16 01 2023

«Կարճ ասած»․ Վատից վատը․ նոյեմբերի 9-ից վատն էլ կար, որը արդեն մոտեցել է



 

Ամեն անցնող օր ոչ թե քայլ է դեպի Արցախի շրջափակման վերացում, այլ է՛լ ավելի է խորանում ճգնաժամը։ Այս պահին թեմայում ներառված 4 բացահայտ կողմերից՝ նկատի ունեմ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի Հանրապետություններն ու ռուս խաղաղապահները, ամենահստակը գործում է Ադրբեջանը․ նա փակել է ճանապարհը և իր խնդիրն է լուծում։ Հայաստանը ոչինչ չի անում, Ռուսաստանը ասում է, որ փորձում է քայլեր կատարել, բանակցում է, սակայն արդյունք չկա, իսկ Արցախում պարզվեց, որոշները բոլորովին այլ խնդրով էին զբաղված՝ ներքին քաղաքական խաղիկներով ու ինտրիգներով, որը գլխավորում են Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ իրենց հետևում գտնվող հայտնի ու անհայտ ուժերով, ամեն մեկը ինչ-որ ակնկալիքն ունենալով։ Հիվանդանոցները լի են մարդկանցով, Կարմիր խաչը էստեղից հազիվ դեղ է տանում, էնտեղից հիվանդների բերում, տնտեսվարողների շուրջ 20 տոկոսը կասեցրել է գործունեությունը, հոսանքը արդեն օրը 4 ժամով են տալիս, ու էս պարագայում ինչ-որ խաղեր տվողներ կան։ Փաստացի՝ Արցախի ներսում հումանիտար ճգնաժամին գումարվում է քաղաքական ճգնաժամը, եթե անմիջապես չհաղթահարվի։ Ամեն անցնող օր ավելի է բարդացնում իրավիճակը, նաև՝ սահմանը բացելու հեռանկարները, որովհետև թշնամին ամրանում է միջանցքում։

Ընդ որում, Լաչինի միջանցքի ու ընդհանրապես, Արցախի հարցի վերաբերյալ բոլոր կողմերի ուզածը, ակնկալիքներն ու քայլերը գիտենք, բացի մեկից, որը պետք է ամենակարևորը լիներ ու ամենաբարձրաձայնը ասեր։ Ադրբեջանը հստակ իր ասելիքն ասում է՝ ուզում է Արցախում հայ չմնա։ Նա ամեն ինչ անում է դրան հասնելու համար։ Պատկերացնում ենք ինչ է ուզում Ռուսաստանը, երևի թե ուզում է հարցը հետաձգել մի անորոշ ժամանակով, մինչև գլուխը խախանդվի։ Այո, հնարավոր է դա նրա համար է, որովհետև Ռուսաստանին պետք է զորք, ռազմաբազա ունենալ․ բայց դրա համար էլ նրան հարկավոր է, որ Արցախում հայեր լինեն, տարածքը հայկական մնա, այլապես Ադրբեջանի ներսում չի ունենա զորք։ Գիտենք ինչ է ուզում Արցախը, ուզում է ազատվել Ադրբեջանի ճիրաններից։ Անգամ Լաչինի միջանցքի հետ ուղղակիորեն չկապվող Իրանն է օր ու մեջ դիրքորոշում հայտնում, որ իր համար անթույլատրելի է Հայաստանի հետ հազարամյակներով ունեցած սահմանի որևէ փոփոխություն։ Թուրքիան գիտենք ինչ է ուզում, ուզում է խնդիրը ցանկացած պարագայում լուծվի Ադրբեջանի օգտին։ Իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը։ Ոչ մեկ չգիտի։

Էդ որ սաղ ՔՊ-ականներն ասում են պետք է արցախցիներն ու ադրբեջանցիներն իրար հետ երկխոսեն, դա դիրքորոշում չէ, որովհետև խուսափում են նշել, թե որպես ով երկխոսեն՝ որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, թե՞ Ադրբեջանի ու անկախ Արցախի Հանրապետության քաղաքացիներ։ Որպես ո՞վ երկխոսեն։ Հայաստանը ամենուր պետք է իր հստակ դիրքորոշումն առաջ բրդեր, բարձրացներ, ամեն օր դիմեր միջազգային կառույցներին, պահանջներ ներկայացներ բոլոր էն կառույցներին, որի անդամ է։ Բայց Հայաստանը չենք հասկանում ինչ դիրքորոշում ունի։ Որ իրենց համար հանձնել-պրծնելու հստակ դիրքորոշում կա, դա պարզ է, բայց դա էլ չեն ասում, վախենում են ուղիղ ասեն, հետևանքներից են վախենում։ Ու մենակ մենք չէ, որ չենք հասկանում, չեն հասկանում նաև Արցախում, չեն հասկանում և ոչ մի երկրում, որովհետև, աշխարհի երեսին չկա մի ազգ, որ իշխանությունը սեփական երկրի զիջումներից խոսա։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, որ մեզանից շատ է բանակցում մեր թեմայով, ասում է՝ Մոսկվան երկկողմ կապուղիներով փորձում է ճշտել, թե ի վերջո ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը։ Եվ աում են՝ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարություններն էապես տարբերվում են։ Մեր թշնամի Իլհամ Ալիևն անգամ ասում է՝ Նիկոլը բանակցությունների ժամանակ ուրիշ բան է պայմանավորվում, գնում է Հայաստան ուրիշ բան է հայտարարում, չենք հասկանում։ Երբ որ մի մարդը համաձայնություն է տալիս իրարամերժ երկու փաստաթղթերի, այն է՝ խաղաղության պայմանագրի ռուսական և Արևմուտքի տարբերակներին, ի՞նչ ակնկալես նրանից։

Գնում է բանակցելու, մեկ ասում է բան չենք բանակցում, մեկ ասում է ինչ պետք է բանակցում ենք, հետո 10 թվական է բերում, թե այսինչ, թվին հանձնվել է Ղարաբաղը, չէ՝ այս մյուս թվին է հանձնվել, մեկ ասում է Ռուսաստանը ՀՀ անվտանգության երաշխավորն է, հետո ասում է վայ չէ, սպառնալիք է։ Մեկ ասում է Հայաստանը պետք է չխոսի Արցախի անունից, մեկ ասում է՝ Արցախի անունից կապիտուլյացիա եմ ստորագրել, էսպիսի աջաբսանդալ։ Հայաստանը որևէ գործնական քայլ արե՞լ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, ես տեղյակ չեմ։ Անգամ այս օրերին չի դադարեցրել օդային ճանապարհի տրամադրումը Ադրբեջանին։ Լաչինի միջանցքը փակել են, բայց Հայաստանի օդային տարածքով Բաքվից Նախիջան զենք են տեղափոխում, գուցե վաղն էլ էդ զենքով Երասխի ուղղությամբ կկրակեն։ Թուրքիան հրապարակային ողջունել է Լաչինի միջանցքի շրջափակումը ու ասել է, որ միշտ աջակցելու են Ադրբեջանին։ Էդքանից հետո Լաչինի միջանցքի փակման 25-րդ օրը Թուրքիան վերացնում է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը ու վերսկսում են բեռնափոխադրումները, ու Հայաստանը Լաչինի միջանցքը նախապայման չի դնում, ընդհակառակը, հույս է հայտնում, որ մնացած պայմանավորվածություններն էլ կկատարվեն։ Մեկ Նիկոլն ասում է մենք ամեն ինչ անում ենք, մեկ էլ ասում է՝ ռուսները պետք է անեն, մեզ համար կարևորը Արցախը չէ, մեր 29,800 քառակուսի կիլոմետրի փրկությունն է։ Հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ մեղքով 43 հազար քառակուսի կիլոմետրը դարձավ 29,800 քառակուսի կիլոմետր ու ո՞վ է պետություն, անկախություն ձեռք բերած մեր ժողովրդին կանգնեցրել դրանք կորցնելու վտանգի տակ։ Ազգային ժողովը հրաժարվում է անգամ հակաադրբեջանական մեկ բանաձև ընդունել, որ չվիրավորվեն, զորավարժություններից է հրաժարվում, որ Ադրբեջանը հանկարծ չջղայնանա։ Հայաստանի այս դիրքորոշման պատճառով նաև անհնար է դառնում գործուն քայլեր ձեռնարկելը նաև դրսի մեր հայրենակիցների համար։ Էս մարդիկ էդպես ֆռացնելով օր ու տարի են գլորում, մանր հարցերում ֆռացնում են, մեծ հարցերում ֆռացնում են, ներսում ու դրսում ֆռացնում են, ու վերջում կանգնում ենք փաստի առաջ։

ՔՊ-ականներն ասում են ոչինչ որ Արցախում շրջափակում է, կդիմանան, մենք 90-ականներին ո՞նց դիմացանք։ Մենք 90-ականներին ավելի դժվար ժամանակներում շրջափակման մեջ այո, ապրեցինք, դիմացանք, բայց կար նպատակ, կար ծրագիր, հաղթում էինք, զոհողություն էինք անում, հիմա էդ ամենի միջով անցել ենք, որ դուք էլի վերադարձնեք նույն բանի՞ն, պարտվելու ելքով։ Մենք Արցախը ազատագրել ենք, որից հետո պետք է գնայինք արդեն տրամաբանական զարգացման ճանապարհով, ոչ թե հետ գնայինք։ Ընդ որում էն ժամանակ բոլոր ուղիները չէ, որ փակ էին։ Մեր հայրենակիցներին կոչ են անում դիմանալ Արցախում, բայց մինչև ե՞րբ, արվո՞ւմ է որևէ բան, որ իմանաս մինչև ինչքան են մնալու էդպես։  

Կարճ ասած՝ ընդդիմությունն ու շատ վերլուծաբաններ ասում էին՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ավելի վատ է լինելու քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է․ նա մնացել է, ու հիմա խնդրում է հայկական կողմը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը կատարվեն, չնայած որ այդ փաստաթուղթը կործանարար էր։ Հաջորդած իրավիճակն ու թղթերը ավելի վատն են լինելու, քանի այս իշխանությունն է Հայաստանում և նման մարդիկ  իշխանության են Արցախում։ Բոլոր վատ կանխատեսումներն իրականություն են դառնում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ