22 11 2022

«Կարճ ասած»․ Պուտինի դեմ ակցիաներն ավելի շատ հակառուսակա՞ն են, թե՞ հակահայկական



 

Վաղը Երևանում տեղի են ունենալու ՀԱՊԿ մի քանի նիստեր։ Այդ առիթով Հայաստան են գալիս անդամ երկրների ղեկավարներն ու նախարարներ։ Այդ բոլոր պատվիրակություններից՝ Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, բնականաբար, ամենասպասվածը ՌԴ նախագահի այցն է։ Հայաստանում, պարզվում է, բազմաթիվ են քաղաքացիական ու քաղաքական խմբերի թիվը, որ ցանկություն ունեն ակցիա անելու ՌԴ նախագահի այցի կապակցությամբ՝ թե բողոքի ցույցեր, թե՛ աջակցության ցույցեր։ Կարծում եմ, նորմալ է, բայց առաջ չընկնեմ, դրա մասին չէ ասելիքս։

Ովքե՞ր են ուզում բողոքի ակցիաներ անել։ Այսօր կոմունիստների հերթն էր։ Ակցիա անելու մեծ ցանկություն ունեն հայտնի սորոսականներն ու արևմտամետները, Ուկրաինայի դարդով տապակվողները, Լարսում մնացած բեռնատարների վարորդները, արտահանողները, գերիների հարազատները, ռուսական խաղաղապահների աջակիցները, ՀԱՊԿ-ին մասնակցությանը դեմերը, սահմանամերձ բնակավայրերի՝ թուրքի կրակի տակ ապրող քաղաքացիները և այլն։ Մի մասը տրամաբանված է, մի մասը՝ ավելի շուտ անտրամաբանական, մի  մասը արդարացի դժգոհություն ունի, մի մասի հասցեատերը այլ մարդ է, մի մասը ի աջակցության է, մի մասը՝ բողոքի, խառն է։ Կան մարդիկ, որ կուզենային ակցիա անել, որովհետև հակառուս են, գաղափարով, բայց չեն անի, որովհետև բարձր պաշտոնյա են՝ նախարար, ԱԽ քարտուղար, ԱԺ նախագահ, փոխնախագահ, հատուկ դեսպան և այլն։

Ակցիա են անելու բեռնատարների վարորդները․ մարդիկ ուզում են ընդամենը, որ կարողանան բեռներն անցկացնել Վրաստանից Ռուսաստան, իրացնեն, ապրեն։ Գերիների հարազատներն ասում են՝ Ռուսաստան, օգնիր բերենք մեր տղերքին, երկու տարուց ավելի է՝ գերի են, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ադրբեջանից ուզեք։ Իրենց ակցիայի իմաստը հասկանում եմ։ Կան նաև այս ընթացքում Ռուսաստանի նկատմամբ ձևավորված արդարացի պահանջներ ու դժգոհություններ, որոնք ևս հասկանում եմ՝ սկսած նրանից, որ Հայաստանում կալանավորվում են ՌԴ քաղաքացի հայեր, որոնք մասնակցում են բողոքի ցույցերի, ու Ռուսաստանն անտարբեր է։

Բայց կան ակցիա անողներ, որոնց իմաստը չեմ հասկանում, ավելի շատ՝ իրենց արածը հակահայկական ակցիայի տպավորություն է թողնում, քան հակառուսականի։ Օրինակ՝ Ուկրաինայի հարցով բողոքի ցույց անելը ավելի շատ հակահայկական չէ՞, քան հակառուսական, թեկուզ հենց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ երկիրը գրեթե նույն կերպ տոնում էր Ադրբեջանի հաղթանակը 44-յա պատերազմում, ամբողջ Կիևը լցված  էր՝ Ղարաբաղը Ադրբեջան է պաստառներով։ Հիմա, իրենց ինչը պաշտպանենք, ու՞մ բողոքեմ, ինչի՞ բողոքեմ․ այ էդ բողոքը հայի կողմից, չեմ հասկանում։

Ես, օրինակ, վստահ եմ, որ ընդդեմ ռուսական ռազմաբազաների բողոքի ակցիան ոչ թե հակառուսական է, այլ՝ հակահայկական։ Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը ոչ թե հայ զինվորն է, ինչպես միշտ է եղել, այլ՝ օրինակ,  ռուսական ռազմաբազան։ Ցավալի է, բայց այս իշխանությունն է հասցրել այդ վիճակին։ Վաղը ռազմաբազան հանեց, ընդամենը մեկ որոշման հարց է թուրքերի ու ադրբեջանցիների՝ Հայաստան մտնելը։ Ոչ Խզմալյանն է զենքը վերցնելու գնա Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահմանը պահի, ոչ էլ Արամ Զավենիչը։ Տո ոչ էլ, իրենց գովերգած հավաքական արևմուտքն է, զենքով գալու, հենա Ուկրաինան մեզ օրինակ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ անողները, ռազմաբազան հանելու պահանջ ներկայացնողների պես, բան չեն առաջարկում։ Ասենք դուրս եկար ՀԱՊԿ-ից, հետո՞։ Չէ, խնդիրը նա չէ, որ մեկն ասում է թե մի հրաշք կազմակերպություն է, խոսքը նրա մասին է, որ դուրս եկանք, լսեցինք Խզմալյանին, Վազգենի անարժան եղբորը, դուրս եկանք, հետո՞, ուրե՞նք մտնում, ու՞մ հետ ենք ռազմական դաշինք կազմում, ու՞մ ենք մենք պետք, մի հատ հասկանանք, նոր դուրս գանք։

Խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե դուրս գալու կամ այլ տեղ մտնելու մեջ է, այլ որևէ կառույցում ճիշտ աշխատելու մեջ է։ Այն, որ Ալիևը երեկ հայտարարում էր, թե մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակից ունենք, քան Հայաստանը, դա մեր իշխանության պատճառով է, ոչ թե ՀԱՊԿ-ի։ Կամ չեմ հասկանում ԵՏՄ-ից դուրս գալու պահանջները։ Օրինակ՝ Պուտինի առաջ, դեսպանատան առաջ, ռազմաբազայի առաջ ցույց անելու փոխարեն կարող եք ցույց անել Գազպրոմի դիմաց, պահանջել, որ մենք էլ Եվրոպայի չափ վճարենք գազի համար, պահանջենք, թող այլևս ցորեն չմատակարարի, Ջերմուկով յոլա կգնանք, եթե, իհարկե, թշնամուն չհանձնեն, պահանջեք, որ միգրանտներին, արտագնա աշխատանքի մեկնողներին դեպորտ անեն։ Անտրամաբանական է, չէ՞։ Բայց սա նույն տրամաբանությունն ունի, ինչ իրենց ակցիաները ռազմաբազան դուրս բերելու պահանջով։

Կրկնում եմ՝ դեռ հարց ե՝ այս ակցիաները, Հայաստանի իշխանության քայլերը ավելի շատ հակառուսակա՞ն են, թե հակահայկական։ Օրինակ՝ Զատուլինի մուտքն արգելելը հակառուսակա՞ն էր, թե՞ հակահայկական․ սա ազդակ էր մեր բոլոր բարեկամներին, որ Հայաստանի օգտին խոսելն ու գործելը վտանգավոր է։ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը, վրան քրեական գործ հարուցելը, հակաՀԱՊԿակա՞ն էր, հակառուսակա՞ն էր, թե հակահայկական։ Այդ օրվանից հենց այդ կառույցը ու հենց այդ պատճառով անլրջացել է։ Նիկոլ Փաշինյանի կողմից իր իսկ ընտանեկան թերթում հավաստի աղբյուրի անվան տակ ռուսների դեմ ինչ ասես գրելը հակառուսակա՞ն էր, թե հակահայկական։ Որ Նիկոլը ասում է փողը տվել եմ, բայց զենքը խաբում են չեն տալիս, իսկ իր թերթում էլի հավաստի աղբյուրի տակ գրում է, թե խոսքը Ռուսաստանի մասին է՝ հստակ իմանալով, որ զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, հիմա սա հակառուսակա՞ն քայլ է ավելի շատ, թե հակահայկական։ Ես չեմ պատրաստվում հիմա գովեմ, կամ պաշտպանեմ Ռուսական պետությունը, կամ իշխանությանը, ընդանհրապես, ես այլ հարցեր եմ տալիս, որոնք այս օրերին գրեթե չեմ տեսնում։ Այ մարդ, բան ունե՞ս ասելու, գնում ես տեսնում ես, երեսներին ասա, մուննաթ արի, հետները չես ուզում աշխատես՝ մի աշխատի, դուրս արի․ բայց եթե գնում էնտեղ մի բան ես ասում, հետ գալիս ակցիաներ կազմակերպում, իբր բացահայտող հոդվածներ գրում, ավելորդ ու անիմաստ տրամադրություններ գեներացնում, դրանով մեր երկրին ու ժողովրդին ես դնում վտանգի տակ, մեր ժողովուրդը շատ բան հասկանում է, շատ բան էլ չի հասկանում, էլ չեմ ասում, թե ինչպես է թակարդն ընկնում ձեր մանիպուլյատիվ տեղեկությունների արդյունքում։

Լավ, եկեք հասկանանք, այդ ակցիաների մեծամասնության հասցեատերը արդյո՞ք Ռուսաստանն է։ Վստահ եմ՝ ոչ։ Բացատրեմ։ Պատկերավոր բացատրեմ։ Պուտինը կարող է, ասենք, մի հատ ուղերձ հղել բեռնատարների վարորդներին, գերիների հարազատներին, սորոսականներին, արևմտամետներին ու մնացած բոլորին ու ասել՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, 2021 թվականի հունիսի 21-ին որ գնացել եք ընտրության, քվեաթերթիկում իմ կամ «Միացյալ Ռուսաստան» կուսակության անունը եղել է՞։ 54 տոկոս ձայն ես կամ իմ կուսակցությու՞նն է տարել։ Ընտրել եք ձեր Նիկոլ Փաշինյանին, պահանջեք իրենից։ Գերիներին բերելու, բեռնատարները թողնելու, եթե կուզեք՝ ռազմաբազաները հանելու, ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից դուրս գալու հարցերին պատասխանողը ևս ձեր իշխանությունն է։ Ավելին, սորոսականներն այս իշխանության լուրջ փայատեր են, ԱԺ-ում, կառավարությունում լուրջ թիմ ունեն, հանդիպում են Փաշինյանին, քննարկումներ են անում, այս հարցերի պատասխաններն իրենից էլ պահանջեք։ Ինչի՞ եք ակցիա անում։

Կարճ ասած՝ այս բոլոր ակցիաները փաստում են մեկ բան՝ Հայաստանում իշխանությունը զուտ ֆորմալ է, ունի արտոնություններ, իրավունքներ, լիազորություն և այլն, բայց այ պատասխանատվություն չի կրում, չի զբաղվում, ժողովրդի լեզվով ասած՝ հարցեր չի լուծում․ միայն օգտվում է։ Ինչ-որ իմաստով, սակայն, հասկանում եմ բողոքողներին․ չկա քաղաքացիների խումբ, որ այս իշխանության հետ հույս է կապում, խնդիր ունենալու դեպքում։ Սպասելիքները անգամ Պուտինից են․ բա հո Նիկոլից չեն լինելու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ