19 10 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ օրինակ իր աչքի առաջ ունի 25-օրյա զորահավաքի մասնակիցը



 

Այն պահից, երբ կառավարությունը հայտարարեց, թե եռամսյա հավաքների փոխարեն գործելու է մեկամսյա հավաքներ սկզբունքը, բայց բոլորի համար, քաղաքացիների մոտ աժիոտաժ է ստեղծվել։ Անկեղծ խոսենք, մարդիկ դժկամորեն են վերաբերում թե՛ եռամսյա հավաքների գաղափարին, թե՛ մեկամսյային։ Դա ունի խորքային պատճառներ և այդ պատճառներից ելնելով՝ չես կարող որևէ մեկին մեղադրել, որ վերաբերմունքն այդպիսին է։ Նախ մասնագետներն են դժգոհություն հայտնում՝ թե՛ ռազմական փորձագետները, թե՛ տնտեսագետները, թե՛ հոգեբանները և այլն։ Բոլորին սահման տանելու գաղափարը նշանակում է, որ դու տապալել ես քո հայտարարած բանակային ռեֆորմները ու վերադառնում ես հին ու բարի կամավորներին։ Չէ՞, որ սա նշանակում է, որ տնտեսապես զբաղված քաղաքացիները կտրվելու են իրենց աշխատանքից, տնտեսությունը ծանրաբեռնվելու է։ Մարդիկ, օրինակ վարկեր ունեն, պարտքեր ունեն․ պետությունը վճարելո՞ւ է։ Կամ ո՞րտեղ է պահելու պետությունը այդքան զորակոչվածի, եթե սկի զորամասերը զինվորներին չեն բավականացնում, սնունդն էլ շատերը տանից են ուղարկում, նորմալ չեն տրամադրում հագուստը, քնում են վրանների տակ։ Հարցեր են, որոնց լուծումը անհասկանալի է։ Ու էսպիսի լիքը հարցեր կան։

44-օրյա պատերազմի ժամանակ վայենկոմատների դիմաց հերթեր էին։ Մարդիկ գնում էին հայրենիքի համար կյանք չխնայելու։ Նախ էն ժամանակ կար Արծրուն, էնպիսի քարոզ էր տանում, որ ոչ թե ասում էին եկեք պատերազմ, այլ ասում էին՝ եկեք մասնակից դառնալու հաղթանակին։ Մարդիկ գնացին ու ինչ տեսան՝ ինչ հաղթանակ։ Ու հիմա երբ իրենց իսկ ասելով բանակը քանդված է, սպաների ու հատկապես գեներալիտետի հեղինակությունը ընկած է, գերագույն հրամանատարը դասալիք է, բանակի հրամանատարը Պապիկյան Սուրոն է, դու ո՞նց ես քաղաքացուն մեղադրելու, որ չի ուզում գնալ զորավարժության։

Ըստ երևույթին այս՝ բոլորին սահման տանելու թեման ինչ-որ խաղի պես բան է, երևի ինչ-որ գրազ են եկել, կրվել, պարապ են մնացել, որոշել են ինչ աբսուրդ բան կա՝ փորձարկենք։ Հիշում ե՞ք կորոնավիրուսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը իր կնոջից ու դստերից էր հարցնում, թե ճիշտը ո՞րն է, ո՞նց անեն, հիմա էլ ինչ-որ տենց մեկից մի հատ խորհուրդ է հարցրել։ Հետաքրքիր է՝ էն 24 միլիոն դրամով բանակից ազատվողները մասնակցելո՞ւ են հայրենիքի պաշտպանության այդ գործին, թե չէ, կամ, ասենք, Անդրանիկ Քոչարյանի տղան, որ բանակից տարօրինակ կերպով ազատվել է։

Վարժանքների գաղափարը ժողովուրդը չի ընդունում ոչ միայն այս պատճառներով։ Ավելի խորքային պատճառներ էլ կան։ Քաղաքացին չունի երաշխիքներ։ Չունի անվտանգային երաշխիք։ Մարդ չգիտի՝ վաղը գնաց սահման ու իր հետ մի բան եղավ, ինչ է լինելու իր ընտանիքի հետ, հարազատների հետ։ 5 հազար զոհ ունենք պատերազմից, 200-ից ավելի զոհ՝ սեպտեմբերի 13-ի բախումներից, ի՞նչ աշխատանք է տարվում նրանց ընտանիքիների հետ, բոլո՞րն են ստացել ֆինանսական աջակցություն, արդյո՞ք իրենց ընտանիքները չեն թողել բախտի քմահաճույքին։ Լավ, ասենք փող են տվել ու վե՞րջ, արդյո՞ք պետությունը պարտավորություն չունի նրանց զավակների նկատմամբ։ Գնացին ու գերի ընկան, ի՞նչ է կատարվում իրենց հետ, ամեն ինչ անո՞ւմ է պետությունը, որպեսզի նրանց գերությունից հետ բերի։ Ոչինչ չի անում, ասում է՝ մեզ կներեք մի երկու-երեք ամիս, ու դա դառնում է 1,5 տարի և ավելի․ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում մեր գերիներին 15-20 տարվա ազատազրկման են դատապարտում, տանջամահ են անում։ Անհետ կորածների հայտնաբերման շուրջ ի՞նչ աշխատանք է տարվում։ Մենք ունենք կոնկրետ փաստ, որ 33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը անհետացել է պոստից՝ 2021 թվականի նոյեմբերից, փոխանակ փնտրեն-գտեն, Ադրբեջանին պահանջներ ներկայացնեն՝ պոստում է կորել ի վերջո, զորամասը ինքնակամ լքածի հոդված են վրան դրել, որ ընտանիքին փոխհատուցում չտան։ Կինն ու երեք անչափահաս երեխաները վարձով են ապրում։ Հետախուզում էլ չեն հայտարարել։ Մարդը, որին պետք է տանեն պոստեր, ախր աչքի առաջ ուներ զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների օրինակը, չէ՞։

Վիրավորների օրինակը ամենախայտառակն է։ Մեր պետությունը վիրավորների հետ իրեն պահում է․․․ Չասեմ ամենավերջին ինչի պես։ Մենք ճչգիտենք՝ արդյո՞ք բոլոր վիրավորները հատուցված են, որովհետև նախ մենք չգիտենք վիրավորների թիվը։ Մեր պետությունը թաքցնում է 44-օրյա պատերազմում վիրավորների թիվն ու անունները։ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած քա՞նի զինվորի ընտանիք է բողոքում, որ ոչ մի օգնություն չի ստանում, անգամ բուժում չեն ստանում, իրենց միջոցներով են բուժում։ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածներից շուրջ 300 հոգի զրկվել է հաշմանամության կարգից, այսինքն՝ նաև նպաստից, կարգը իջեցրել են, որ փոխհատուցում չտան։ Իրենց ճակատագիրը կառավարության վեջը չէ։ Հիմա սա տեսնողը գնում է սահման, որ ի՞նչ անի՝ իմանալով, որ եթե իր հետ մի բան պատահի, մնալու է բացառապես Աստծո հույսին, ինքը ոչինչ չստանա, իր փոխարեն դեպուտատները պարգևավճար ստանան։ Երկու տարի առաջ զինծառայող էր՝ կլուբնիկ էին տալիս, վիրավորվեց, սկի թոշակ չեն տալիս։ Քա՞նի կոպեկ արժեր տվածդ կլուբնիկը։ Սեպտեմբերի 29-ի նիստում Նիկոլն ասում է՝ ոստիկանների աշխատավարձը պետք է շոշափելի, անգամներով բարձրանա։ Լո՞ւրջ։ Որովհետև իրեն ոստիկանն է պետք՝ իր իշխանությունը պահելու համար, վիրավոր զինվորն իր ինչի՞ն է պետք։ Դառը բան եմ ասում, ժողովուրդ ջան, բայց էս իշխանությունը էդ ա։ Հայրենիքին կյանք տվողը իրենց պետք չէ, իրենց պետք են Նիկոլի համար կյանք տվողները։ 

Պատերազմի ժամանակ զինվորը վնասվածք է ստացել, հիմա գլխի հատվածում 4 սմ մեծությամբ բեկոր կա, հաշմանադամության 3-րդ կարգը չեն հաստատել, զրկվել է թոշակից։ Ասում են՝ կարող ես շարժվել, հետո՞ ինչ, որ դժվարությամբ: Գնացել են բողոքարկելու, տեսել են հարյուրավոր հաշմանդամություն ունեցող զինվորներ են բողոքում։ Մարդը անհետ կորել է, ընտանիքն է հաշվեհամարներ բացել օգնություն հավաքում, որ ապրի, որովհետև պետություն չկա, մեկ տարի անհետ կորել է, մեկ ագամ չեն հետաքրքրվել էդ ընտանիքի ճակատագրով։ Պատերազմում ոտքը կորցրած սպային զրկել են կարգից ու ամենամսյա փոխհատուցումից, դե, ասում են՝ վերքը լավացել է։ Սոցապնախարարն էլ ասում է դե դժգոհ ե՞ք, որ դրական դինամիկա կա։ Բայց ոտք չունի ու չի էլ աճելու, երևի նախարարը տեղյակ չէ։

2021 թվականի հունիսի 16-ին, ընտրություններից 5 օր առաջ, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ջերմուկում «Ապագա կա» կարգախոսի համար ձայն մուրալու։ Այն նույն Ջերմուկ, որը այդ քարոզարշավից մեկ տարի ու երկու ամիս անց պետք է դատարկվեր։ Գնացել ու ասում էր՝ «Վիրավոր ծինծառայողն ինձ ասում ա՝ ես ծնողազուրկ եմ, ես ասեցի նման բան չասես, դու ծնողազուրկ չես, քո թիկունքին ՀՀ է կանգնած: Էս ընտրությունը նրա համար է, որ քաղաքացին իմանա՝ իր թիկունքին պետություն է կանգնած»։ Էդ խոսքերն ասելուց ուղիղ մի տարի անց մենք տեսնում ենք, որ վիրավոր զինվորների հաշանդամության կարգ են իջացնում ու զրկում թոշակից։

Հաշմանդամություն ունեցող զինվորների ծնողներ, հարազատներ, դուք առողջ զինվոր եք, չէ՞ տվել, բա գնացել է, վիրավորվել է, հետ է եկել հազիվ, զրկել են թոշակից, դուք փոխանակ բարձրաձայնեք, ասում եք՝ փառք Աստծո, որ հետ է եկե՞լ։ Այո, Փառք Աստծո, բայց նա պետք է վիրավորվելուց հետո պետության ուշադրությանն արժանանար, պետությունը պարտավորություն ունի տեր կանգնելու։ Էս վիճակը ձեզ դո՞ւր է գալիս, նորմա՞լ է։

Սրա համար էլ մարդ չի ուզում գնա, որովհետև Աստված ոչ անի՝ մահանա՝ մնալու է անհայտ հերոս, մահանալու է պայմանավորված պարտության մեջ, զրկվելու է ամեն ինչից ու չարժանանա ուշադրության։ Դառնալու է անհայտ հերոս, բերեն բեմունաթ շպրտեն Աբովյանի դիահերձարանում։

Կարճ ասած՝ բանակը՝ մեր պետության հպարտությունը, ամենակարևոր ձեռքբերումն է եղել 20 տարի շարունակ, ու այսօր այդ բանակից Բ տառն է մնացել, և Կառավարությունն իրավունք չունի մեղադրելու որևէ քաղաքացու, որ սիրով չի ընդունում իր հռչակած խաղաղության դարաշրջանին մատաղ լինելու որոշումը։ Այս կառավարությունը ինչի անունը դրել է բարեփոխում, հերն անիծել է, սկսած՝ տոպրակների բարեփոխումից մինչև աղաման ու հիմա էլ՝ բանակ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ