«Հրապարակ» թերթը գրում է.
«2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլեւ վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել եւ համակարգել նրանց աշխատանքը: Այսօր արդեն պարզ է, որ այս կառավարությունում դա սովորական բան է.
Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ. հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարների տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս պարագայում եւս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհետեւ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել:
Այս խմբում ընդգրկված է նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ: Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբում վարչապետի խորհրդականը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը: Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխատել է Կալավանի, ապա՝ ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական եւ մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում «հպարտ» Հայաստանում նշանակվելով վարչապետի խորհրդական։
Ղուկասյանը «ճանաչում» ձեռք բերեց 2020 թ․ դեկտեմբերի 19-ի «Սգո երթից» հետո, երբ տեսանյութերում ճանաչեցին նրան ծեծկռտուքի մասնակիցների մեջ․ Նիկոլ Փաշինյանին մերժող քաղաքացիներից մեկին էին ծեծի ենթարկել։ Թեեւ Ղուկասյանը հետո հերքեց իր մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Սյունիքի աշխատանքային խմբին․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն, վարչապետն իրավասու է կազմակերպելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Ստացվում է՝ Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե օրենքով եւ տրամաբանությամբ, այլ՝ սեփական քմահաճույքով։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը