«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանությունն ինչպիսի լուրջ հարված է հասցրել երկրին, հավանաբար ինքն էլ չի պատկերացնում։ Հետևանքները տնտեսության վրա այսօր էլ առկա են, բայց դա միայն սկիզբն է։ Ներդրումային այն անջրպետը, որը գոյացել է, շատ ավելի ցավոտ է լինելու։
Սառույցը ոչ մի կերպ չի հալվում։ Մինչդեռ գնալով սպառվում է տնտեսության պոտենցիալը։
Չնայած Հայաստանի տնտեսության զարգացումը, առավել ևս՝ հռչակված տնտեսական հեղափոխությունն անհնար է պատկերացնել առանց մեծածավալ ներդրումների, այնուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ գիշեր ու զօր մտածում են, թե ինչ նոր քայլեր կարելի է անել՝ խոչընդոտելու ներդրումների մուտքը տնտեսության մեջ։
Թվում էր, թե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իշխանությունը, ի վերջո, ուշքի կգա և համապատասխան հետևություններ կանի։ Սակայն նման հեռանկարներն առայժմ անհույս են։ Ընդհակառակը՝ ինչպես իշխանափոխության սկզբնական շրջանում, այնպես էլ՝ մինչև հիմա ամեն ինչ արվում է միայն ներդրումային ռիսկերը խորացնելու, ներդրողներին վախեցնելու համար։
Դրա վկայություններից մեկն էլ այս օրերին մայրաքաղաքում սկսված սրճարանային ապամոնտաժման գործընթացն է։ Անկախ նրանից, թե դա ինչ նպատակ է հետապնդում, միևնույն է` բացասաբար է ազդելու ներդրողների մտադրությունների վրա։
Դժվար է պատկերացնել, թե մարդիկ ինչով են մտածում, երբ հայտարարում են, որ գործարարները նախկինում իրենց աշխատած գումարների մեծ մասը, ասենք` 70 տոկոսը, պետք է վերադարձնեն պետությանը։ Գուցե և ճիշտ են ասում, հարցը դրանում չէ։ Բայց գոնե հասկանո՞ւմ են, թե դրանով ինչպիսի վնաս են հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին։ Այդպես կլինի, թե ոչ, նույնիսկ կարևոր էլ չէ։ Դա բավարար է, որ մարդիկ խուսափեն մոտ գալ տնտեսությանը։ Նման չկշռադատված հայտարարություններն ու չպատճառաբանված գործողություններն են, որ այսօր տնտեսությունը կանգնեցրել են փաստի առջև։
Կամ ինչ էր մտածում Նիկոլ Փաշինյանը, երբ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ գոյություն ունեցող մտադրությունների մասին. «Ես հասկանում եմ, որ սա կարող է տարօրինակ թվալ: Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում և չի համարվում մարդու իրավունքների խախտում: Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։
Եվ սա ասում է մի երկրի վարչապետը, ով խոստանում էր ներդրումներով ողողել Հայաստանի տնտեսությունը, ով առիթը բաց չի թողնում հորդորելու ներդրողներին ներարկումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Հետաքրքիր է` վարչապետն իրեն երբևէ հարց տվե՞լ է, թե նման հայտարարություններից հետո ո՞վ պետք է գա և ներդրումներ կատարի Հայաստանում` լավ իմանալով, որ ցանկացած պահի կարող են իրենից խլել սեփականատիրական իրավունքը։ Բա ո՞ւր մնաց սեփականության պաշտպանությունը, որը ներդրումների իրականացման առաջնային, եթե ոչ՝ գլխավոր նախապայմաններից մեկն է։ Ո՞վ պետք է գա ու ներդրում կատարի մի երկրում, որտեղ ոչ միայն ամեն քայլափոխի ոտնահարվում են ներդրողների իրավունքները, անհաղթահարելի խոչընդոտներ ու խնդիրներ են ստեղծվում նրանց գործունեության համար, այլև, որ չափազանց կարևոր է՝ չկան կամ չեն գործում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները, առանց դատ ու դատաստանի՝ պատրաստ են խլել մարդու ունեցվածքը։ Սա նոնսենս է՝ ներդրումային միջավայրի տեսանկյունից։
Անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձման կիրառման պահանջը, և ուր են գնալու այդ գումարները, դա մեծ մարտահրավեր է ներդրողների համար։ Մի երկրում, որտեղ վտանգված է սեփականության իրավունքը, չի կարող լուրջ ներդրումների, այդ թվում՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրումների մասին խոսք լինել։ Ո՞վ է որոշում, թե ում նկատմամբ պետք է ներկայացվի սեփականության հիմնավորման պահանջ, ում նկատմամբ` ոչ։
Անշուշտ, հասկանալի է, թե ինչու են արվում նման հայտարարություններ։ Բայց դա չի նշանակում, թե դրանք բխում են երկրի ու տնտեսության շահերից։ Կան շատ նուրբ հարցեր, որոնց չի կարելի մատների արանքով նայել։ Ստացվում է, որ չկարողանալով իրավական ճանապարհով և հայտարարված աղմկոտ բացահայտումների միջոցով հետ բերել խոստացված միլիոնավոր դոլարները` քաղաքական իշխանությունը հակված է գնալ մեկ այլ ծայրահեղության. առանց դատ ու դատաստանի՝ խլել մարդկանց ունեցվածքը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացնո՞ւմ է այս մոտեցումը, թե՞ ոչ, դրանից շատ բան չի փոխվում։ Այն ոչ մի ձևով չի բխում Հայաստանի տնտեսության շահերից։ Նույնիսկ նման հայտարարություններն արդեն իսկ շատ վատ ազդեցություն են թողնում երկրի ներդրումային իմիջի վրա։ Չհաշված, որ դրա համար կան նաև բազմաթիվ այլ պատճառներ։
Եթե առկա են խնդիրներ, ապա պետք է փորձել դրանք լուծել բացառապես իրավական հարթության մեջ։ Ինչպես վկայում են իշխանափոխությանը հաջորդած շրջանում իրականացված իբր թե կոռուպցիոն բացահայտումները, չի կարելի քաղաքական նպատակներով վտանգել տնտեսությունը։ Թե ինչ շահեց դրանից պետությունը, ակնհայտ է։ Կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարների մեծությունը որևէ աղերս չունի ձևավորված սպասումների հետ։
Մյուս կողմից` կազմակերպված շոուները մեծապես վտանգեցին ներդրումային միջավայրը։ Արդյունքում՝ կառավարությունն ու տնտեսությունը հայտնվել են կոտրած տաշտակի առջև։
Միայն Ամուլսարի օրինակը բավական է՝ հասկանալու համար, որ Հայաստանի ներդրումային դաշտը վտանգված է։ Ինչպե՞ս կարելի է 9 ամիս շարունակ անորոշության մեջ պահել ներդրումային նման խոշոր ծրագիր, որի հետ կապված զարգացումները շատ ավելի իրական պատկեր են ստեղծում Հայաստանի ներդրումային միջավայրի մասին, քան որևէ այլ բան, անգամ թավշյա հեղափոխություն իրականացրած վարչապետի բազմաթիվ հորդորներն ու ներդրումների համար բարենպաստ պայմաններ առաջարկելու վերաբերյալ խոստումները։ Ո՞ւմ է պետք այդ ամենը, եթե գործնականում այլ բան է արվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը