20 01 2023

«Կարճ ասած»․ Կյանքերից թանկ պաշտոնը 



 

2021 թվականի հունիսին այսինքն՝ 1 տարի 7 ամի առաջ, Սյունիքի մեր սահմանային դիրքերից ստացա լուսանկարներ մեր և Ադրբեջանցիների դիրքային կահավորումների մասին։ Մայիսի 12-ին մտել էին մեր սահման, առաջ էին եկել, մի քանի օր անց արդեն այսպես կահավորել էին։ Հայաստանի ղեկավարությունը կահավորել էր ինչ ձեռքի տակ ընկել էր․ էն որ ասում էր՝ ով ինչ ունի առեք եկեք պատերազմ, այ հենց տենց ով ինչ ուներ, տարել էր, մի բան սարքել էին, եռագույն դրոշն էլ հպարտ-հպարտ խփել էին, ոնցոր ձեռ առնեին։ Երեկ Նիկոլի դեսպանն ասում է, որ իրենք Իտալիայից պետք է բերեն մոդուլային զորանոցներ տեղադրեն․ էն, ինչ Ադրբեջանը բերել-դրել է մի քանի օրում, իրենք էս երկու տարի՝ հա բերում են ու հլը չեն բերել։ Խաբում են, ժողովուրդ։ Խաբում են։ Էսպիսի լուսանկարներ ստացել ենք սահմանային բազմաթիվ դիրքերից, մեկը մյուսից խղճուկ ու նման լուսանկարներ ստանում ենք ոչ միայն մենք, ուղղակի պետական գաղտնիքի քողով չենք հրապարակում, իսկ իշխանությունը հենց նույն գաղտնիքի անվան տակ անում է այն, ինչը սպանում է մեր զինվորներին։

Պատերազմի ժամանակ մեր 5 հազար զոհերի ճնշող մեծամասնությունը, ասում են՝ 90 տոկոսի ավելին մարտի դաշտ չի հասցրել մտնել, զոհվել է Բայրաքթարերի հարվածներից։ Օդը փակ չէր, պազիկներով կամավորներ էին տանում, Բայրաքթարը ֆիքսում էր ու պայթացնում, չէին կարողանում դուրս գալ մեքենաներից, ողջ-ողջ այրվում էին։ Երեկ զոհված մեր զինվորները այ էդ պատերազմական օրին էին, մեկ ելք ունեին, պատուհան չկար ու կրակ էր բայրաքթարերի պայթունի պես։ Էդ գոմը իշխանությունն էր տվել․ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյան ու Սուրեն Պապիկյանը մեր զինվորների գլխին լրիվ բայրաքթարի էֆեկտ ունեն։ 

2018 թվականի մայիսին, երբ նոր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին էր ներկայացնում անձնակազմին, Փաշինյանն ասում է՝ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր, պետք է ամեն դեպք լրջորեն հետաքննվի, պետք է հանրությունը տեսնի, վստահ լինի, որ զինվորն ապահով ձեռքերում է։ 2018-ի հեղափոխությունից երկու ամիս առաջ պատգամավոր Փաշինյանն ասում էր՝ երկու զոհ ունենք, ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։  Եղան զոհեր, եղան մահեր, հազարավոր մահեր, սաղ վերագրեցին պատերազմին, անցավ գնաց, ու երեկ, երբ որ զոհվեց 15 զինծառայող, Նիկոլը, որ պետք է լուրջ քննություն հանձնարարեր, միանգամից իր վարկածն առաջ քաշեց, թե՝ մեղավորը էդ զինվորներն են ու քննությունը ուղորդեց էդ ուղղությամբ։ Հիշեք Սուրմալուի դեպքը՝ «եթե ծուխ կա, ուրեմն ահաբեկչություն չէ» մակարդակի։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ շեղի մարդկանց ուշադրությունը 15 զինծառայողի սպանության հրեշավոր ոճրից։ Իսկ գիտե՞ք ինչու են ուզում մոռացության տալ․ որովհետև սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, որ ուղիղ պատճառը իրենք են, ուրիշ ոչ ոք։ Իմացել են ինչ պայմաններում է ապրում մեր զինվորը, պարտավոր էին ապահովել նորմալ պայմաններ, ստանդարտներով, բայց դրա փոխարեն միլիոններ են հատկացրել իրենց անձնական կայֆերի վրա։ Նիկոլը ուղիղ եթերով ցույց էր տալիս իր կառավարական ամառանոցների աղե սաունան, շոգեբաղնիքը, բիլիարդանոցը, մարզադրահը, բուխարին, իսկ զինվորները բոլորած են վառարանի կողքը, որից ջերմություն չի գալիս։ Մեր տատիներն են պատմում, թե ոնց էին հայրենական պատերազմի տարիներին թոնիը վառում ու պռնկին նստած՝ տաքանում։ Սրանք դրոշակ էին սարքել, ասում էին Սերժի ժամանակ 80-ականների զենքեր են, սրանց օրոք ոչ թե 80-ականների, այլ 1910-ականների կացարանում է մնում զինվորը։ Պատերազմից հետո անցած 2 տարվա մեջ Կառավարությունը գրեթե 3 միլիարդ դոլարի միայն պետական պարտք է վերցրել։ Անցած տարվա կեսից սկսած, մինչ հիմա Փաշինյանը, իր մինիստր Քերոբյանը, ուր նստում ասում են, որ ՀՀ բյուջեն գերակատարել են, աննախադեպ ավել հարկ են հավաքել, տնտեսական երկնիշ աճ, էլ եսիմինչ։ Էդ սաղ որ գումարում ես, դառնում է 2-4, միգուցե 5 միլիարդ ավել փող է մտել ՀՀ պետական բյուջէ։ Ու այսօր մեր դիրքերի զիբիլանոցը որ նայում ես, հասկանում ես, կասկածներ են առաջանում, թե էդ փողը ուր է, ինչ է արվել, ինչ գրպաններ է մտել։ Հենց երեկ էդ խայտառակությունից հետո կառավարությունը նիստ արեց ու որոշեց դատախազներին աշխատավարձի չափով ամեն ամիս հավելավճար տալ։ Փող ունենաս, բայց կահավորած սահման չունենաս, դիրք չունենաս, նշանակում է, որ ղեկավարներդ կամ դավաճան են, կամ թալանչի։ Ասում էին ժողովուրդ, նախկինները թալանել էին, Սու 30-ներ առանք, բայց չկարողացանք հրթիռներ առնել։ Ստեղ նախկին չկար, ինչի՞ է էս վիճակը։ Նախկինում էսպիսի դիրքեր չենք ունեցել, երևի սկսած 92 թվից ու հարց է առաջանում, թե էդ ո՞նց է, որ նախկինում էդ ձեր ասածով՝ համատարած թալանում էին, բայց ունեինք նորմալ պոստեր, դուք չեք թալանում եք, բայց զինվորը զիբիլանոցում ա քնո՞ւմ։ Նույն Սեյրան Օհանյանին, որի նկատմամբ ուզում եք գործ հարուցել, վստահ եմ, որ թեման շեղեք, հարցրեք, թե պաշտպանության նախարար եղած ժամանակ մի տարում քանի հատ դիրք էին կահավորում։ Որովհետև գեներալ գնդապետ է, կադրային, ոչ թե պատմության դասատու։ Չէ, սրանց պետք չէ պրոֆեսիոնալ զինվորական, իրենց պետք է մարդ, որը բանակում լինի Նիկոլի աչքն ու ականջը, սպաների բերանի գոլը ճշտի Նիկոլի նկատմամբ, որ նախօրոք իմանան ում են հեռացնում բանակից։ Նորմալ կադրերին հանում են, ում ասես պագոն են տալիս, դրա համար էլ էս վիճակն ա։

ՔՊ-ական դեպուտատները՝ պաշտպանության հանձնաժողովից, գնում են դիրքեր, լավ լուսանկարվում, տեսանյութ անում ու հրապարակում, թե ինչքան լավ ա ու ապահով․ գնում են էն դիրքերը, որտեղ լավից վատից մի բան կա, հատկապես՝ նախկինների օրոք սարքած, որտեղ հնարավոր է մի բան նկարել ցույց տալ։ Որովհետև կարևորը շոուն է, տեսանյութը։ Ժամանակին Նիկոլը զորամաս էր գնում, զինվորի հետ հաց կիսում, զինվորներին հանձնեց հողին, բայց հացը չմնաց կոկորդում։

Զոհերի տվյալներն ես նայում, մեկը ընտանիքի մեծ տղան էր, մեկը միակ արու զավակն էր, մեկի ծառայության ժամկետը լրացել էր, բայց չէին զորացրել, մեկի 19 նոր էր լրացել, ամեն մեկը մի տան ճրագ էր։ Դուք ուրիշի երեխեքին սպանությանը նորմալ եք վերաբերում, բայց ձեր նախարարի, տո վարչապետի պաշտոններից չեք հրաժարվում՝ իմանալով որ դուք ու դուք եք մեղավոր նրանց մահերի համար․ ուրիշների դաժան մահի հետ, կյանքից զրկելու հետ հաշտ եք, բայց այ պաշտոնները ատամներով պահում եք։ Իրենց կյանքը ձեր համար էժան ա, իսկ ձեր պաշտոնը՝ կյանքից թանկ։ Պաշտոնը ձեր կյանքն ա։ Դուք, ձեր ենթակայության տակի լրատվամիջոցներով, արդարացնում եք պաշտպանության նախարարին, վարչապետին․ գոնե նամուս ունեցեք ձեն մի հանեք։ Ինչպե՞ս է, որ չեք անդրադառնում ձեր թողարկումներում ընդդիմության բողոքի ցույցերին, զոհերի հարազատների ցույցերին, ջահերով երթին, պատարագ չեք լուսաբանում, Արցախի միտինգ չեք լուսաբանում, սա էլ մի լուսաբանեք, ավելի լավ է, քան էս կարգի մխտռեք ամեն ինչ։

Կարճ ասած՝ բանը գտե՞ք որն է, մեռան ամեն ինչ վարի տալով, բայց ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում, ընդհանապես ոչ մի բանի համար։ Իշխանությունը այս դեպքը գուցե մարսի, ինչպես մարսեց մինչ այս արած զարհուրելի դեպքերը, բայց արդեն համբերության տակառները կաթիլ-կաթիլով բերնեբերան լցվել են։ Սա պայթելու է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ