«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձեւավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաեւ` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը եւ համարել է, որ իրեն «քցել» են:
Մինչդեռ հարցն այն է, որ Փաշինյանը որոշել է Արցախի հետ կապված ցանկացած բան պատմության գիրկն ուղարկել, իսկ ակտիվություն դրսեւորողներին՝ վարկաբեկել, թե սպառնում են Հայաստանի անվտանգությանը, եւ նոր կառույց ստեղծելու մտքից հրաժարվելն էլ սրանով է պայմանավորված: Այդուհանդերձ, Արցախի որոշ շրջանակներ հնարավոր է առաջիկայում ակտիվանան` հատկապես արցախցիների չլուծվող խնդիրների հարցով:
Եվ խոսքը ոչ թե քաղաքական դաշտի, այլ հանրային սեկտորի մասին է, մասնավորապես` Տիգրան Պետրոսյանի եւ գործընկերների, որոնց ստվերային աջակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս շրջանակը կառավարվում է Մասիս Մայիլյանի միջոցով։ Սակայն այս շերտի ակտիվացումը բոլորովին այլ ենթատեքստ ունի. կան տեղեկություններ, որ Արեւմուտքը Փաշինյանի իրավահաջորդի դերում տեսնում է Արմեն Գրիգորյանին: Եթե Փաշինյանը շարունակի ռուսական դաշտում մնալ, չի բացառվում, որ Գրիգորյանի «բախտը բացվի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը