10 10 2023

Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր

Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր

«ԿԳՄՍ-ից փոխանցած տվյալներով, այսօր ժամը 11-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 11238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում»,-ասուլիսում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնագաղթածներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նա հայտնեց, որ որոշ արցախցիներ դիմում են այնպիսի դպրոցներ, որոնք լիցենզավորված հստակ աշակերտների թվաքանակ ունեն, դրանք լրացված են և վերջիններս ստիպված մերժում են դիմումները և ուղղուրդում այլ դպրոցներ: Բաղդասարյանը խորհուրդ տվեց ըմբռնումով մոտենալ երևույթին, քանի որ այդ դպրոցներում աշակերտների թիվը սահմանափակ է:

Մամուլի քարտուղարն ասաց, որ նույն վիճակն է նաև Երևանի գերծանրաբեռնված մանկապարտեզներում, որտեղ մերժում են ընդունել երեխաներին, և փաստը հետագայում շահարկվում է՝ Արցախից բռնի տեղահանվածներին մերժելու որակավորմամբ:

«Հորդորում ենք միջնաժամկետում դիտարկել նաև բնակեցումը Հայաստանի մարզերում, որտեղ մանկապարտեզներն ավելի հասանելի են, նաև բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:

Նա ընթերցեց նաև ուսուցչական թափուր հաստիքների համալրման այն ցուցանիշները, որոնք ներկայացրել էին մարզերից՝ բացառությամբ Երևանի:

Հայտարարելով, որ ՀՀ բուժհաստատություններում 264 բուժառու է բուժվում՝  Նազելի Բաղդասարյանը խոսքը փոխանցեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:

Վերջինս հայտնեց, որ բուժվող արցախցիներից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր, 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է և բոլորն ստանում են բոլոր տեսակի բուժօգնությունները:

Փոխնախրարը հիշեցրեց, որ մի քանի պացիենտներ բուժումը շարունակում են արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Բուլղարիայում և այդ երկրների թվին կավելանա նաև Իսպանիան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ