«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել ու անտեղյակ գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեում դեռեւս 2020 թվականի ապրիլ ամսին վերոնշյալ հարցի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվել, կոմիտեն կոնկրետ հարցումներ է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Անձնագրային վարչություն եւ մի շարք այլ գերատեսչություններ եւ ստացել պատասխաններ:
Այստեղ հարց է առաջանում՝ միթե՞ Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չի եղել, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է տանում, տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ է ցույց տվել, թե իր հանձնարարությունն է անհրաժեշտ, որպեսզի Հայրապետյանի մանդատ ստանալու օրինականության հարցն ուսումնասիրվի: Ստացվում է, որ Գլխավոր դատախաղությունը մեղմ ասած տեղում չէ եւ հանրության աչքին թոզ է փչում, թե բոլոր գործընթացների օրինականության մասով խիստ մտահոգ է: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ պատգամավոր էր ընտրել 2003 թվականի մայիսի 25-ին, դրանից մոտ մեկ ամիս անց դարձել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին, երրորդ անգամ էլ՝ 2012-ին։
Եվ ահա, պարզվում է, որ նա ամենեւին էլ Սահմանադրության խախտումով չէ այդ տարիներին պատգամավոր ընտրվել: Բանն այն է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության հոդված 64-ն ասում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության հոդված 48-ում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Ինչպես նկատելի է, 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ընդգծված է «միայն» բառը, այսինքն այդ տարվանից հետո է պարտադիր դարձել, որ պատգամավորը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, իսկ մինչ այդ գործող Սահմանադրության մեջ նման պարտադրանք չի եղել: Եվ ահա, ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել եւ երկքաղաքացի եւ պատգամավոր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը