15 05 2020

Աշխատավարձերից կամայական պահումնե՞ր են արվում

Աշխատավարձերից կամայական պահումնե՞ր են արվում

ՀՀ Կառավարությունում  COVID 19  ճգնաժամը հաղթահարելու համար ներքին հրահանգ է իջեցվել. պետական աշխատողները ևս պիտի միանան նոր կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ հատկանշական է, որ աշխատավարձերից մասհանում արդեն իսկ արվել է, ընդ որում՝ առանց դրա իրավական հիմքերն ապահովելու:

«Կառավարությունը համապատասխան որոշում չի կայացրել,  պարետը ևս նման որոշում չունի»,- Yerevan․Today-ին վստահեցրին պարետատան լրատվականից՝ միաժամանակ բացառելով, որ պետական օղակներում ծածուկ կարող էր նման գործընթաց կազմակերպվել և պարետատունը դրանից տեղյակ չլիներ: Մինչդեռ պետական համակարգից մեր աղմբյուրը  պնդում է, որ աշխատողները ոչ իրենց կամքով գումարներ են փոխանցում հաշվեհամարին, ըստ որում՝ անկանոն ու ոչ մասսայաբար: Ասում է՝ նախապես է կազմվել պարտադիր նվիրատուների ցանկը՝ հաշվի առնելով նրանց  զբաղեցրած դիրքն ու բարձր վարձատրությունը:

Փաստորեն, գերատեսչություններում մտածված խնայել են ստորին օղակների աշխատուժին, որպեսզի աղմուկ շատ չբարձրանա, իսկ, բարձր դիրք զբաղեցնողները, որպես կանոն, հլու հնազանդ ենթարկվում են ցանկացած տիպի հրահանգի, միայն թե իրենց դեմ չլարեն «շեֆին» ու աշխատանքը կորցնելու վտանգ չառաջանա: Բայց ահա «խոշտանգված» չինովնիկներից էլ երևի եղել է ինֆորմացիոն արտահոսքը, բերան-բերան շրջանառության մեջ է մտել:

Այդուհանդերձ, պարզ չէ՝ ինքնագործունեությո՞ւն է եղել պետական ինչ-ինչ օղակներում, թե՞ ոմն բարձրաստիճան պաշտոնյա հանձնարարական է իջեցրել, ըստ այդմ՝ աշխատակազմերի ղեկավարներն իրենց իրավունք են վերապահել ապօրինաբար հավաքագրել մինչև 35․000 դրամ՝ աշխատավարձերից՝ պահումներ անելով։

Իսկ ինչու է այդ համեստ գումարների կարիքն զգացվել այն դեպքում, երբ ՀՀ Կառավարությունը մինչ օրս պանդեմիան հաղթահարելու համար օգտագործում է պետական ռեսուրսները, զուգահեռաբար բավականին լուրջ գումարների աջակցություն ստացավ՝ բարերարներից, առանձին նախաձեռնություններից, միջազգային կառույցներից հիմնադրամներից ու տարբեր երկրներից: Նկատենք, ՀՀ Կառավարությունը անփութորեն կամ միտումնավոր թաքցնում է կորոնավիրուսի համար իրականացված պետության ծախսերը: Առողջապահության նախարարությունն ու Պարետատունը առայժմ չեն հրապարակայնացնում ոչ միայն պետական բյուջեով COVID 19 շրջանակներում իրականացրած միջոցաումների ծախսերը, YerevanToday-ին հայտնեցին, որ ցանկացած հարցի պատասխան կտրվի, եթե գրավոր հարցում ուղարկվի ԱԳՆ, Առողջապահության նախարարություն և Էկոնոմիկայի նախարարություն:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ