28 06 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ գործարան ու ներդրում, լավագույն բիզնեսը պետական պաշտոնն է



 

Երկու օր շարունակ Լարսի ճանապարհը փակ էր, արտահանողները, հատկապես՝ գյուղմթերք, հայտնվել էին ծանր վիճակում․ արտահանման այս սեզոնին նման խնդիրը շատ ցավոտ է թե՛ արտադրողների, թե՛ արտահանողների համար։ Արդեն երկու ամսից ավելի է՝ բեռնատարների կուտակում ու դարձյալ արտահանող-ներմուծողները կիլոմետրանոց հերթերի տակ ամիսներ են գլորում․ կան ապրանքատեսակներ, որ փչանում են, կան վարձակալած բեռնատարներ, որ ահռելի ծախսեր են նստում։ Մի խոսքով, ոչինչ չի արվում արտահանողներին ի օգուտ։ Իհարկե կարող ենք ասել՝ դե խեղճ կառավարությունն ի՞նչ անի, Վրաստանում է։ Բայց նաև կարող ենք հիշել նախընտրական այն խոստումները, որ Վերին Լարսին շուտով այլընտրանք ենք բերելու։ Այսօր այդ այլընտրանքը չկա։ Հանուն արդարության ասենք, որ այս դեպքով հայակական իշխանություն ևս չկա։

Մարդիկ ներդրում են արել, գյուղմթերք են արտադրել, չեն կարողանում արտահանել, մնում-փչանում է ու այս ֆոնին ժողովրդին ասում են՝ դուք ինքնակազմակերպվեք, մի բան արեք, մեր հայրենկիցներիցս ամեն մեկս գնենք։ Է հա կարող ենք գնել ու գնում ենք, բայց պետություն կա՞, թե՞ չէ։ Կառավարությունն ո՞ւմ է պետք, եթե իրացման հույսը մեր բարի կամքն է։ Էդ Քերոբյանն ու՞մ է պետք, կարաք հանեք էն Ռեվազյանին դնեք տեղը, ի՞նչ տարբերություն։

Մարդիկ հիմա արդեն 670 դրամ են տալիս դիզվառելիքին, կրկնակի թանկացել է նախկինի համեմատ, 22 հազար են տալիս մեկ պարկ պարարտանյութին, 3-4 անգամ թանկացել է նախկինի համեմատ, ջուրը դժվարությամբ են տալիս ու էս ամենից հետո չեն էլ կարողանում իրացնել։ Քերոբյանն ասում է՝ պետք է շահագրգռենք հող մշակեն, պետք է ով չի մշակում, ծախի ուրիշին և այլն։ Էդ շահագրգռումը ո՞նց պետք է լինի, եթե ոչ՝ գյուղացու հետ պայմանագիր կնքելով, ժամանակին ու որակյալ սերմացու տալով, ոռոգում ապահովելով, արտահանման հարցերը կարգավորելով։ Այլ ի՞նչ շահագրգռելու ձև կա։ Էն որ դուք ասում եք հողի մշակը պետք է պիջակ ու փողկապ կապի, թուղթ ու գրիչով գնա հանդ, դա շահագրգռելու ձև չէ, էն որ դուք ասում եք պետք է գյուղում բորձյուրները ամեն օր ավլել, ասֆալտը պիլեսոս անել, դա շահագրգռելու ձև չէ, որովհետև մեկ է՝ մարդկանց բերքը հենց հիմա փչանում է։

Լարսի խնդիրը հաճախ է լինում ու լինելու։ Ու սրա արդյունքում դուք վանում եք ներկրողին, արտահանողին, ներդրողին, գյուղացուն։ Մարդիկ հեկտարներով հող են առել, մշակել են, հիմա տանում թափում են։ Պետությունը անկանխատեսելի է դառնում գյուղացու համար, արտադրողի հեմար, ներդրում իրականացնողի համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահման չունես, ունես մի հատ թույլ կապ Իրանի հետ, էն էլ չես կարողանում օգտագործել ու հիմնականը Վրաստանն է, որ այ էսպես փակ է։ Դրա համար էլ մարդիկ կասկածում են, որ այս ամենը դիտմամբ եք անում, որպեսզի արդարացնեք ամեն գնով արագի մեջ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալը՝ ամեն զիջումների գնալով։

Մարդը ասում է՝ ծիրանը չեմ քաղում, թողնում եմ թափվում է, փչանում է, որովհետև ձեռնտու չէ, 15 տոննա ծիրան է փչանում։ Քերոբյան Վահանը պետք է էդ ծառի տակ կանգներ, գյուղացու հետ քաղեր բերքը ու ամեն ինչ աներ, որ արտահանվի։ Մարդը մենակ գալստուկ կապելու ու ասուլիս տալու համար է ոնցոր։

Դրա համար էլ ներդրողները փախչում են, հեռանկար չկա։ Կարո՞ղ եք ասել, վերջին անգամ կառավարության անդամենրը ե՞րբ են գնացել որևէ սահմանամերձ գյուղ, ի՞նչ հարցեր են քննարկել ու լուծել։ Էդ որ ասում ենք սահմանամերձ գյուղ, մի մտածեք, թե հեռու մի տեղ է․ մեր քթի տակ է, հանձնելով եկել են, ու հերթով բոլորը դառնում են սահմանամերձ։ Հայաստանն ունի սահմանամերձ լիքը գյուղեր, որ մարդիկ չեն կարողանում հող մշակել՝ թանկ է մշակելը կամ հողերը թողել եք թշնամու տարածքում, կամ էլ հարևան է թշնամին ու կրակում է․ ավտոմատի տակ հող են մշակում, բերք են հանում, դա էլ չեն կարողանում իրացնել։

Իսկ ներքին շուկայում որևէ մրցակցային պայման չկա, ով ոնց ուզի, ինչ ուզի։ Գյուղացին 70-100 դրամով ծիրան է տալիս, շուկայում 4-7 հարյուր դրամ է։ Էդ ո՞նց է լինում։ Էնտեղ մարդիկ մի կերպ աճեցնում են, իր ինքնարժեքից էժան վաճառում են, էստեղ վերավաճառողները պահում են թանկ գինը։ Շուկայի պատասխանատու չկա, ժողովուրդ, իշխանություն չկա։ Գյուղատնտեսության էս վիճակի պատճառը իշխանության բացակայությունն է։ Դրա համար գյուղմթերքը փչանում է, բայց գյատնտեսական կուլտուրաների մականուններով մարդիկ պաշտոնյաներ են ու պարգևավճարներ են ստանում։ Երեկ ասուլիս էր տալիս «Գերագույն գլխավորը», 3,5 ժամ խոսել է, էս խնդիրներին ու խոստումներին անդրադարձե՞լ է։ Ոչ։ Բայց ոչ ոք չէր էլ սպասում, բոլորի համար մեկ է, թե ինչ կխոսի, որովհետև գիտենք՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասի վաղվանից Լարսի խնդիր չի լինելու, մեկ է՝ լինելու է։ Սրանից առաջ ասում էր 5 տարի գնաճ չի լինելու, բայց անգամ իր սիրած խառը կանաչին է թանկացել։ Նրանից սպասելիք չունի գյուղացին․ որովհետև գյուղացին անելանելի վիճակում է, իսկ սա խոսում է խելացի անասնագոմի ու կաթիլային ոռոգման մասին։

Բայց գիտե՞ք զավեշտը որն է․ էս մարդիկ գյուղի մասին մտածելու փոխարեն գյուղը քաղաքականացրել են։ Ու էս ամեն խնդիրների պատճառն էլ է դա։ Հողի մշակին իր գործից կտրել-բերել են ու մտցրել են քաղաքականություն։ Արդեն ասացի ոնց են կտրել-բերել, այնպես են արել, որ այլևս հողով զբաղվելը անիմաստ է։ Բա եթե բերքը կարկուտը տանում է, ցուրտը տանում է, արտահանում չկա, դիզվառելիք-պարարտանյութ կրակի գին է, անիմաստ է մշակելը, մարդ ուզած-չուզած պետք է խոսի քաղաքականությունից։

Հողի մշակի ինչի՞ն էր պետք մտածել մեր ղեկավարը Սերժն ա, թե Նիկոլը․ կարևոր է, որ ժամանակին ստանա որակյալ սերմացու, ժամանակին ունենա ջուր, էժան դիզվառելիք, պարարտանյութ, վերջում էլ իրանցնի։ Հիմա ասում են քո բերքը չի իրացվում, որովհետև նախկինները և այլն․ այ մարդ ի՞նչ կապ ունի նախկինը, նախկինից անցել է 4 տարի, դրանից հետո էդ ծիրանի ծառը 4 անգամ ծաղկել է։ Պետք է կառավարությունն էնպես աշխատեր, որ մարդը չզգար կառավարության գոյությունը իր համար իր գործն աներ։ Բայց կառավարությունն այնպես է աշխատում, որ բոլորը մտածում են, թե ո՞վ է ավելի շատ մեղավոր։

Վերջերս գյուղացիներից մեկի հետ զրուցում եմ, ասում է՝ նախկիները էս էին, էն էին, սրանք էլ մի բանի պետք չեն բայց գոնե չեն թալանում։ Հետո էլ, թե՝ ոնցոր չեն թալանում։ Քիչ հետո էլ ինքն էր ինձ համոզում որ լավ էլ թալանում են։ Ասում է Նիկոլը ճիշտ ասեց՝ նախկինում մեր փողոցները ցեխոտ էին։ Ասում եմ բա հիմա, ասում է հիմա էլ են ցեխոտ։ Բա 4 տարի ինչի՞ չեն մաքրել։ Ասում եմ նախկինների ժամանակ ի՞նչ էիք անում, ասում է՝ կով էի պահում։ Հիմա՞ ինչ եք անում։ Կով եմ պահում։ Նախկինի ժամանակ քա՞նի կով ունեիք։ Ասում է 6։ Հիմա՞։ Ասում է 4։ Ինչո՞ւ է պակասել։ Ասում է՝ որովհետև խոտի տուկը 1200 դրամից դարձավ 2000 դրամ, պետք է ծախեի, որ մյուսները պահեի։ Էն մեկելն էլ ծախսեցի, որովհետև ամեն ինչ թանկացել էր, ապրել էր պետք։ Ասում եմ իսկ նախկինի ժամանա՞կ քանի հատով էիք պակասացրել, որ հասցրել էիք 6։ Ասում է՝ շատացրել էի, 4-ը դարձրել էի 6, 2 տարին մեկ էլ հորթ էի մեծացնում-ծախում։ Լավ, ասում եմ, էդ ո՞նց է, որ նախկինում 4 կովը դարձրել եք 6, բայց ասում եք թալանում էին, հիմա 6 կովը դարձրել եք 4, ասում եք չեն թալանում։ Էդ ո՞նց է, որ նախկինում մեկ հակ խոտը 1000-1200 դրամ էր, հիմա 2000 դրամ, բայց նախկինները թալանում էին, սրանք ոչ։ Էդ ո՞նց է, որ նախկինում թալանում էին, սալյարկան 350 դրամ էր, հիմա չեն թալանում, 670 դրամ է։ Իսկ կարող ա՞ նախկինների թալանը քո օգտին է եղել։

Ասում եմ՝ սրանց ձեռնտու էր բոլոր հարցերը տանեին-շեղեին բերեին քաղաքականություն, որ մարդիկ այս իշխանության վատ աշխատանքի համար չբողոքեին, մտածեին, թե խնդիրը նախկինն է ու ոչ էլ խորանային։

Կարճ ասած՝ Հայաստանում այլևս գրավիչ չէ ո՛չ գյուղատնտեսությունը, ո՛չ կրթությունը, ո՛չ բիզնեսը։ Չէ, դրսի ներդրողի մասին չեմ ասում, դա պարզ է, ներսի՝ մերոնց մասին եմ ասում․ ներսի ներդրողին, գյուղացուն հետաքրքիր չէ, մեր ուսանողին կամ գործարարին հետաքրքիր չէ։ Գիտե՞ք Հայաստանում որն է մենալավ բիզնեսը․ Նիկոլենք իրենց օրինակով ապացուցեցին՝ պետական պաշտոնը։ Մի անգամ ձեր կարկուտն է բերքը տանում, մի անգամ ցուրտը, հեղեղը, մի անգամ ճամփեքն է վատ լինում, չեք կարողանում արտահանել, փչանում է․ բայց էս մարդկանց՝ կառավարության անդամների, դեպուտատների համար կարևոր չէ՝ ամառ-ձմեռ, ցրտահարություն, թե երաշտ, պատերազմ, պարտություն, խայտառակություն, աղետ․ իրենք իրենց աշխատավարձն էլ, պարգևատրումներն էլ ունեն, տներն էլ, ավտոներն էլ առնում են։ Էս 4 տարում ինչ ասես եղավ, սաղ փոխվեց՝ սահմաններից սկսած, սրանց եկամուտը մնում է նույնությամբ, պարգևավճարը ավելանում է։ Դրա համար էլ աթոռներից պոկ չեն գալիս։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ