Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ․ երկար ընդմիջումը կավարտվի սեպտեմբերի 17-ին։
Այն, ինչն արդեն հնարավոր բոլոր ձևերով ութ օր շարունակ քննարկել ու պարզաբանել են բոլոր իրավաբանները, ի մի բերելու համար դատարանին պետք եկավ 4 լիարժեք կամ 2 աշխատանքային օր։ Այս իրողությունն ինքնին ապացուցում է, որ դատաիրավական դաշտում քաղաքական պատվերներով, իշխանական ճնշումներով, զարտուղի շանտաժներով առաջացած անորոշություն է։ Հետևաբար. միայն գերմարդկային կամքով ու անաղարտ արժանապատվությամբ դատավորը կարող է իրավական արդարացի որոշում կայացնել ու անհաղորդ մնալ քաղաքական ապականությանը։
Մինչդեռ առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի մարտիմեկյան զոհերի հետ։ Դատավարությունը չի առնչվում, հեռավոր նպատակ իսկ չունի` բացահայտելու մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչներին, սադրիչներին ու մեղավորներին։ Այլապես մեղադրյալի աթոռին կհայտնվեն Տեր-Պետրոսյան, Փաշինյա, Զուրաբյան, Արզումանյան, Ջհանգիրյան ու այլք շարքը` եթե անգամ չդադարի գործել միայն թավշյա շրջանին հատուկ քաղաքական արդարադատությունը։ Չէ՛ որ` ժողովուրդը լսում ու խոհական դատողություններ է անում։
Նախագահ Քոչարյանը հենց այս իրողությունն ընդգծեց դատարանում. «Այս գործով որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված գործ է, այստեղ քաղաքական հետապնդման էլեմենտ կա... դատախազության համար օրենքը ոնց-որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես»։ Նույնքան դիպուկ, հստակ ու կոռեկտ էր մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ուղղած նրա հորդերը. «Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց. գոնե ձևական պետք է մեկին պատժեիք։ Այդ մեկը ես եմ` քանի որ գործը բացահայտված չէ։ Եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը։ Տպավորություն է, որ ուղղակի սովորացնում են՝ ասել այն, ինչ կարող է հանրային առումով ինչ-որ տպավորություն թողնել` թե մեղավորը ես եմ»։
Ցավալի է, որ ընդգծվածը լոկ տպավորություն չէ, այլ փաստ։ Հայտնի է, որ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ովքեր պետական բյուջեից բազմամիլիոն միանվագ աջակցություն ու նույնքան էլ փոխհատուցնամ խոստում են ստացել, զուտ կամային թելադրանքով ու կոկնկրետ նկրտումով են դատավարության մասնակից դարձվել։ Ուստի պատահական չէ, որ նրանք պատմում են բաներ, ինչն իմանալ չէին կարող առանց կողմնակի ու խիստ շահագրգիռ միջամտության։ Պնդում են, թե ականատեսն են եղել նույն պահին տարբեր վայրերում կատարված դեպքերի, որոնց մասին միայն իրենք «գիտեն»։
Թավշյա շրջանի քաղաքական արդարադատության պայմաններում սա ո՛չ միայն բնականոն, այլ նույնիսկ բարոյական կարելի է համարել. եթե մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այլևս չեն ուզում բացահայտել իրենց հարազատների մահվան մեղավորներին։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը