10 11 2022

Հայաստանի տնտեսական քաոսն ու մշուշոտ հեռանկարը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները «հետևողականորեն» աճում են, կյանքը շարունակում է թանկանալ, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է բարդանում։ Խնդիրն այն է, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և այդ նույն գումարով նրանք ստիպված են ավելի քիչ ապրանքներ գնել և ծառայություններից օգտվել, քան նախկինում։ Իսկ եթե որոշ ուղղություններով էլ եկամուտների չնչին չափով ավելացում կա, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Օրինակ՝ սեպտեմբերի 1-ից թոշակներն ավելացել են 2-3 հազար դրամով այն պայմաններում, երբ գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Կյանքի թանկացումը միաժամանակ կարող է հանգեցնել նաև Հայաստանում աղքատության մակարդակի կտրուկ ավելացման։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ կանխատեսումներ կան, թե արդեն 2022 թվականի վերջին աղքատների թիվը կարող է հասնել երկրի բնակչության 2/3-ին։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կյանքը թանկանում է այնպիսի իրավիճակում, երբ կառավարությունը հպարտանում է երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներով, իսկ հայկական արժույթը՝ դրամը, շարունակում է «արժևորվել»։

Այս պայմաններում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանը գրանցել է աշխարհում ամենաբարձր համարվող տնտեսական աճը, բայց կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առաջ»։ Կարծես թե պարադոքսալ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական աշխուժացմանը զուգահեռ քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունն ավելի է բարդանում։ Տնտեսագետների մեծ մասի համոզմամբ, խնդիրը ոչ ճիշտ տնտեսական դրամավարկային քաղաքականությունն ու ռեսուրսների բևեռացումն են։ Տնտեսական աճը գլխավորապես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ռուսուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան՝ իրենց հետ բերելով գումարներ։ Ռուսաստանցիների մի մասն անգամ ՏՏ ընկերություններ է հիմնել Հայաստանում՝ իրենց գործունեությունը մեր երկրի տարածքից իրականացնելու համար։ Սակայն, բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Կենտրոնական բանկի տվյալներով, 2022 թվականի առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: Տրամաբանական է, որ Հայաստանի համար ահռելի գումարային ներհոսքի պայմաններում կարելի էր այնպես անել, որ բնակչության սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավվեր, բայց տպավորություն է առաջանում, որ իշխանություններին ոչ այնքան այս հարցն է հետաքրքրում, որքան գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը գունազարդ ցուցանիշներ հրամցնելը։

Մինչ որոշ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները գերշահույթներ են ստանում, տնտեսության այլ ոլորտները մեծ դժվարությունների առաջ են կանգնած, հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի է բարդանում։ Օրինակ՝ ներկա պայմաններում, երբ ներկրողները և բանկերը ահռելի եկամուտներ են ստանում, ՏՏ ոլորտի ընկերությունները և արտահանողները հազիվ են իրենց գործունեությունը շարունակում կամ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում անսովոր աշխուժության հետևանքով բնակարանների գներն աճել են, իսկ անշարժ գույքի խոշոր սեփականատերերը հսկայական եկամուտներ են ունենում, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ դժվարությունների առաջ են կանգնած անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձերի վճարման հարցում։ Այսինքն, գործ ունենք ռեսուրսների ծայրահեղ բևեռացման հետ, որի արդյունքում փոքր քանակությամբ մարդիկ կրկնապատկում, բազմապատկում են իրենց կապիտալը, իսկ բնակչության մի ստվար զանգվածի դրությունն ավելի է բարդանում։

Իհարկե, այնպես չէ, որ այս խնդիրը միայն մեր երկրին է հատուկ, ամբողջ աշխարհում ևս նկատելի է նման բևեռացում։ Ուստի, մի շարք երկրների կառավարություններ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում ռեսուրսների բաշխման գործընթացը բալանսի բերելու համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում էներգետիկ ճգնաժամով և գնաճով պայմանավորված՝ էներգակիրների ներկրման, արդյունահանման և մատակարարման ուղղությամբ մասնագիտացված ընկերությունները աստղաբաշխական եկամուտներ են ստանում, և այդ երկրների կառավարությունները մտադիր են լրացուցիչ հարկերի միջոցով զսպել գերշահույթներից ստացված եկամուտները և այդ գումարներն ուղղել տնտեսության առավել խոցելի հատվածներ։ Սակայն Հայաստանի դեպքում գերշահույթները հարկելու և գնաճը զսպելու որևէ նախաձեռնություն չի իրականացվում։ Ավելին, տպավորություն է առաջանում, որ անգամ խրախուսվում է այդ երևույթը, քանի որ դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում ապրանքների գները պետք է փոքր-ինչ նվազեին, բայց տեղի է ունենում հակառակ գործընթացը, գները հետևողականորեն աճում են։

Եվ չնայած ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հավաստիացումներին, Կենտրոնական բանկը ոչ միայն համակարգային կարգավորումներ և լուծումներ չի առաջարկում, այլև շատ դեպքերում գործում է իրավիճակով պայմանավորված և ցայտնոտային քայլերով, որոնց նպատակները կարող են նույնիսկ կասկածելի թվալ, քանի որ արտարժույթի փոխարժեքի շուկայում երբեմն արհեստական և առանց անհրաժեշտ հիմքերի տատանումներ են գրանցվում։ Այս ամենի արդյունքում նվազում է նաև ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահությունը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես անգործության է մատնված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միայն զբաղված է թվեր ներկայացնելով և անեկդոտների նյութ ստեղծող հայտարարություններով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները «հետևողականորեն» աճում են, կյանքը շարունակում է թանկանալ, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է բարդանում։ Խնդիրն այն է, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և այդ նույն գումարով նրանք ստիպված են ավելի քիչ ապրանքներ գնել և ծառայություններից օգտվել, քան նախկինում։ Իսկ եթե որոշ ուղղություններով էլ եկամուտների չնչին չափով ավելացում կա, ապա դա որևէ խնդիր չի լուծում։ Օրինակ՝ սեպտեմբերի 1-ից թոշակներն ավելացել են 2-3 հազար դրամով այն պայմաններում, երբ գներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Կյանքի թանկացումը միաժամանակ կարող է հանգեցնել նաև Հայաստանում աղքատության մակարդակի կտրուկ ավելացման։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ կանխատեսումներ կան, թե արդեն 2022 թվականի վերջին աղքատների թիվը կարող է հասնել երկրի բնակչության 2/3-ին։ Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանում կյանքը թանկանում է այնպիսի իրավիճակում, երբ կառավարությունը հպարտանում է երկնիշ տնտեսական աճի ցուցանիշներով, իսկ հայկական արժույթը՝ դրամը, շարունակում է «արժևորվել»։

Այս պայմաններում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե «Հայաստանը գրանցել է աշխարհում ամենաբարձր համարվող տնտեսական աճը, բայց կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առաջ»։ Կարծես թե պարադոքսալ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական աշխուժացմանը զուգահեռ քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունն ավելի է բարդանում։ Տնտեսագետների մեծ մասի համոզմամբ, խնդիրը ոչ ճիշտ տնտեսական դրամավարկային քաղաքականությունն ու ռեսուրսների բևեռացումն են։ Տնտեսական աճը գլխավորապես պայմանավորված է արտաքին գործոններով՝ ռուսուկրաինական հակամարտության արդյունքում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան՝ իրենց հետ բերելով գումարներ։ Ռուսաստանցիների մի մասն անգամ ՏՏ ընկերություններ է հիմնել Հայաստանում՝ իրենց գործունեությունը մեր երկրի տարածքից իրականացնելու համար։ Սակայն, բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Կենտրոնական բանկի տվյալներով, 2022 թվականի առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: Տրամաբանական է, որ Հայաստանի համար ահռելի գումարային ներհոսքի պայմաններում կարելի էր այնպես անել, որ բնակչության սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավվեր, բայց տպավորություն է առաջանում, որ իշխանություններին ոչ այնքան այս հարցն է հետաքրքրում, որքան գեղեցիկ թվեր նկարելը և հանրությանը գունազարդ ցուցանիշներ հրամցնելը։

Մինչ որոշ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները գերշահույթներ են ստանում, տնտեսության այլ ոլորտները մեծ դժվարությունների առաջ են կանգնած, հասարակ քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի է բարդանում։ Օրինակ՝ ներկա պայմաններում, երբ ներկրողները և բանկերը ահռելի եկամուտներ են ստանում, ՏՏ ոլորտի ընկերությունները և արտահանողները հազիվ են իրենց գործունեությունը շարունակում կամ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում անսովոր աշխուժության հետևանքով բնակարանների գներն աճել են, իսկ անշարժ գույքի խոշոր սեփականատերերը հսկայական եկամուտներ են ունենում, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ դժվարությունների առաջ են կանգնած անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձերի վճարման հարցում։ Այսինքն, գործ ունենք ռեսուրսների ծայրահեղ բևեռացման հետ, որի արդյունքում փոքր քանակությամբ մարդիկ կրկնապատկում, բազմապատկում են իրենց կապիտալը, իսկ բնակչության մի ստվար զանգվածի դրությունն ավելի է բարդանում։

Իհարկե, այնպես չէ, որ այս խնդիրը միայն մեր երկրին է հատուկ, ամբողջ աշխարհում ևս նկատելի է նման բևեռացում։ Ուստի, մի շարք երկրների կառավարություններ արդեն իսկ քայլեր են ձեռնարկում ռեսուրսների բաշխման գործընթացը բալանսի բերելու համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում էներգետիկ ճգնաժամով և գնաճով պայմանավորված՝ էներգակիրների ներկրման, արդյունահանման և մատակարարման ուղղությամբ մասնագիտացված ընկերությունները աստղաբաշխական եկամուտներ են ստանում, և այդ երկրների կառավարությունները մտադիր են լրացուցիչ հարկերի միջոցով զսպել գերշահույթներից ստացված եկամուտները և այդ գումարներն ուղղել տնտեսության առավել խոցելի հատվածներ։ Սակայն Հայաստանի դեպքում գերշահույթները հարկելու և գնաճը զսպելու որևէ նախաձեռնություն չի իրականացվում։ Ավելին, տպավորություն է առաջանում, որ անգամ խրախուսվում է այդ երևույթը, քանի որ դոլարի փոխարժեքի նվազման արդյունքում ապրանքների գները պետք է փոքր-ինչ նվազեին, բայց տեղի է ունենում հակառակ գործընթացը, գները հետևողականորեն աճում են։

Եվ չնայած ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հավաստիացումներին, Կենտրոնական բանկը ոչ միայն համակարգային կարգավորումներ և լուծումներ չի առաջարկում, այլև շատ դեպքերում գործում է իրավիճակով պայմանավորված և ցայտնոտային քայլերով, որոնց նպատակները կարող են նույնիսկ կասկածելի թվալ, քանի որ արտարժույթի փոխարժեքի շուկայում երբեմն արհեստական և առանց անհրաժեշտ հիմքերի տատանումներ են գրանցվում։ Այս ամենի արդյունքում նվազում է նաև ԿԲ-ի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահությունը։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես անգործության է մատնված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միայն զբաղված է թվեր ներկայացնելով և անեկդոտների նյութ ստեղծող հայտարարություններով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ