25 05 2024

Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին․ «Փաստ»

Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկն իր հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ «միջոցների», իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ էր իրականացվել: Հասկանալի է, պատճառը ֆինանսական թափանցիկության օրենքն է: Սակայն Կոբախիձեն նշել է, որ Վրաստանին կհաջողվի պահպանել խաղաղություն և ներքին կայունություն, չնայած որոշ վտանգավոր ուժերի ջանքերին: Ի դեպ, Կոբախիձեն, որպես այդպիսին, հերթական անգամ նշում է «Պատերազմի գլոբալ կուսակցության» մասին:

Սրան զուգահեռ երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ դիտարկման» մեկնարկի մասին։ «Պետդեպարտամենտը մեկնարկում է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա: Այսօր ես նաեւ մեկնարկում եմ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ դիտարկումը»,-ասել է Բլինքենը: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ փորձագետների, սա փաստացի նշանակում է, որ Արևմուտքին չի հաջողվել խամաճիկ դարձնել Վրաստանը՝ այն վերածելով անկայունության ու Ռուսաստանի հետ հակամարտության գոտու: Վրաստանի իշխանությունները հետևողական են եղել հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման իրենց գործելաոճին:

Ըստ այդմ, Արևմուտքը ցանկանում է պատժել Վրաստանին, որը չի համաձայնել ավերվել հանուն Արևմուտքի շահերի: Փաստացի, Արևմուտքն արդեն բացահայտ է ի ցույց դնում իր դեմքն ու նպատակները, այն է՝ թքած ունենալ որևէ երկրի շահերի վրա և այդ երկրների նույնիսկ ավերման ճանապարհով իր շահերն առաջ տանել: Որոշ փորձագետներ հիմա տեսակետ են հայտնում, թե չի կարելի բացառել, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը գուցե ոչ միայն Փաշինյանի արկածախնդրության արդյունքն է, այլ նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության: Կան նաև տեսակետներ, որ հենց դրա արդյունքում են անօրինական սահմանազատման գործընթացին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հակառուսական նոր արշավ սկսել: Ի մասնավորի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է խոսել «անվտանգության բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու» ու դրա «հետևանքների» մասին, ապա Նիկոլ Փաշինյանը հանկարծ մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկու երկրի՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մեջ մասնակցության հարցում։ 

Ընդ որում, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում, որ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական ու հակահապկական նոր ակտիվացումը «զուգադիպեց» ԱՄՆ ԿՀՎ–ի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան կատարած այցի հետ: Փաստացի, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են թույլ չտալու իրենց երկրի գաղութացումն ու «ուկրաինացումը», Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին, այդ թվում՝ Արցախը կորցնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի շահերին ստորադասելու ճանապարհով, միայն թե Հայաստանից վերացնեն ռուսական հետքը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ