09 10 2018

Քաղաքապետի ու փոխմարզպետի արկածները. ուշագրավ միջադեպ Գեղարքունիքի մարզում. «Ժողովուրդ»

Քաղաքապետի ու փոխմարզպետի արկածները. ուշագրավ միջադեպ Գեղարքունիքի մարզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի փոխմարզպետ 27-ամյա Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջև: Թվում էր, թե ՀՀԿ-ի` իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանում գոյություն ունեցող բարքերը փոխվել են, և դեռ ավելին` փոխվել են պատկերացումները ՀՀ իշխանության մասին, սակայն պարզվում է, որ պատկերը այդքան էլ այդպես չէ: Մարզերում հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ պետք է արտոնյալներ չլինեն` պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կան անդամներ, որոնք «խայտառակում են ռեսպուբլիկան»:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի ավտոմեքենաները երթևեկելիս են եղել, և Ճամբարակի քաղաքապետ Ադամյանը «հանդգնել» է իր մեքենան ավելի արագ վարել և վազանց կատարել փոխմարզպետ Գրիգորյանի ավտմեքենային: Եվ ահա այս ամենը դուր չի եկել Նարեկ Գրիգորյանին և վերջինս ժամանակ չի կորցրել և շատ արագ կատարվածի մասին տեղյակ է պահել մարզային ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձանց` պահանջելով, որ նրանք Ճամբարակի քաղաքապետի մեքենան տեղափոխեն տուգանային հրապարակ և արարքի համար վարչական պատասանատվության ենթարկեն: Որքան էլ տարօրինակ է, ոստիկանները կատարել են 27-ամյա փոխմարզպետի հրահանգը և կանգնեցրել են Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին և պնդել են, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ:

Քաղաքապետ Ադամյանը բնականաբար հետաքրքրվել է, թե ինչու են տանում, ոստիկանները պատասխանել են, որ այդպես է ցանկացել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը: Ինչևէ, այս ամենից հետո Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը գնացել է մարզպետարան և փորձել է «հաշիվ պահանջել» փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանից, թե սա ինչ անելու բան է, որ նա արել է, արդյունքում մարզպետարանում մի քանի րոպե խառնաշփոթ է ստեղծվել, սակայն ամեն ինչ ավարտվել է առանց լուրջ մարմնական վնասվածք հասցնելու: Այս միջադեպի մասին խոսում են Գեղարքունիքի մարզպետարանում գրեթե բոլորը, սակայն հետաքրքիր է, որ կատարվածի մասին գերթե որևէ տեղ չի հանրայնացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին տեղեկությունը նախ փորձեց պարզել Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ` նշելով, թե նա տեղում չէ և չգիտի, թե երբ կգա: Կատարվածի մասին զրուցեցինք փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ, որը հերքեց տեղեկությունը` նշելով, թե. «Այդպիսի բան բացարձակապես չի եղել, դա բացառում եմ, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, մենք աշխատում ենք շատ նորմալ, ոչ, ոչ, ոչ, նման բան չի եղել»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ