«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը խնդրել է հրատապ անցկացնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Մասնավորապես, օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, եւ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Այսինքն՝ այս նախագծով իրականում ավելանալու են ԲԴԽ լիազորությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է այսպիսի փոփոխությունների ցանկություն հայտնել, որպեսզի կառույցի լիազորություններն ավելանան: Բանն այն է, որ նա դեռ չի կորցնում իր հույսը ԲԴԽ նախագահ դառնալու եւ այդ պատճառով էլ ցանկանում է այդ կառույցին նոր լիազորություններով օժտել:
Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ առանց նախնական քննարկման, այնինչ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ, այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը