24 05 2024

Բագրատ սրբազանը հանդիպել է Վեհափառին և սրբազաններին՝ քննարկելու Շարժման օրակարգը

Բագրատ սրբազանը հանդիպել է Վեհափառին և սրբազաններին՝ քննարկելու Շարժման օրակարգը

Այո՛, սպասելիքները շատ մեծ են և մենք մտնում ենք որոշակիացման փուլ, կխոսենք օրակարգի մասին, թե ինչ օրակարգով ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին, մարդիկ կլինեն բեմի վրա, կտեսնեք տարբեր ոլորտներից, ոչ թեկնածուներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիսի 26-ին սպասվող հանրահավաքին։

«Մեծ հագեցած օրակարգ է։ Գիտեք՝ հանդիպել եմ տարբեր խմբերի ու մասնագետների հետ, ահռելի ներուժ կա, ուրախ եմ, որ այդքան դրական արձագանքներ են իրենց կողմից եկել, պատրաստակամություններ, գաղափարներ, հայեցակարգեր, ծրագրեր։ Պարզ է՝ բոլորը չէ, որ կյանքի կոչվելու իրավունք ունեն, բայց ահռելի թվով էլ կան, որոնք նպաստելու են գործին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Սրբազանը պատասխանեց․ «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»։

Ճշտող հարցին՝ հանդիպե՞լ է Վեհափառի հետ, նա արձագանքեց․ «Ես միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են եղել, խոսակցություններ են եղել ամբողջ շարժման տրամաբանության, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»։

Ճշտող հարցին էլ՝ կհաջողվի՞ ի վերջո հեռացել այս իշխանությանը, նա պատասխանեց․ «Միանշանակ, հաջողվելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ