30 01 2024

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը

Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրել է

«Դատարանը մերժեց Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։ Կիրառվեց հայցային վաղեմություն։ Իրավունքից պետք է օգտվել բարեխղճորեն և չչարաշահել այն»։

Ավելի վաղ Նաիրի Հոխիկյանը ևս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր հարցին:

«2023թ. սեպտեմբերի 19-ից սկսված ծանր օրերին, երբ Ադրբեջանը ահաբեկչական հարձակման էր ենթարկել մեր Արցախը, երբ 120 հազար հայեր բռնի տեղահանվում էին իրենց ծննդավայրից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղված էր Նաիրի Հոխիկյանի դեմ դատական հայց սարքելով։

Այդ ողբերգական օրերին ես Գորիսում էի ու ընկերներիս հետ զօրուգիշեր զբաղված էի փախստական դարձած մեր քույրերի ու եղբայրների առաջնային խնդիրները լուծելով, ժամանակավոր կացարան, սնունդ ու հագուստ գտնելով։ Մի խոսքով, այն ամենով, ինչով պարտավոր էր զբաղվել երկրի իշխանությունը։

Եվ ինձ համար ամենևին կարևոր չէր, թե ոմն Ալեն Սիմոնյան այդ ծանր օրերին ինձ դատի է տվել ու 1 մլն դրամ փող է ուզում։ Գորիսից վերադառնալուց հետո նույնիսկ ուզում էի դիմել դատավորին' հրաժարվելով մասնակցել դատական նիստերին, քանի որ եղած փորձով արդեն իսկ խորը անվստահություն կա արդարադատության նկատմամբ։

Ի վերջո, ի՞նչ արդարադատություն կարող է լինել, երբ նախարարը և բարձրագույն դատական խորհրդի նախագահը անթաքույց կերպով խառնվում են դատավորի որոշումների մեջ։

Եվ միայն Փաստաբան Լուսինե Վիրաբյանը պնդեց, որ պետք է պայքարել նույնիսկ քայքայված արդարադատության պայմաններում, պետք է կռիվ տալ անգամ ԱԺ նախագահի դեմ ու ձգտել հաղթանակի։ Այնպիսի հաղթանակի, որը ստիպված կլինեն ընդունել իշխանությունները։ Դատական գործը շարունակվում է դեկտեմբերի 20-ից։ Հունվարի 29-ին դատավորը պետք է որոշում կայացնի փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Փաստաբանի բերած ապացույցները և հիմքերը այնքան ամուր են, որ յուրաքանչյուր արհեստավարժ դատավոր պետք է դրանց բավարարման ընթացք տա։ Տեսնենք»,- գրել էր Հոխիկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ