13 01 2020

Ծննդատուն փակողների իշխանությունը․ Top-news.am

Ծննդատուն փակողների իշխանությունը․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Դպրոցին, ծննդատանը չի կարելի մոտենալ բիզնեսի տեսանկյունից: Սա հայտնի ճշմարտություն է եւ լրացուցիչ բացատրության եւ պարզաբանման կարիք չունի: Ավելին, երբեք չի կարելի փակել ծննդատուն կամ դպրոց, եթե անգամ այնտեղ տարին մեկ երեխա է ծնվում կամ սովորում ընդամենը մեկ աշակերտ:

Պետք է ամեն ինչ անել, որ ծննդատանը ծնվի ոչ թե մեկ, այլ հարյուր, դպրոցում սովորի ոչ թե մեկ, այլ հարյուր աշակերտ: Իսկապես տարօրինակ է, որ այս պարզագույն ճշմարտությունը իշխանությունում չեն գիտակցում, չեն հասկանում:

Ուղիղ մեկ տարի առաջ որոշեցին փակել Տավուշի մարզի խոշորագույն գյուղերից մեկի՝ Աչաջրի հիվանդանոցը: Ինչ-ինչ պատճառներով այն չկայացավ, բայց հիմա ուզում են փակել ծննդատունը: Նույն վիճակը Մարալիկում է: Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում փակվելու են շատ այլ հիվանդանոցներ եւ ծննդատներ:

Ցինիզմը խժռել է գործող իշխանություններին: Մի կողմից նրանք փողոց փակելով եկան իշխանության, մյուս կողմից ասում են, թե փողոց փակելով հարց չի լուծվի՝ հանդիմանելով մարալիկցիներին եւ աչաջրեցիներին:

Մի կողմից նրանք ասում են, թե 2050-ին Հայաստանում պետք է հինգ միլիոն մարդ ապրի, մյուս կողմից ծննդատուն են փակում: Մի՞թե այս իշխանությունների հույսը հնդիկներն են:

Երբ նախարարը հայտարարում է, թե 15 կմ հեռու ծննդտաուն կա, ապա նա կամ չի հասկանում, թե ինչ է ասում կամ ծաղրում է ՀՀ քաղաքացիներին: 

Ստացվում է, որ մենք գործ ունենք ծննդատուն փակող, Հայ եկեղեցու պատմությունը դպրոցներից հանող, հայոց լեզուն եւ գրականությունը համալսարաններից հանող իշխանությունների հետ, որոնք հենց այնպես, ժողովրդին զբաղեցնելու համար խոսում են արդարությունից, տնտեսական հեղափոխությունից եւ աննախադեպ զարգացումից, բայց ընդամենը կենցաղային մակարդակի զրիցներ են նախաձեռնում:

Նախորդ «հանցավոր» իշխանությունները Աչաջրում բժշկական նորագույն կենտրոն բացեցին, Մարալիկում ծննդատունը պահեցին, որ հեղափոխականները գան հու հու հա հա անեն եւ այդ ամենը վերացնեն: Տարօրինակ եւ անհասկանալի ժամանակներ են:

Վարդան Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ