«Փաստ» օրաթերթը գրում է. Իրավիճակի իրատեսական դիտարկումը կարևոր է յուրաքանչյուր պետության համար՝ առկա ռիսկերը և մարտահրավերները գնահատելու տեսանկյունից։ Բայց շատ հաճախ որոշ փոքր ձեռքբերումների մասին փաստերը ստվերում են էական կորուստները և դրանց հետևանքով առաջ եկած ռիսկերը։ Նախկինում որոշ ուժերի, այդ թվում՝ այսօր իշխանության ղեկին հայտնվածների կողմից այնպիսի քարոզչություն էր տարվում, թե լավ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարկավոր է հանձնել Արցախը։ Հիմա նույն Փաշինյանի ու նրա իշխանության «թեթև ձեռքով» Արցախի հանձնման արդյունքում զրկվել ենք մեր հայրենիքի ստրատեգիական նշանակություն ունեցող մասից, կորցրել ենք այդ շրջանում ահռելի ունեցվածք, ենթակառուցվածքներ, որոնց կառուցման կամ ստեղծման համար տարիներ շարունակ մեծ ռեսուրսներ ու ջանքեր են ներդրվել։
Արցախի հանձնման արդյունքում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացվել են հակառակորդի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանը շատ խոցելի վիճակում է հայտնվել, որն անգամ սպառնում է մեր պետականության գոյությանը։ Փաստ է, որ ՀՀ անվտանգության համակարգն այն աստիճանի է խարխլված, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ չտալ մեր երկրի հզորությունը վերականգնելու համար և չի էլ թաքցնում, որ հարձակման է նախապատրաստվում։ Ու ընդհանրապես, հակառակորդի տեսանկյունից մեր պետությունը կարող է գոյատևել ընդամենը 9 հազար քառ կմ-ի սահմաններում, այն էլ՝ խամաճիկ կազմավորման տեսքով։
Պատահական չէ, որ Բաքվից շատ է խոսվում ինչ-որ հնարովի քարտեզների մասին։ Մյուս կողմից էլ՝ կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ադրբեջանական հարձակումները, քանի որ, որպես կանոն, դրանք ուղեկցվում են պատերազմական հանցագործություններով, էթնիկ զտումներով, խաղաղ բնակչության կոտորածներով, խոշտանգումներով և այլ վայրագություններով։ Այսինքն, Հարավային Կովկասում հայության համար գոյաբանական խնդիրը առավել քան սուր է, այլ հարց է, որ մեր հանրության շրջանում այնքան էլ նկատելի չէ այս իրողության լիարժեք ըմբռնումը։ Դրա համար պայմաններ են ստեղծում հենց ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են միայն դրական շեշտադրումներով ներկայանալ հասարակությանը՝ մոռանալ տալու իրենց իշխանավարման կործանարար հետևանքները։
Օրինակ՝ շատ դեպքերում Փաշինյանը հատուկ ուռճացնում է այնպիսի երևույթների նշանակությունը, ինչպես, օրինակ՝ բյուջե մուտքագրված միջոցների մի փոքր ավելացումը, տնտեսական աճի որոշակի ցուցանիշները, աշխատատեղերի ավելացումը և մի շարք ոլորտներում աշխատավարձի փոքրինչ աճը։ Պետք է ընդունել, որ նման աճ կա, սակայն մի կողմից՝ տնտեսագետները մտահոգություն են հայտնում դրա կառուցվածքի վերաբերյալ, մյուս կողմից ՝այդ ամենն անհամեմատելի է այն կորուստների ու զիջումների հետ, որոնք մենք ունեցել ենք։ Այլ կերպ ասած՝ ահռելի կորուստները չտեսնել տալու համար դրանք տեղայնացնում են փոքր ձեռքբերումներով։ Իսկ իրավիճակը գլոբալ տեսանկյունից դիտարկելու դեպքում ընդհանրապես լուսավոր կետեր չեն նշմարվում։
Եվ մինչ իշխանությունները փորձում են պայմաններ ստեղծել, որ հանրությունը համակերպվի պարտության ու զիջումների հետ, դրանից չի նվազում հանրային պոռթկման վտանգը, քանի որ մարդիկ չեն կարող երկար ժամանակ համակերպվել ինքնաստորացված վիճակի հետ։ Իսկ հանրային պոռթկումը կարող է տեղի ունենալ անվերահսկելի ու անսպասելի կերպով՝ նույնիսկ առանց ընդդիմադիր քաղաքական ուժերի ուղղորդման, ինչպես, օրինակ՝ տեղի ունեցավ արաբական գարնան հեղափոխական շարժման սկզբնավորման դեպքում, երբ Թունիսում 2011 թվականին մի երիտասարդ ի նշան բողոքի ինքնահրկիզվեց։ Եվ որպեսզի հանրային էներգիան հանկարծ չկոնսոլիդացվի անվտանգության բացերի ու զիջումների ֆոնին ու, հետևաբար, իշխանափոխության չհանգեցնի, իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանրային դաշտ կեղծ օրակարգեր ներմուծելու ու քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով։
Այդպես հանրային քննարկումների առարկա է դառնում կախիչի կամ ցնցուղի հարցն այն դեպքում, երբ մենք չունենք համապատասխան սպառազինություններ թշնամուն դիմագրավելու համար։ Միաժամանակ աղմուկ է ստեղծվում Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի տեղափոխման հետ կապված։ Փաշինյանն էլ իր հերթին հանրային օրակարգ է ներմուծում նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, ինչն էլ իր հերթին քննարկումների նոր դաշտ է բացում։ Միաժամանակ գործի է անցնում ԿԳՍՄ-ն և որոշում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Ու այս որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների պատճառ է դառնում։ Բայց այս ամենը նույնիսկ նորություն էլ չէ. որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել տվյալ պարագայում ոչ էական հարցերի շուրջ քննարկումներով, ու դա իրենց հաջողվել է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը