25 05 2024

Ամբողջովին նոր Land Cruiser 250․ Տոյոտան ներկայացրել է նոր ավտոմեքենա



Տոյոտան ներկայացրել է նոր փոխադրամիջոցը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում։

Land Cruiser/Լենդ Քրուզեր 250-ն այս մոդելի վերջին սերունդն է: Այստեղ համադրված են երբևէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ և հարմարավետ երթևեկություն ամենուր:  

«Սա նոր սերնդի Land Cruiser/ Լենդ Քրուզեր   250-նն է՝ բրենդի  նոր մոդելը:  Այն  ամբողջովին վերստեղծվել է՝ վերադարձ դեպի արմատներին հայեցակարգով: Այսպիսով, մենք իսկապես ցանկանում ենք վերադառնալ ակունքներին՝  ԴՆԹ-ին, նրան, ինչը  Land Cruiser –ը դարձնում է Լենդ Քրուզեր:  Մենք բարելավել ենք մեքենայի տեսքը, այն նաև ավելի ամուր է, անվտանգ և առաջարկում է այն ամենն, ինչը պահանջում են վարորդները ժամանակակից մեքենաներից»,- ասում է Տոյոտա Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու Էթիեն Պլասը։

Land Cruiser-ը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես «Toyota BJ»:  Կարճ ժամանակ անց այն ցուցադրում է իր ուժն ու հնարավորությունները՝ դառնալով  Ֆուջի լեռան լանջին գտնվող վեցերորդ կայարան տանող ճանապարհը հաղթահարած առաջին մեքենան:

Ավելի քան 70 տարիների ընթացքում այս բրենդը  ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ:  Այն դարձել է Toyota-ի ամենավաճառվող մոդելներից մեկը. մինչև օրս աշխարհի ավելի քան 170 երկրում 11,3 միլիոն մեքենա է վաճառվել: 

Ավանդույթ՝ համարդրված ժամանակակից լուծումների հետ

Նոր մեքենան նախագծելիս ՝ գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն և թիմակիցները փորձել են պատասխանել այս հիմնական հարցին ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում  Land Cruiser-ը և որն է այս փոխադրամիջոցի հիմնական ասելիքը: Վերջնարդյունքից  գլխավոր ինժեները գոհ է․ «Նոր Լենդ Քրուզեր  250-ով մենք  վերադարձանք արմատներին:  Այս մեքենան շքեղության մասին չէ: Այն հաճախորդի  անվտանգության և ապահով երթևեկության մասին է: Իհարկե, շատ դժվար էր անվտանգության առումով հասնել կատարելության, բայց մենք արեցինք դա: Ահա թե ինչու եմ ես հպարտանում  նոր Տոյոտայով»։

Նոր լուծումները  Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական և ճկուն:  Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում  է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթևեկության ժամանակ:

Արևմտյան Եվրոպայում  նոր Land Cruiser-ը ներկայացվում է 2,8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Այն առանձնանում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով, որը նախատեսված է մեքենա վարելու արդյունավետությունը և վառելիքի խնայողությունը բարձրացնելու համար:  Նոր Land Cruiser-ը այս բրենդի առաջին մոդելն է, որն ունի էլեկտրական ղեկային համակարգ:  Համեմատած հիդրավլիկի հետ՝ սա անգամ ոչ հարթ տարածքներում ապահովում է ղեկի սահուն կառավարում և մանևրելու հնարավորություն՝  ցանկացած արագության դեպքում:


Անվտանգություն  

Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն  էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի  անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը:  Համակարգը կարող է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին:  Մյուս  նորարարությունն  արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն  կանգնեցնում է մեքենան:

Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաև ամբողջական տեսարան:  Դժվար տեղանքում ճշգրիտ մանևրելու համար հնարավոր է դիտել   անվադողերի շարժը, դիրքը , անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ: 

Գլխավոր ինժեների օգնական Մինորու Տակայաման նշում է․ «Մեծ մարտահրավեր էր ստեղծել այս նոր Լենդ քրուզերը, վերադառնալ ակունքներին, և մենք կարողացանք դա անել: Խոսքը  և մեքենայի արտաքին կառուցվածքի և դիզայնի մասին է»:


Հարմարավետություն

Թեև նոր Land Cruiser-ը նախագծված է արտակարգ պայմանների համար, այստեղ նաև  ապահովված են ուղևորասրահի հանգստությունն ու հարմարավետությունը: Աղմուկը գրեթե չի հասնում սրահ: Նախագծողները հասել են կատարելության . օդի ընդունման համակարգին ձայնը կլանող նյութ է ավելացվել,  անիվի երեսպատումներն, անգամ  անվադողերի  նախշերը հաշվարկվել են աղմուկը նվազեցնելու համար: Հատուկ մեխանիզմների շնորհիվ  նաև հնարավորինս սահուն երթևեկություն է ապահովվում:  

Այս ամենն ամբողջացնում են նոր Տոյոտայի գլխավոր հայեցակարգը՝  «այս մեքենան կարող է ձեզ տանել ամենուր և վերադարձնել ապահով ու անվտանգ»:

Տոյոտա Եվրոպայի հանրային կապերի պատասխանատուն, անդրադառնալով հայաստանյան սպառողներին, նշում է․ «Մենք շատ ուրախ ենք ներկայացնել այս մեքենան հատկապես հայ սպառողներին, ես շատ եմ ցանկանում մի օր այցելել ձեր հիասքանչ երկիր: Վստահ եմ ՝ այս մեքենան հրաշալի առաջարկ կլինի հայ գնորդի համար և Հայաստանում այն առանձնահատուկ պահանջարկ կունենա»: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ