Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, ինչպես ամբողջությամբ, այնպես էլ՝ կտոր-կտոր, սառը ցնցուղ եղավ Նիկոլ Փաշինյանի դատաիրավական տաքգլխությունների վրա: Թե ով էր Նիկոլ Փաշինյանին նման դառը խորհուրդներ տվել, օրինակ՝ դատարանների վրա գրոհելու, դատարանները շրջափակելու, Սահմանադրական դատարանը գրավելու վերաբերյալ, կարելի է կռահել: Իսկ այն, թե ինչպես արձագանքեց այդ ամեն ինչին Վենետիկի հանձնաժողովը, ինչքան էլ կռահելի էր, քաղաքավարի ձևակերպված, ամեն դեպքում մի փոքր անսպասելի էր գնահատականների խստությամբ:
Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանից համարյա 1 ամիս հետո է տարածվել արձանագրությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած հեղկառի (հեղափոխական կառավարության) համար գերադասելի կլիներ, որ այն ընդհանրապես չհրապարակվեր: Իսկ հիմա արդեն ստիպված են հայտարարություններ անել, պարզաբանումներ տալ: Ասում են անգամ ինքը՝ Փաշինյանն է որոշ ժամանակ անց հատուկ անդրադառնալու Վենետիկի հանձնաժողովի այդ արձանագրությանը:
Ախր, Վենետիկի հանձնաժողովը «հեչ է արել» հեղկառի ՍԴ դատավորի թեկնածու, ապա նաև դատավոր ընտրված (գործնականում՝ նշանակված) Վահե Գրիգորյանի անհեթեթ բառախաղը՝ ՍԴ անդամ, թե՝ ՍԴ դատավոր: Բացի դրանից, որ «վեթթինգը» Վենետիկի հանձնաժողովի «վեթթինգը» չի անցել: Բայց դե քիչ չէ, մի հատ էլ պարզ է դարձել, որ դրսերից շատ լավ էլ ուշադիր հետևում են Հայաստանի անցուդարձին: Բացի նրանից, որ հետևում են, շատ լավ տեղյակ են, թե ինչը ինչոց է: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող այսպես կոչված «գործի» վերաբերյալ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է. «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին»:
Ինչ են ասում, եթե մի քիչ բացենք մեջբերված հատվածի ակադեմիական ձևակերպումները: Նախ, Վենետիկի հանձնաժողովը պարզ ասում է, որ շատ էլ լավ գիտեն, թե ինչից հետո և ինչո՞ւ «հանկարծ» բռնեց Նիկոլ Փաշինյանի «վեթինգացավը»: Ասում են, որ արձանագրել են. Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ է ուղղված եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի բորբոքված արձագանքը: Նաև դիվանագիտական ձևակերպումներով, բայց թափանցիկ ակնարկով ասում են, որ դատարաններ շրջափակելն ու մյուս ներվային շարժումները, որպես կիրառված միջոցներ, չեն համապատասխանում Սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին: Տրամաբանական է, չէ՞, եթե համապատասխանեին, ապա հանձնաժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանին դրա մասին լրացուցիչ չէր հիշեցնի, հետո մի բան էլ՝ արձանագրության մեջ չէին արձանագրի:
Վենետիկի հանձնաժողովի գնահատականները խորհրդատվական ստատուս ունեն, խորհուրդ են, որը կարելի է կատարել, կարելի է չկատարել: Բայց չլսելու տալ հաստատ չարժե: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի հենց չլսելու է տալու: Արդեն նույնիսկ Վենետիկի հանձնաժողովում են նկատել, որ բավական է ասել Ռոբերտ Քոչարյան, և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ մի բան ոչ լսում է, ոչ տեսնում:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը