26 04 2024

Նիկոլին պետք է վռնդել իշխանությունից և կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»․ վերլուծական

Նիկոլին պետք է վռնդել իշխանությունից և կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Տավուշում հողերը հանձնելը Նիկոլ Փաշինյանը համարում է «պիլոտային ծրագիր»։ Ասում է՝ երաշխիք չկա, որ դրանից հետո Ադրբեջանը չի հարձակվի, բայց հարձակման ռիսկերը կնվազեն։ Օրուելը գերեզմանում, իհարկե, շուռումուռ է գալիս Նիկոլի խոսքերից հետո, բայց հիմա գրականության ժամ չէ։ Հիմա Հայաստանի ճակատագրի որոշման ժամն է։

Փաստորեն, ի՞նչ է առաջարկում Նիկոլը։ Առաջարկում է Ադրբեջանի ուզածը տալ և հույսով ապրել։ Հույս ունենալ, որ Ալիևը բարեհոգի կգտնվի։ Ալիևն, ի դեպ, իր բարեհոգությունն օրերս ցույց է տվել։ Նա խորացրել է պահանջներն ու նախապայմանները՝ սահմանադրական փոփոխություններից մինչև «Զանգեզուրի միջանցք»։

Նիկոլն Ալիևից ժամանակ է խնդրում, որ դրանք փուլ առ փուլ անի։ Հիմա Տավուշն է, վաղը լինելու է Տիգրանաշենը, հետո միջանցքը, հետո սահմանադրությունը, հետո ադրբեջանցիների վերադարձը Երևան, Մասիս ու այլ բնակավայրեր, հետո Հայաստանի շրջափակումը, հետո․․․

Մի խոսքով, Նիկոլը Հայաստանը հանձնելու «պիլոտային ծրագիր» է իրականացնում, ավելի ճիշտ՝ ցուցահանդես վաճառք։

Նմանատիպ «պիլոտային ծրագիր» նա իրականացրեց Արցախում։ Ասեց՝ նշաձողն իջեցնենք, որ լավ լինի, խաղաղություն լինի, անվտանգություն լինի։

Նիկոլի այդ «պիլոտային ծրագրի» իրականացման արդյունքում Արցախում հիմա հայ չկա։ Արցախն ընկավ։

Հիմա նույնը նա անում է Հայաստանում։ Դա թույլ չտալու համար պետք է համազգային ընդվզում։ Նիկոլին պետք է վռնդել իշխանությունից և կանգնեցնել նրա «պիլոտային ծրագիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ