Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները պահանջում են, որպեսզի Կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Արմավիրի մարզպետարանը պատասխան տան, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է՝ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.
«Մեր համբերության բաժակը լցվել է: Ստիպած ենք դիմում այս ծայրահեղ քայլին: Չգիտենք՝ որ կառույցին դիմենք. ում դիմում ենք մեր ականջներից լապշա են կախում ու հարցը չի լուծվում: Ոռոգման ջրի համար միշտ էլ կանոնավոր վճարումները կատարել ենք, հիմա ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մեր հարցին հստակ պատասխան չտան»:
Այս պահին ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որ ճանապարհը բացեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը