06 04 2022

Ընդդիմությունը երեկվա հանրահավաքով պայքարի նոր փուլ է սկսում․ Ագնեսա Խամոյան․ News.am



Երևանի Ազատության հրապարակում երեկ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը նվիրված էր Հայաստանին և Արցախին, Արցախը պահելուն, իսկ ընդունված հայտարարությամբ գծվեցին այն կարմիր գծերը, որոնք որևէ իշխանություն իրավունք չունի անցնել, իսկ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը երեկ նախաձեռնած հանրահավաքով պայքարի նոր փուլ է սկսում։

«Երեկ հանրահավաքի եկած ցանկացած քաղաքացի իր ներկայությամբ ցույց տվեց, որ մանդատ չի տալիս Նիկոլ Փաշինյանին՝ գնալու նոր զիջումների և ամեն կերպ այդ զիջումները հիմնավորելու ․․․ Երեկվա քաղաքացին, որը եկել էր Ազատության հրապարակ, իր քայլով ցույց տվեց, որ ինքը տեր է Արցախին, տեր է Հայաստանին և այն բոլոր իղձերին, որոնք տասնամյակներով հայ ժողովուրդը սահմանել է իր համար և որոնցով ապրել է»,– ասաց նա։

Պատգամավորը նաև նշեց, որ երեկվա հանրահավաքի ժամանակ իր համար ոգևորիչ է եղել այն վճռականությունը, որ տեսել է մասնակիցների աչքերում։ «Որովհետև նոյեմբերի 9-ից հետո, թույլ տվեք ասել, որ ավելի անկումային տրամադրություններ են, ավելի կոտրված, հիասթափված  վիճակ էր»,– նշեց նա՝ հավելելով, որ բոլորը վճռական են տրամադրված երեկ տրված մեկնարկը հասնցելու իր անմիջական հաղթական ավարտին։

«Մենք վստահ համառ ենք լինելու, վստահ միասնական ենք լինելու։ Գուցե, այո՛, երկար կարող է տևել պայքարը և մեր պատկերացրած տեմպերով չլինի, ինչպես մեր շատ քաղաքացիներն են պատկերացնում»,– ասաց նա՝ նշելով, թե երեկ նկատել է, որ հանրահավաքի մասնակիցներից շատերի մոտ դեռ կա այն պարզ միամտությունը, որ եթե հանրահավաքից հետո գնան և շրջապատեն կառավարության շենքը, ապա Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

«Նիկոլ Փաշինյանը հեշտ հրաժարական չի տալու։ Ավելին, նա պատրաստ է, և մենք տեսնում ենք գործնականում, որ բոլորի հետ համագործակցում է իր իշխանությունը պահելու համար»,– ասաց Ագնեսա Խամոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ