, Վահե Հովհաննիսյան կարծեմ, ասում է՝ մենք վարկը լավ օրից ենք վերցնում, որ վատ օրի լինենինք, վարկ չէին տա։ Այսինքն էս մարդիկ ասում են քանի տալիս են, վերցնենք, պետք էլ չէ, մեկ է՝ վերցնենք, քանի դեռ տալիս են։ Իսկ հետագայի մասին ո՞վ ա մտածում, փակողի մասին մտածում ե՞ք, սերունդների մասին մտածում ե՞ք։ Լավ էդ էլ չեք մտածում, ասեք իմանանք էտ ինչ եք անում, որ էդքան վերցնում եք։ Երբ ասում ենք մենք ենք փակելու, սերունդների վզին է դա, ժողովուրդը գիտի դա իրեն չի վերաբերում, ասում է՝ մեզ փող ո՞րտեղից որ փակենք, թշակառուները ո՞նց փակեն, ուսուցիչները ո՞նց փակեն, թող կառավարությունը ոնց վերցրել է, էնպես փակի։ Չէ, ժողովուրդ, դա քո հաշվից է գնում։ Ասեմ ոնց եք փակելու։ Ընդդիմությունն ասում է նվազագույն աշխատավարձը դարձրեք 100 հազար, կառավարությունն ասում է փող չկա բյուջեում։ Ասում են լավ 100 հազար չեք դարձնում, 80 հազար դարձրեք, ասում են չէ, փող չկա։ Թոշակը բարձրացնելու փող չկա, աշխատավարձի փող չկա։ Ինչո՞ւ չկա, որովհետև էդ բարձրացման փողով արտաքին պարտք են փակում ամեն տարի կես միլիարդ դոլար։ Իրենց վերցրած վարկի տոկոսներն են փակում։ Էն որ ասում ենք ձեր ուսերին ա ժողովուրդ, այ էդ ա ձեր ուսերինը, ձեր աշխատավարձը, թոշակը չեն բարձրացնում, որպեսզի վարկ փակեն, որից քեզ ոչինչ չի եղել։ Իսկ իրենց աշխատավարձը բարձրացնում են, որովհետև դա իրենք են, ժողովուրդը չէ, պարգրավճար են տալիս չաշխատող դեպուտատներին, նախարարներին, փող են տալիս բերետներին, որ ձեզ ծեծեն, քաշքշեն, բա փողը դրա համար է։ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը պահելու խնդիր երևի չուներ, դրա համար էլ իր օրոք պարտքը ընդամենը 1,5 մլրդ դոլար էր։ Իսկ Նիկոլը որքա՞ն իշխանություն պահելու խնդիր ունի, որ հասցրել է 9,2 մլրդ դոլարի։ 2014 թվականին Նիկոլն ասում էր՝ էսպես որ գնա, հոբելյանական 5 մլրդ կհասնի պարտքը։ Ի՞նչ 5 մլրդ, շուտով կհասցնեք 10 միլիարդի։ Ինչպես ասում են՝ դե ծափ տվեք, արա։

Կարճ ասած՝ Հայաստանի ղեկավարություը աշխատում է ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով, նրանք վերցնում են այնքան գումար, ինչքան պետք է իշխանությւոնը պահելու, իրենց լավ ապրելու համար, մարդկանց գցում են մեծ բեռի տակ։ Այս ամենը նրա համար, որ մի քիչ ավելի երկար մնան իշխանության։ Հայաստանի ռեսուրսները քամվում են ամբողջությամբ։ Այս ամենի տակից մենք, մեր սերունդները դեռ երկար դուրս չեն կարող գալ։ Մսխում են մեր բոլորի ապագան, բայց ասում են ապագա՝ կա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ