28 12 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչը պետք է իրականում փակել պատերազմի ժամանակ



 

Կառավարությունը մի նախագիծ է դրել շրջանառության մեջ․ իրենց դեպքում՝ տարօրինակ․ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություն-լրացումներ է առաջարկում, որը նախատեսում է ժամանակավոր սահմանափակումներ անել։ Կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում, արգելափակում, ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Այս նախաձեռնությունը աբսուրդ չէր լինի, եթե այն չնախաձեռնեին հենց իրենք։

Սահմանափակումներ, այո, պետք են․ թե ինչը կամ ում պետք է սահմանափակել, կասեցնել, առգրավել, ում կալանավորել, որ ձայնը չլսվի, այդ ամենը հստակ երևաց երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմում։ Անգամ հիշեցնելու կարիք չկա, թե ո՞ւմ կողմից եկած ինֆորմացիան էր կեղծ, ովքե՞ր էին ֆեյք քարոզչություն անում․ Պատերազմը ցույց տվեց, որ հիմնական սուտը տարածում էին հենց այս իշխանության ներկայացուցիչները, իրենց արբանյակները, ամենամեծ վտանգը, առնվազն տեղեկատվական դաշտում, հենց իրենք էին հանդիսանում։ Նիկոլը ամեն օր ուղերձով դիմում էր և մարդկանց կոչով տանում էր մահվան, ասում էր՝ ազատագրում ենք, եկեք հաղթանակին միացեք, տոնենք, գնում էին ու տեսնում, որ անգամ երկինքը փակ չէ, և զոհվում էին դեռ մարտի դաշտ չմտած։ Արծրուն Հովհաննիսյանի ստերին չափ ու սահման չկա, Արայիկ Հարությունյանի ստերն ու ինքնագովազդող քայլերը, իր խոսնակը, քարտեզը, որի շուրջ բոլորել էին բունկերում ծվարած Ավինյանը, Արարատը, Էրատոն և մյուսները, ՔՊ-ական դեպուտատները։ Էսօր ԱԺ պատգամավոր կա, գեներալ, կամուֆլյաժը հագնում էր ու անկապ ֆոնի հարցազրույց էր տալիս սորոսական ու ամերիկյան կայքերի, ասում էր՝ ազերիներին ջախջախում ենք։ Իմ կարծիքով, 44-օրյա պատերազմի ժամանակ այդքան վտանգավոր չի եղել ադրբեջանական ու թուրքական պրոպագանդան, քան սրանցը։ Որովհետև, երբ նայում էինք իրենցը, մշտապես կասկած ունես, որ քարոզչություն է, սուտ է, կեղծիք, մերին նայում էինք իբրև ճշմարիտ, չնայած հակասող տեղեկությունները գնալով շատանում էին։ Պատերազմից հետո էր, որ կպարզվեր, որ այդ օրերի ադրբեջանական տեղեկատվությունը շատ ավելի ճշգրիտ էր հայտնում ինչ է տեղի ունենում, քան սրանք։ Որ գյուղի, քաղաքի գրավման, օկուպացման ֆոտո էին դնում, վիդեո, Արծրունն ասում էր՝ սուտ ա, ոչ մեկի մի հավատացեք, հենց հիմա էնտեղ եմ։ Հետո պարզվում էր՝ լկտի խաբում է։

Ընդամենը վերջերս հայտնի դարձած պատմությունը․ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին ադրբեջանցիները գրավում են Զանգելանը, դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը, նկարվում-գցում համացանց։ Դրանից մեկ օր անց մերոնք Կովսականում մարտական առաջադրանքի հրաման են ստանում, ընկնում են շրջափակման մեջ, 40 զինծառայող զոհվում կամ գերեվարվում է: Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին, Արծրուն Հովհաննիսյանը վազում է Հ1-ի տաղավար ու ասում, թե մերոնք ազերներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է: Պատերազմից հետո կանչում են Արծրունին քննիչի մոտ, ցուցմունք է տալիս, ասում է՝ սխալվել եմ։ Հիմա որ Արծրունի գործունեությունը սահմանափակվեր կամ կալանավորեին, քա՞նի հատ էսպիսի սուտ չէր տարածվի։ Հիմա էլ էս տղեն պատերազմի դեպքերը քննող հանձնաժոովում է, վերլուծություն է անում, կանչում է ցուցմունք լսում, ու հենց սահմանին կրակոց է լինում, զոհ ենք ունենում, էլի ֆեյսբուքում ակտիվանում է։ Հենց սա է աբսուրդը, այն մարդիկ, որոնք պետք է ցուցմունք տային, պարզաբանեին, թե ո՞ւմ ասելով, հրամանով, կարգադրությամբ և հատկապես, ինչ նպատակով են տարածել սուտ տեղեկությունները պատերազմի ամբողջ ընթացքում, իրենք են նստում, այլոց ցուցմունքների ճիշտ ու սխալ անում, Քոչարյան Անդոնի հետ։ Բա հենց առաջին հերթին, հենց դրա համար էր պետք իշխանափոխությունը, որ գոնե պարզվեր՝ արդյո՞ք նպատակը եղել է դավադրաբար պարտության տանելը, թե այլ․․․ Չգիտեմ, թող բացատրեին՝ կտեսնեինք։ Վստահ եմ, իշխանափոխությունից հետո շատ բաներ են բացահայտվելու։ Դրա համար էլ, աթոռին էդպես կառչած են։

Ինչո՞ւ սոցցանցերը չէին արգելափակում 44-օրյայի ժամանակ․ իմ համոզմունքն է՝ որովհետև գործ ունեինք պլանավորված պարտության հետ, պետք է որ ազգին բթացնող իրենց սուտ ելույթները, տեղեկությունները տարածվեին, որ ժողովուրդը մնար թմբիրի մեջ։ Իրենցից մեկը Գուգլից ֆոտո էր քաշում ու գրում՝ հենց հիմա ազատագրված էս լճի ափին նստած ենք, թշնամին ծոծորակը կտեսնի Ջեբրաիլը չի տեսնի, էն Ալենը ասում էր, թե հեսա լավ լուր է հայտնելու, Շահումյան, Գետաշեն էին ազատագրում, Արծրունը, Արայիկը, Արայիկի խոսնակը, Նիկոլը։ Ամեն օր նահանջել են, օր չի եղել, որ չնահանջեն, բայց ամեն օր ասում էին՝ հաղթում ենք։ Նիկոլը հարցազրույցներ էր տալիս, ասում էր՝ այս պահին թշնամուն կոտորում ենք․ պարզվում էր՝ ինչ-որ Լելե թեփեի օպերացիա են անում ու լիքը զոհ, զրահատեխնիկայի կորուստ։ Այդ տեղեկությունները մեզ էլ էին հասնում, բայց չէինք խոսում, նախ մտածում էինք՝ կարող ա մի բան կա, չվնասենք, երկրորդը՝ Ոստիկանությունը ընկած լրատվամիջոցներին էր տուգանում իշխանությանը քննադատելու համար։

Հիմա, թշնամին, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, ո՞վ էր․ եթե ինքը նայում էր թուրքի տեսանկյունից, ուրեմն, այո, կոտորում էին։ Շուշին հանձնել էին, երկու օր հետո գրում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Հիմա, էսքանից հետո, ո՞ր մեկի գործունեությունն է վտանգավոր և ի՞նչը պետք է արգելափակել։ Դե դուք ասեք։

Ստի ամենաթարմ օրինակը բերեմ․ արգելափակում, որը պետք է իրականացնել ոչ միայն ռազմական դրության ժամանակ, այլ հիմա՝ անմիջապես․ արգելել Արմեն Գրիգորյանին զբաղեցնել որևէ պաշտոն, հետ ուղարկել սորոսական միջավայր։ Մարդը եթերներից ատելություն է քարոզում՝ սուտ տեղեկություններ տարածելու միջոցով։ Ասում է՝  Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, այնուհետ անդամակցել ՌԴ-Բելորուս միութենական պետությանը։ Ազատությունը այդ ամենը վերնագրում է, որ հենց Ռուսաստանն է ստիպում։ Փորձագիտական համայնք խառնվում է իրար, ի՞նչ, էս, ո՞նց, ընկնում են ման են գալիս որևէ ապացույց այդ բանի․ ոչ, չկա։ Բայց, դե մյուս կողմից էլ պետական բարձրաստիճան պաշտոնյան է դա ասում, մտածում ես՝ ուրեմն մի բան կա, չէ՞։ Բայց, միևնույն է՝ չկա որևէ ելույթ, որևէ հարցազրույց, որևէ փաստ, ու իրականում կա ընդամենը մի հակառուս սորոսականի համբավ ունեցողի խոսք ու վերջ․ էն որ վկա չի լինում, բայց պետք է մարդուն փակեն, ոստիկանն է ցուցմունք տալիս, այ էս դեպքին է նման։ Ռուսաստանից նախագահի խոսնակն ասում է՝ նման հայտարարությունները սուտ են և սադրիչ, իսկ Արմեն Գրիգորյանը մի փաստ չունի, որ հակադարձի, ընկնում «Ազատության» վերնագրերն են խմբագրում, հանում են Ռուսաստան բառը։ Ընդ որում, լայնորեն տարածվելուց հետո ԱԽ քարտուղարը չի հերքում, չի ասում իմ խոսքերը աղավաղել են՝ տպավորություն թողնելով, որ ուզում էհենց այդպես տարածվի։

Էս նախագծով սահմանափակումներ են անում, անջատում են համացանցը, լրատվական կայքեր, իրավունք են ունենում առգրավել պրինտերներ, քսերոքսի ապարատներ, որ հանկարծ պրոթուրքական կամ պրոադրբեջանական քարոզ որևէ մեկը չփորձի անել ու բազմացնել-տարածել կամ որևէ մեկը չհամարձակվի խոսել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Հայաստանում կան հարցումներ՝ փողոցում՝ ՀՀ քաղաքացիների շրջանակներում, Թուրքիայի ու Ադրբեջանի վերաբերյալ և կա Ազգային ժողովում՝ քվեարկությունների տեսքով։ Քաղաքացիները դեմ են Արցախը Ադրբեջանի կազմում գտնվելուն, քաղաքացիները դեմ են Թուրքիայի հետ հարաբերություններին։ Ազգային ժողովում եղել է քվեարկություն՝ Ադրբեջանին դատապարտելու հարցով, Շուշիի հռչակագիրը դատապարտելու հարցով, Թուրքիային դատապարտելու հարցով, Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 100 տոկոսով, միաձայն կողմ է քվեարկել Թուրքիային ու Ադրբեջանին, 100 տոկոսով, մի ձայն փուստ չեն տվել, օրինագիծ է բերվել, որով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսելը քրեորեն հետապնդվում էր, այդ նախագիծը միաձայն տապալեց հենց Փաշինյանի ՔՊ-ն։

Տրամաբանությունը հուշում է, որ այս ընդունվող փոփոխությունները պետք է որ ընդունվեն հենց ՔՊ-ի գործունեության դեմ, այսինքն իրենք բերում են մի օրենքի փոփոխություն, որով իրենք իրենց սահմանափակե՞ն, որովհետև իրենցից բացի, այս երկրում ուրիշ ոչ ոք ադբեջանական քարոզչություն չի տարել, պետության անունից սուտը իրենք են ասել, իրենց լրատվամիջոցներն են մանիպուլացրել, իրենց պատգամավորներն են կեղծիքներ գրել։ Բա աբսուրդ չէ՞։

Կարճ ասած՝ այս պահին բանակցությունները փակուղի են մտել, թե՛ Հայաստանն է հրաժարվում բանակցություններից, թե՛ Ադբեջանն է հայտարարում դրանց անիմաստ լինելու մասին։ Պատերազմի հավանականությունը դարձյալ մեծ է։ Իսկ եթե պատերազմն անխուսափելի է, ուրեմն մոտալուտ պատերազմին ընդառաջ օրենք պետք է ընդունել և քրեական օրենսգրքի ամբողջ խստությամբ պատժել պետության անունից հանդես եկող գործիչների ստելը, պատժել օրենքի ամբողջ խստությամբ։ Եթե իշխանությունը լիներ ազնիվ, հենց էդ օրենքը կընդուներ՝ հաշվի առնելով երկու տարի առաջվա խայտառակությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ