«168 Ժամ»-ը գրում է․ Ապրիլ ամսվա սկզբին իշխանությունը շատ բուռն և մեծ ոգևորությամբ խոսում էր այն մասին, որ կառավարությանը հաջողվել է առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները գերակատարել 11.4 միլիարդ դրամով։ Այդ մասին նախ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրանից օրեր անց ծավալուն ասուլիսի միջոցով ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։ Ի դեպ, այդ ժամանակ դեռևս հրապարակված չէին հարկային եկամուտների վերաբերյալ պաշտոնական տվյալները, որը հնարավորություն կտար համադրել քաղաքական հայտարարությունները փաստացի արձանագրված տվյալների հետ։ Սովորաբար, այդ տվյալները Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվում էին հաջորդ ամսվա առաջին տասնօրյակում, և այս առումով ՊԵԿ-ը մշտապես եղել է շատ պարտաճանաչ։
Սակայն գերակատարման մասին հայտարարությունների ֆոնին այդ տվյալների չհրապարակելը, մեղմ ասած, կասկածի տեղիք էր տալիս։ Եվ միայն ապրիլի 27-ին հրապարակվեց 2019 թվականի մարտ ամսվա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Այժմ, երբ պաշտոնական տեղեկատվությունը հասանելի դարձավ պաշտոնական կայքի միջոցով, կարելի է վերլուծել և համադրումների միջոցով հասկանալ՝ արդյո՞ք եղել է գերակատարում, որքա՞ն է եղել դրա չափը, և ինչո՞վ է դա պայմանավորված, և այդօրինակ վերլուծությունների միջոցով պատասխանել ներքոշարադրյալ մի մի շարք հարցերի։
Արդյո՞ք 1-ին եռամսյակի պլանը (համամասնությունը) ի սկզբանե չի եղել ցածր
Ցանկացած տնտեսագետի մոտ առաջին հարցը, որ առաջանում է պլանի գերակատարման մասին լսելուց հետո, իհարկե, հետևյալն է՝ արդյո՞ք ցածր չի եղել այդ պլանը։ Այսպես, 2019 թվականի համար Պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվել էին շուրջ 1 տրիլիոն 401 միլիարդ դրամ, որից 1-ին եռամսյակի համամասնությունը՝ համաձայն ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2017 թվականի N 1717-Ն որոշման, սահմանվել է 285,1 միլիոն դրամ, կամ՝ տարեկան պլանի 20 տոկոսը։
Այն, որ 2019 թվականի բյուջեն, հատկապես՝ եկամուտների մասով, կազմվել է վերապահումներով, թերևս, Ազգային ժողովում այդ փաստաթղթի քննարկման ժամանակ հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն է, և ակնկալիքներն ավելի մեծ են։ Այս մասին մենք նախկինում ծավալուն մի վերլուծություն ենք հրապարակել «Բյուջե 2019-ի «համն ու հոտը»: Կառավարությունը զգուշավո՞ր է դարձել» վերնագրով, որտեղ բյուջեն համարել էինք ոչ միայն իներցիոն, այլև զգուշավոր։ Այդ գնահատականի համար հիմք էր հանդիսացել նախորդ տարիներին արձանագրված 7.5 և 5.2 տոկոսանոց տնտեսական աճը, որը, բնականաբար, պետք է հանգեցներ ավելի շատ հարկերի գեներացման, իսկ 2019 թվականի բյուջեի նախագիծն այս առումով կազմվել էր վերապահումներով, հետևաբար, ի սկզբանե 1-ին եռամսյակի համամասնությունը կամ նույն ինքը՝ պլանային ցուցանիշը, համեմատաբար ցածր է եղել։ Հենց այս մասին էր ապրիլի 4-ին կայացած կառավարության նիստում բարձրաձայնում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ հարկերի նման ավելացումը պայմանավորված է տնտեսական զարգացումներով, որը, իհարկե, դուր չեկավ ՊԵԿ նախագահին, և արդյունքում՝ փոքրիկ բանավեճ առաջացավ Ջանջուղազյանի և Անանյանի միջև՝ ընդհուպ հասնելով պետական ֆինանսների կառավարումը ձախողելու վերաբերյալ մեկնաբանության։
Գերակատարվե՞լ են արդյոք պետական բյուջեի առաջին եռամսյակի եկամուտները
Հենց սկզբից նշենք, որ փաստացի՝ այո, այն գերակատարվել է, թեև, ինչպես արդեն նշել ենք վերևում, այդ գերակատարումը մեծամասամբ պայմանավորված է եղել նրանով, որ եռամսյակային պլանն ի սկզբանե ցածր է եղել առկա հնարավորություններից, և այդ գերակատարումն այնքան էլ հերոսական գործ չի եղել, ինչպես ներկայացվում է իշխանությունների կողմից։ Բացի այդ, երբ համադրում ենք հրապարակված տվյալները ապրիլի սկզբին հայտարարված ցուցանիշների և նախորդ տարիների նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ, ականատես ենք լինում 2 կարևոր հանգամանքի։
Նախ և առաջ, առաջին եռամսյակի եկամուտների վերաբերյալ վարչապետի հնչեցրած և ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանի կողմից տեսապատկերի միջոցով ցույց տված 11,4 միլիարդ դրամ ցուցանիշները չափազանցված են, և իրական թիվը պակաս է դրանից ավելի քան 4 միլիարդ դրամով։ Այսպես․ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված տվյալների, 2019 թվականին հունվար-մարտ ամիսների արդյունքներով եկամուտները կազմել են 292,6 մլրդ դրամ, որն ավելին է եռամսյակային համամասնությունից 7,5 մլրդ դրամով։
Իհարկե, հնարավոր է, որ սա պարզապես ճշգրտումների արդյունքում է նվազել, սակայն ցանկալի կլիներ, որ պաշտոնական հայտարարությունները ևս արվեին ճշգրտումներից հետո միայն, հակառակ դեպքում տպավորությունն այնպիսին է, որ այս տվյալների հրապարակման ուշացումը, մեղմ ասած, պատահական չէր, այլ պարզապես վաղեմության ժամկետն էր ձգձգում։ Ինչ վերաբերում է նախորդ տարիների հետ համեմատականին, ապա այստեղ ևս պատկերը շատ հետաքրքիր է։
Ինչպես երևում է ներկայացված գրաֆիկից, նախորդ տարիներին ևս առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած մշտապես արձանագրվել է եկամուտների ավելացում։ Եթե 2019 թվականին այդ աճը բացարձակ արժեքով կազմել է շուրջ 21․6 մլրդ դրամ, ապա 2018-ի առաջին եռամսյակում՝ 15․7 մլրդ, իսկ 2017-ին՝ 24․5 մլրդ դրամ։ Ասվածից պարզ է դառնում, որ տարեցտարի եկամուտների ավելացումը մեզ մոտ շարունակական պրոցես է, և այս տարվա ցուցանիշն էլ աննախադեպ համարվել չի կարող։
Ավելին, օրինակ, 2017 թվականին այդ հավելաճը 3 միլիարդով ավելին է եղել այս տարվա ցուցանիշից, սակայն պլանի գերակատարում այն ժամանակ չէր արձանագրվել միայն այն պատճառով, որ պլանային ցուցանիշն ավելի բարձր նշաձող էր սահմանել։ Այնպես որ, եկամուտների աճի աննախադեպ համարելը, մեղմ ասած, զերծ է մասնագիտական հիմքերից։ Ավելին, արձանագրված տնտեսական աճի պայմաններում այն բավականին համեստ թիվ է։
Ինչո՞վ է պայմանավորված գերակատարումը
Գալով արդեն բուն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եկամուտների գերակատարումն առաջին եռամսյակում, պետք է նշենք, որ հրապարակված տվյալների մեջ երկար պետք չէ փնտրել այս հարցի պատասխանը գտնելու համար։
Ինչպես և կանխատեսվում էր, այն թաքնված է նախորդ տարիներից կուտակված գերավճարների վերադարձի մեջ։ Այսպես, 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, հարկերի անցումային գերավճարը կազմել է -53 միլիարդ 991 միլիոն դրամ։
Սա նշանակում է, որ այդչափ գումար նվազեցվել է գերավճարի մնացորդից, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ այդ ցուցանիշը կազմել է ընդամենը -224,1 միլին դրամ։ Սա պարզապես չնչին թիվ է նախորդ տարվա հետ համեմատած։
Այսինքն, այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը չնչին չափով է իրականացրել հարկային գերավճարների մնացորդից նվազեցում, որովհետև, եթե դա աներ գոնե նախորդ տարվա 20 տոկոսի չափով, ապա ոչ միայն գերակատարում չէր արձանագրվի, այլ ավելին, հարկային եկամուտների էական թերակատարում կլիներ, և, իհարկե, գործող իշխանությունների կողմից քաղաքական այս ամբողջ բեմականացումը չէր լինի։
Ասվածին մնում է միայն հավելել, որ քննարկված հարցերը միակ հարցերը չեն, որ առաջացրել են հրապարակված տվյալաների ուսումնասիրության արդյունքում։ Դեռ բազմաթիվ հարցեր կան՝ հատկապես շահութահարկի և եկամտահարկի բացարձակ ծավալների հետ կապված, որոնց առաջիկայում անպայման կանդրադառնանք։
Հայկ Բեջանյան
Հ․Գ․ Որպես եզրափակում՝ նշենք նաև, որ ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում դեռևս հրապարակված չէր Պետական բյուջեի կատարման վերաբերյալ մարտ ամսվա և 1-ին եռամսյակի հաշվետվությունները, որոնք ևս նախկինում հրապարակվում էին յուրաքանչյուր ամսվա առաջին տասնօրյակում։ Այդ տեղեկատվության հասանելիությունը հնարավորություն կտար լրացուցիչ համադրումներ և վերլուծություններ կատարել, որն անպայման կանենք տեղեկատվության հրապարակման պարագայում՝ անկախ ժամանակային զեղումներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը