16 02 2024

Ռուսաստանն Ադրբեջանից կպահանջի պատժել մեղավորներին. Նիկոլայ Տապորնին. Alpha News

Ռուսաստանն Ադրբեջանից կպահանջի պատժել մեղավորներին. Նիկոլայ Տապորնին. Alpha News

Alpha News-ը գրել է.

Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Նիկոլայ Տոպորնինը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների պղծման նյութերը:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը դիվանագիտական կամ քաղաքական ուղիներով կպարզի, թե ինչ է դրա հետևում կանգնած և կպահանջի պատժել մեղավորներին:

«Կան համապատասխան համաձայնագրեր, որոնք ուղղված են հուշարձանների պահպանմանը, այլ ոչ թե ոչնչացմանը։ Եվ, բնականաբար, Ռուսաստանը միշտ հետևողականորեն ընդունում է այն դիրքորոշումը, որ զինվորներին, Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները ոչ մի դեպքում չեն կարող ոչնչացվել, դրանք պետք է, ընդհակառակը, պահպանվեն և լինեն լավագույն վիճակում: Այդ պատճառով, իհարկե, այս իրադարձությունները չեն կարող աջակցություն առաջացնել Ռուսաստանում, ընդհակառակը, Ռուսաստանը, կարծում եմ, հիմա դիվանագիտական կամ քաղաքական խողովակներով կպարզի, թե ինչ է կանգնած դրա հետևում և, հավանաբար, ադրբեջանական կողմից կպահանջի պատժել մեղավորներին։

Ցավոք, այլ երկրներում էլ մենք տեսնում ենք հուշարձանների ապամոնտաժում, պղծում, և վատ է, որ Ադրբեջանը միանում է այդ երկրների խմբին և պատրվակներ գտնում, որոնցով այդ հուշարձանները ապամոնտաժվում են, մաքրվում և այլն»,- ասել է Տոպորնինը:

Նա նաև նշել է , որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է պատասխանատվություն կրի այդ իրադարձությունների համար։

«Ռուսաստանն, իհարկե, կարող է արտահայտել իր դժգոհությունը, բայց այն Բաքվի վրա ազդելու շատ հնարավորություններ չունի։ Առավել ևս մենք տեսնում ենք, որ Բաքուն որոշակի հեռավորության քաղաքականություն է վարում, և ոչ ոք ուղղակի կապի մեջ չի մտնում Ռուսաստանի հետ։ Մենք տեսնում ենք, որ Բաքուն արդեն վաղուց շեղվում է դեպի Թուրքիա, այն այժմ նրանց գլխավոր ռազմավարական դաշնակիցն է։ Այս փուլում նրանց համար ավելի կարևոր է Անկարան, քան Մոսկվան»,- նշել է քաղաքագետը:

Փորձագետի խոսքով՝ սա ընդհանուր պատմություն է, ընդհանուր հուշարձաններ և բոլոր երկրները պետք է պահպանեն դա։

«Մենք իսկապես մտահոգված ենք, որ նման դեպքեր սկսում են տեղի ունենալ։ Դա բացարձակապես անընդունելի է։ Ադրբեջանը ԽՍՀՄ նախկին Հանրապետությունն է, նրա քաղաքացիները մասնակցել են պատերազմին, շատ մարդիկ են զոհվել, դրանք ընդհանուր հուշարձաններ են: Բոլոր երկրները պետք է պաշտպանեն այդ հուշարձանները, սա ընդհանուր պատմություն է։ Եվ ինչպես կարելի է այստեղ առանձնացնել, ասում են՝ այնտեղ ռուսների արձանն է, իսկ այստեղ՝ ադրբեջանցիների հուշարձանը։ Դա բացարձակապես անհնար է»,- եզրափակել է Տոպորնինը:

Հարցազրույցի տեսանյութն՝ այստեղ:


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ