17 11 2022

Ինչո՞ւ Քննիչ հանձնաժողովն բարձրաստիճան պաշտոնյաներին չի հրավիրում «հարցաքննության»․ «Հրապարակ»

Ինչո՞ւ Քննիչ հանձնաժողովն բարձրաստիճան պաշտոնյաներին չի հրավիրում «հարցաքննության»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մեր լրագրողին բացատրել է, թե ինչու է հանձնաժողովն ուշացնում բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված՝ ենթադրյալ մեղավորներին, «հարցաքննության» հրավիրելը։

«Չենք հրավիրում հարցաքննության, որովհետեւ դեռեւս ուսումնասիրությունների փուլն է։ Պաշտպանության նախարարությունից այնպիսի ծավալով փաստաթղթեր ենք ստացել՝ 10 հազարից ավելի ուսումնասիրության ենթակա, բացի այդ՝ օբյեկտիվ պատճառներ էլ են ի հայտ գալիս, ռազմական վերջին գործողությունները մեզ պարտադրում են, որ հանձնաժողովն այլ ուղղությամբ աշխատանքները տանի»,- ասել է Խաչատրյանը։ Սակայն տարօրինակ է՝ եթե այդքան նյութեր կան ուսումնասիրելու, եւ պատճառը քաղաքական չէ, ինչո՞ւ հանձնաժողովը հաճախակի նիստեր չի անում եւ կարծես պարապուրդի է մատնվել։

Խաչատրյանը չի համաձայնել դիտարկմանը, բայց իր պատասխանով, ըստ էության, հաստատել է․ «Եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ ենք նիստ արել, պարապուրդի մասին խոսք չկա, պարբերաբար անում ենք նիստեր»։ Թե երբ կավարտվի ուսումնասիրության փուլը, պատգամավորը դժվարացել է ասել, բայց հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը մեկ անգամ եւս երկարացնելու կարիք չի լինի։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել էր ապրիլին, սեպտեմբերին 6 ամսով երկարաձգվել է ժամկետը, իսկ Կանոնակարգ օրենքը թույլ է տալիս եւս մեկ ժամկետով երկարացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ