28 12 2023

Ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը. «Հրապարակ»

Ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը: Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 6 հողամաս, 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ քաղաք Երևանում։

Տվյալ տարվա ընթացքում՝ 2022 թվականին, օտարել է մեկ անշարժ գույք՝ հողամաս. 26 հազար դրամով վաճառել է Հակոբ Ազարյանին։ Վաղարշյանի՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոցները 2-ն են՝ 2007 թվականի LEXUS և 1993 թվականի արտադրության OPEL մակնիշների՝ համապատասխանաբար գնված 2013 և 2002 թվականներին։ Ինչ վերաբերում է դատավորի ֆինանսական վիճակին, ապա նրա բանկային ավանդները կազմել են 2 մլն դրամ և 13 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն դրամ և 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ։

Նշենք՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 426 հազար դրամ, որից 15 մլն 416 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, 4 մլն 290 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել Երևանի պետական համալսարանից։ Վաղարշյանը գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում, հեղինակային վարձատրություն է ստացել 1 մլն 047 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 891 հազար դրամ։ Արթուր Վաղարշյանի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում 5-ն են՝ ԵՊՀ պրոֆեսոր, Իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների միության անդամ, Երկրապահ կամավորների միության անդամ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Արթուր Վաղարշյանի որդին ձերբակալվել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում, որը դոփում է տեղում և որևէ լուծում չի ստանում: Գուցե քրեական գործի ձգձգումը կապված է այն բանի հետ, որ ՍԴ անդամի որդուն էլ են փորձում մաքրել տհաճ պատմությունից: Տեսնենք՝ ինչով կավարտվի պատմությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ