26 11 2022

Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել․ «Ժողովուրդ»

Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը եւ պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են: Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել:

Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ