07 02 2022

Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել ՀՀ-ում. Հետք

Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել ՀՀ-ում. Հետք

Hetq.am-ը գրում է.

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել Հայաստանի դատարաններում: Այս մասին փաստում է court.am կայքում և «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա վիճակագրությունը:

Դատավոր Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, տվյալ դեպքում դատավոր Բախշիյանին վերագրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու արարք:

Court.am կայքում յուրաքանչյուր տարի հրապարակվում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ի դատարաններում քննված քրեական գործերի վերաբերյալ վիճակագրություն: Այս վիճակագրության մեջ առկա է նաև տեղեկատվություն, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով որքա՞ն գործ է քննվել դատարաններում: Court.am-ում առկա են մինչև 2015 թվականին քննված գործերի վերաբերյալ տվյալները, ըստ որոնց՝ 2015-ից մինչև 2021-ը ներառյալ ոչ միայն Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով որևէ դատավճիռ առկա չէ, այլ առհասարակ որևէ գործ Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկել դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը ներդրվել է 2008  թվականից, առկա են տվյալներ նաև 2008-ից մինչև 2015-ը դատարաններում քննված գործերի վերաբերյալ: Համակարգում նույնպես Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով գործեր չգտնվեցին: Այսինքն՝ կարելի է փաստել,  որ առնվազն վերջին 13 տարում՝ 2008-ից մինչև 2021-ը ՀՀ դատարաններում չեն քննվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով քրեական գործեր:

 Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր բավարարել է Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավորն, ում վարույթում 100-ից ավելի գործ կա, արգելանքի է վերցվել հենց նիստերի դահլիճից:

 Իրավական հանրությունը Բախշիյանի գործով լուրջ մտահոգություն է հայտնել: Փաստաբանները վստահ են, որ դատավորի նկատմամբ տեղի ունեցած գործընթացները կապված են նրա վարույթում քննվող գործերի հետ, որոնք, այժմ պետք է մակագրվեն այլ դատավորի: Բախշիյանի վարույթում քննվում էին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, «Աշոտ Երկաթ» մականունով հայտնի Աշոտ Մինասյանի գործերը: Վերջինիս ազատ արձակելուց հինգ օր անց Դատախազությունը նախաձեռնել է դատավորին քրեական հետապնդման ենթարկելու և նրան ազատությունից զրկելու գործընթացը:

 Դատավորին մեղադրում են Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու մեջ: Սա այն դեպքում, երբ Դատախազությունն անձին կալանավորելու որոշումը չի բողոքարկել, իսկ այդ անձը՝ Նվեր Մկրտչյանը ետ է վերցրել ներկայացված վերաքննիչ բողոքը:

 Հատկանշական է, որ այն նիստին, որ Մկրտչյանը չի ներկայացել, վերջինիս պաշտպանը՝ Յուրա Ավայանը գրություն է ուղարկել դատարան ու հայտնել, որ ինքը ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանն առանց իրեն չի ցանկանում ներկայանալ: Այս պայմաններում դատավորը երկու որոշում կարող էր կայացնել՝ անձին բերման ենթարկելը կամ նրա խափանման միջոցը խստացնելը, և Բախշիյանը նպատակահարմար է գտել երկրորդ տարբերակին դիմել, սակայն երկու շաբաթ անց, Մկրտչյանին լսելուց հետո, ազատ է արձակել: Նշենք, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Մկրտչյանը դիմում է ուղարկել Դատախազություն ու խնդրել իր պաշտպանին պատասխանատվության ենթարկել, քանի որ վերջինիս հորդորով ինքը չի ներկայացել դատական նիստին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ